USD
EUR
RUB

Ինչո՞ւ Իրանում հետաքրքրվեցին «Բանկ Օտոմանով»

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, Aravot.am: Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» վեպը թարգմանվել է պարսկերեն: Այդ առիթով «Առավոտը» զրուցեց հեղինակի հետ

- Նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ այս հաճելի եւ անակնկալ նորության համար եւ հարցնել, թե ինչպե՞ս եղավ, որ Իրանում հետաքրքրվեցին հատկապես այդ վեպով:

- Ինձ համար դա անակնկալ չէր, ես գիտեի, որ վեպը թարգմանվում է պարսկերեն, իսկ թե ինչպես եւ ինչու «Բանկ Օտոմանով» հետաքրքրվեցին, ապա, ինչպես ասեմ, գուցե տարօրինակ թվա, բայց «մեղավորը» փաստորեն Վահե Քաչան է, ըստ որում` կրկնակի «մեղավորը»:

- Կներեք, բայց Վահե Քաչան ավելի քան տասնվեց տարի է, ինչ արդեն…

- Այո, իսկապես, բայց պատմությունն սկսվեց դրանից շատ առաջ, երբ 1981թ. Փարիզում պատիվ ունեցա Վահե Քաչային հանդիպել եւ նրանից ստանալ բառացիորեն նոր լույս տեսած «Մի դաշույն այս պարտեզում» վեպի ընծայագրված օրինակը: Ես խոստացա հեղինակին, որ մեկ տարի հետո այդ ծավալուն վեպը թարգմանված կլինի հայերեն: Խոստումս կատարեցի ժամանակին, եւ երբ 1984թ. ամռանը նորից հանդիպեցինք Փարիզում, եւ երկար զրուցում էինք վեպի մասին, ես նրա ուշադրությունը հրավիրեցի «Բանկ Օտոման» գործողությանը նվիրված ծավալուն դրվագին, որը կարծես առանձին վիպակ լիներ վեպի մեջ, ավելի ճիշտ, մի լարված ու հետաքրքիր վեպի սեղմագիր:

- Հավանաբար այդ դրվագը Ձեզ ներշնչեց:

- Ոչ այնքան ներշնչեց, որքան պարտավորեցրեց: Մենք երկար խոսեցինք այդ մասին: Հիշում եմ, նրան խորհուրդ տվեցի անպայման ընդարձակել եւ առանձին վեպ դարձնել: Ես նրան ներկայացնում էի, թե, իմ կարծիքով, ինչպես կարելի է ընդարձակել այդ գլուխը` նոր պերսոնաժներ մտցնել, զուգահեռ գործողություններ ծավալել բանկից դուրս, վերջապես, Աբդուլ Համիդին «ներմուծել» վիպական տարածք` իր դիվական կերպարով: Վահե Քաչան ուշադիր լսելուց հետո ասաց. «Դու արդեն նոր վեպ պատմեցիր, դա քո տեսած վեպն է, նստիր՝ ինքդ գրիր»:

- Այսպիսով, եթե ճիշտ հասկացա, դա դարձավ Վահե Քաչայի առաջին «մեղքը», եւ դուք էլ, Ձեր հերթին, «մեղսագործեցիք»` 2008թ. տպագրելով Ձե՛ր «Բանկ Օտոմանը»: Իսկ երկրորդ «մեղքը» նա ինչպե՞ս գործեց, երբ արդեն իսպառ բացակա էր:

- Երկրորդ «մեղքը» նա գործեց արդեն իր վեպով: 2016թ. աշնանն էր: Ինձ զանգեցին եւ ասացին, որ մի պարսիկ թարգմանիչ է եկել Երեւան` դոկտոր Գավամեդդին Ռազավիզադեհ, եւ շատ է ուզում ինձ տեսնել: Մենք հանդիպեցինք Ե. Չարենցի տուն-թանգարանում, ծանոթացանք, խոսեցինք երկար, նա ինձ նվիրեց Վ. Քաչայի «Մի դաշույն այս պարտեզում» վեպի` պարսկերեն թարգմանությունը, ջերմ ընծայագրով եւ ցանկություն հայտնեց ունենալ «Բանկ Օտոմանի» ֆրանսերեն եւ ռուսերեն հրատարակությունները: Նա մոտիկ է Թեհրանի հայկական գրական շրջանակներին: Հենց այնտեղ էին խորհուրդ տվել Երեւանում անպայման հանդիպել ինձ եւ ծանոթանալ իմ վեպին: Որքան հասկացա, նա մտադիր էր շարունակել Հայոց ցեղասպանությունը ներկայացնող գրականության թարգմանությունը: Իսկ համիդյան ջարդերը եւ դրանց պատճառ դարձրած Օսմանյան բանկի գրավումը հենց այդ Ցեղասպանության փաստացի սկիզբն էին:

- Իսկ ինչո՞ւ ֆրանսերեն եւ ռուսերեն, այլ ոչ թե հայերեն:

- Որովհետեւ պարոն Ռազավիզադեհը թարգմանում է այդ լեզուներից: Նրա շնորհիվ ռուս դասականների մի շարք գործեր են լույս տեսել պարսկերեն:

- Իսկ Ձեզ չի՞ մտահոգում, որ երկրորդ լեզվից թարգմանելիս, սովորաբար, ինչ-ինչ կորուստներ են լինում:

- Սա այդ դեպքը չէ: «Բանկ Օտոմանը» ռուսերեն թարգմանեց Անահիտ Թոփչյանը` իմ մշտական ներկայությամբ: Ասել է, թե դա հեղինակազորված թարգմանություն է: Ավելին, աշխատանքի ընթացքում վեպը փաստորեն վերախմբագրվեց, մի շարք կարեւոր ճշտումներ, որոշ կրճատումներ արվեցին, որոնց շնորհիվ տեքստն ավելի աշխույժ դարձավ:

- Այսպիսով, Ձեր վեպը «խոսեց» չորրորդ լեզվով` ռումիներեն, ֆրանսերեն, ռուսերեն եւ հիմա պարսկերեն: Հնարավո՞ր է արդյոք, որ առաջիկայում մի նոր թարգմանություն լինի:

- Կա այդ թարգմանությունը, հինգերո՛րդը, որը մի քանի ամիս հետո, ամենայն հավանականությամբ, լույս կտեսնի:

- Տա՛ Աստված, որ օտարները շարունակեն թարգմանել Ձեր վեպը, բայց ինձ ուրիշ բան է հետաքրքրում: «Բանկ Օտոմանը» կարդացվում է լարված հետաքրքրությամբ, գրեթե մի շնչով, ասես պատրաստի կինոսցենար լինի, արդեն տասը տարի է՝ լույս է տեսել, այդ ընթացքում հայ կինոբեմադրիչները չե՞ն հետաքրքրվել, որեւէ մեկը ձեզ չի՞ դիմել կամ դուք չե՞ք առաջարկել… Չէ՞ որ դա հրաշալի նյութ է քաղաքական լուրջ թրիլեր նկարելու:

- Լույս տեսնելուն պես, գրքի օրինակը տվել եմ մեր Կինոկենտրոնին, սակայն նրանց կողմից ոչ մի անդրադարձ չեղավ, չգիտեմ` գոնե կարդացի՞ն… Եվ հետո, այս սերիալային համատարած ագրեսիայի օրերին ո՞ւմ կարող է հետաքրքրել նման վեպը: Իսկ եթե հանկարծ որոշվի վեպը ֆիլմի վերածել, ապա նման ձեռնարկումը թանկ չի նստի, քանի որ իննսուն տոկոսը պավիլյոնային նկարահանումներ են լինելու:

- Մեր վերջին, ավանդական հարցը ստեղծագործական մոտակա ծրագրերի վերաբերյալ, հոբելյանական բնույթ ունի: Մեզ հասած տեղեկություններով, այս տարի սեպտեմբերին լրանում է Ձեր ծննդյան 80 եւ գրական գործունեության 60-ամյակները: Ի՞նչ նոր գործերով եք պատրաստվում նշել այդ զույգ տարեդարձը:

- Երեք նոր գրքով, որոնցից հատկապես մեկն է ինձ համար շատ կարեւոր` «Չարիքի զավակները» վերնագրով, պատմվածքների ծավալուն մի ժողովածու, գործեր, որոնց մի մասը գրվել է շատ տարիներ առաջ, բայց ինչ-որ չափով կարծես վերջընթաց իրադարձությունների կանխատեսումը լինեն: Հուսամ՝ ընթերցողները «ըմբռնումով» կգնահատեն դրանք:

Զրույցը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Լրահոս
Թումանյանի հետքերով Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արտավազդ Փելեշյանին Հովհաննես Թումանյան. «Դեցիմ Լաբերիոս» Կանչ Խորհրդավոր ընթրիքի պատկերագրությունն ու խորհուրդը Արկօղդ զլոյս Amazon-ում կտրուկ աճել է «Նոտղը Դամ դը Պաղի» մյուզիքլի վաճառքը Հայկական կինոյի «Անահիտները» Ավագ չորեքշաբթի Որ յաթոռ փառաց Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամներին «Տանգոն հզոր պար է, այն հանում է մեջդ եղած տխրությունը» «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» Գութաներգ. Ձիգ տու, քաշի․ Կոմիտաս Հովհաննես Թումանյան․ Պանդուխտ եմ քույրիկ Հելեն Սեգարան անհամբեր սպասում է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին Որ սքանչելիդ ես Վահագն Հայրապետյան. «Մի գիժ բան է սպասվում» Հաղորդման հյուրն է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Լավագույն դաշնակահարներից մեկը՝ Ալեքսանդր Ռոմանովսկին, ելույթ կունենա Երևանում Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի գործերը կփոխանցվեն Լուվրին Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին, Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն Որ Արարիչդ ես Կոմիտաս․ Քնարերգություն Հովհաննես Թումանյան․ Օ՛, լո՛ւռ կաց, ընկե՛ր․․․ Ախալցխայում նշվել է Վահրամ Գայֆեճանի 140 ամյակը Ավագ եկուշաբթի Ապրիլի 15-ին կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին Ավագ շաբաթ ՀՊԿՆ-ի հետ ելույթ կունենա «Գինեսի» ռեկորդակիր ջութակահար Նիկոլայ Մադոյանը Ծաղկազարդ (Տիրոջ մուտքը Երուսաղեմ) «Յուրաքանչյուր մարդ եզակի է որպես սուբստանցիա, հնարավոր չէ նրան փոխարինել» Ֆրանսիացի գեղանկարիչ Նիկոլա դե Լարժիլյեի կտավը նվիրաբերվել է Մայր Աթոռին Աղասի Այվազյան․ Օրհաս Հովհաննես Թումանյան․ Սովի ժամանակից «Երիտասարդ արտիստների համերգաշար» նախագծում հանդես կգա ջութակահարուհի Դիանա Ադամյանը Պավարոտիի մասին նոր ֆիլմ Լեգենդար The Swingles-ը կմասնակցի «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի հոբելյանական համերգին Մարդ ե՞ն, թե՞ մարդ չեն
website by Sargssyan