«Կյանքն առաջ է շարժվում, իսկ մենք մնացել ենք նախորդ դարի 80-ականներում». Ռուբեն Բաբայան

«Կյանքն առաջ է շարժվում, իսկ մենք մնացել ենք նախորդ դարի 80-ականներում». Ռուբեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Aravot.am: «Տիկնիկային թատրոնն երեք նոր ներկայացում է ծրագրում»,- այս մասին այսօր՝ թատրոնի միջազգային օրը, լրագրողների հետ զրույցում ասաց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։ Խոսելով թատրոնի վերջին տարիներին գրանցած հաջողություններից՝ նա նշեց, որ երկու շաբաթից մեկնելու են Լեհաստան, իսկ հունիսին Տաթևիկ Մելքումյանի «Я здесь» ներկայացումը Մոսկվայում մասնակցելու է Չեխով-ֆեստին։

Ըստ Ռուբեն Բաբայանի՝ Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը, իմ ճամպրուկի մեջ է» ներկայացումը, որը Սանկտ Պետերբուրգի հեղինակավոր փառատոնում արժանացել է պատվավոր առաջին մրցանակին, մերօրյա լավագույն ներկայացումներից մեկն է։ Նա նաև նշեց, որ այդ ներկայացումը նախանցյալ տարի առաջադրվել է պետական մրցանակի, որին չի արժանացել. «Երևանից Երևան ամենակարճ ճանապարհն անցնում է Մոսկվայով։ Մենք սովոր չենք գնահատել այն մեծ արժեքներն, որոնք ունենք, քանի դրանք չեն գնահատվում դրսում»։

Խոսելով ներկայացման առանձնահատկություններից՝ նշեց. «Ներկայացման գործողությունները տեղի են ունենում Ղարաբաղյան պատերազմի ժամանակաշրջանում։ Այդ թեման, լինելով այդքան ազգային, կարողացել է հասկացվել այլ ժողովուրդների կողմից»։ Պատճառը, ըստ ռեժիսորի, մարդուն որպես ամենամեծ արժեք ներկայացնելու գաղափարն է։

Անդրադառնալով թատրոնի խնդիրներին՝ պարոն Բաբայանն ասաց. «Ժամանակը գնահատելը շատ կարևոր է։ Մենք ուշանում ենք ոչ միայն ասուլիսից, ներկայացումից, այլև կյանքից։ Մոտ երեսուն տարի թատերական աշխարհում բարեփոխումներ չեն եղել, աշխատանքի մեխանիզմ չի փոխվել։ Կյանքն առաջ է շարժվում, իսկ մենք մնացել ենք նախորդ դարի 80-ականներում»։ 

Նշեց, որ թատրոնի մասին խոսելիս յուրաքանչյուր կառավարություն պիտի մտածի ոչ միայն այն պահպանելու, այլև զարգացնելու մասին». «Չկա որևէ երկիր, որտեղ չգործի հովանավորչության մասին օրենք. այն օգնում է միացնել հանրությունն ու մշակույթը։ Մրցակցության մեջ մտնելով այլ երկրների հետ՝ հաղթում է նա, ով ունի ոչ թե գազ ու նավթ, այլ որակ»։

Թատրոնի հաշիվները գանձապետարան փոխանցելու հարցին էլ անդրադարձ եղավ. «Մշակույթի նախարարությունը վաղուց ֆինանսների նախարարություն է դարձել։ Երբ աշխատանքդ գնահատվում է ոչ թե արդյունքով, այլ ֆինանսական ռեսուրսների օգտագործման գնահատմամբ, որակի մասին խոսք լինել չի կարող…Ոչ մի տեխնիկա չի կարող փոխարինել մարդկային շփմանը. թատրոնն ունի հանդիսատեսի կարիք, հանդիսատեսը՝ ջերմության, որն ամենալավ հեռուստացույցը տալ չի կարող»։

Էլինա ԱՍԱՏՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում