30 տարի անց «Քամին ունայնության» ֆիլմը վերադարձավ կինոյի տուն

30 տարի անց «Քամին ունայնության» ֆիլմը վերադարձավ կինոյի տուն

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, Aravot.am: «Վերադարձ դեպի կինոյի տուն»խորագիրը կրող նախագծի շրջանակներում Կինոյի տանը ցուցադրվեց ՀՀ ժողովրդական արտիստ, կինռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Քամին ունայնության» երեսունամյա ֆիլմը։

Ֆիլմի ցուցադրությանը, բացի ռեժիսորից, ներկա էին նաև ստեղծագործական խմբի մյուս անդամները՝ օպերատոր Վրեժ Պետրոսյանը, սցենարի հեղինակ Միքայել Ստամբոլցյանը։

98 րոպե տևողությամբ ֆիլմը նկարահանվել է ընդամենը մեկ տարում։

«Որքան արագ խոսում եմ, այնքան արագ գործում եմ»,- կատակեց ռեժիսորը։

Ներկաների խոսքով` «Քամին ունայնությանը» այն եզակի ֆիլմերից է, որը չի կորցնում իր արդիականությունը. պատճառը պանդխտության թեման է։ «Սեփական երկրից դուրս կյանքը չպատկերացնողից մինչև պանդխտության մեջ կարոտով ապրող և հայրենիքը ատող կերպարների համակցումը ֆիլմն իր տեսակի մեջ եզակի է դարձնում»,-նկատեց ներկաներից մեկը։

Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի հերոսների հանդեպ տածած սերը չորսից հինգ նոր ֆիլմերի սկիզբ դարձավ։ 35 տարում նկարահանված ֆիլմերի նպատակը հերոսներին առանձին դիտարկելն ու բացահայտելն էր.

«Այն ժամանակ հստակ տարանջատվում էին ֆիլմերի ընդունելի և անընդունելի ֆորմատները, այս ֆիլմը նորույթ էր. վավերագրական և գեղարվեստական ժանրերի միաձուլումը խորթ էր այն ժամանակների համար»,-ասաց Խաչատրյանը։

Ռեժիսորն անկեղծանում է` ֆիլմի մասին քննադատություններ շատ են հնչել. «Ասում էին, որ ֆիլմը խայտառակություն է, նույնիսկ նամակ էի ստացել որտեղ ասվում էր, որ այն խայտառակում է հայ ազգը։ Հերոսներին պիտակավորում էին որպես «պատի տակ նստած բորենիների»։

Այդ քննադատությունների պատճառով ֆիլմը ժամանակին չի մասնակցել կինոփառատոնների. «Հետագայում այն ճանաչում և ընդունում ձեռք բերեց Եվրոպայումե,- ասաց Հարություն Խաչատրյանը։ Այդ դեպքերը հիշելիս ռեժիսորը կատակեց. «Եթե թույլ լինեինք, այստեղ նստած չէինք լինի։ Խայտառակություն չի կարող լինել այն, ինչ ճշմարիտ է»։

Ներկաներից մեկի հարցին ի պատասխան, թե ի՞նչ կփոխեր ռեժիսորը ֆիլմում, եթե այն այսօր նկարահաներ, Հարություն Խաչատրյանն ասաց, որ ոչինչ չէր փոխի` պարզաբանելով, որ «փոփոխություններն ավելի մեծ անհանգստություն են բերում»:

Էլինա ԱՍԱՏՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում