«Չարին չարով մի հատուցեք, այլ բարիով հաղթեք չարին»

«Չարին չարով մի հատուցեք, այլ բարիով հաղթեք չարին»

«Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև ա՛յդ իսկ են Օրենքն ու մարգարեները» (Մատթ. 7;12)։

Ոսկե օրենքը մեզ հրահանգում է մեզ նմանի հետ վարվել այնպես, ինչպես կուզենայինք, որ մեզ հետ վարվեն ընդհանրապես:

Այսինքն մենք պետք է «ավանսով» մարդկային լինենք, ոչ թե սպասենք օրինակի կամ նախադեպի: Որովհետև, եթե մենք արժանի կերպով չվարվենք մարդկանց հետ, ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի մարդ` ծանոթ կամ անծանոթ, «ստիպված կլինի ձեռք բերել» մեզ արժանին հատուցելու համար անհրաժեշտ որակներ: Հասկանու՞մ ենք ողջ ողբերգությունը: Մեզնից յուրաքանչուրից պահանջվում են ջանքեր և քաջություն` դուրս գալու մեղքի կախարդված շրջանից: Պատվիրանապահության գործում մեր ապիկարությունը մեր ինքնարդարացման թուլության ֆոնին գծագրում է Աստծո անզորության ուրվապատկերը` որպես մեր անձնագրի նկար: Եվ մարդիկ մեր ներկայացմամբ տեսնում են ոչ թե Ամենազոր Կատարյալին, այլ Նրա` հնարավորինս անհաջող նմանակումը: Մի քայլ առաջ ենք շարժվում, երկու քայլ` ընկրկում. թող ուրիշն անի, թող նա սկսի, իսկ եթե ինձ շահագործե՞ն: Վախեր, կասկածներ, տարակուսանք, ափսոսանք, մարմնավոր մտածողություն և հոգևոր սխրանքի տրամադրվածության իսպառ բացակայություն. «Մի՛ վախեցեք. Ես հաղթեցի աշխարհին»:

Եթե վախենում ենք, ուրեմն չենք հավատում, իսկ վախկոտների և անհավատների վախճանը կրակե լճի մեջ է: Իսկապես էլ` ամենահեշտ գործը չէ հավատալը, այլ սխրանք. սեփական չնչինության ու անկարևորության համոզմունքի կամ սեփական ամենազորության պատրանքի հանդեպ վստահության կաշկանդող կապերը խզելու վճռականություն: Հավատը մեծահոգության հաղթանակն է փոքրոգության դեմ: Դեռևս մարդկության մանկության ժամանակ եղբայրասպան Կայենին Աստված հայրաբար հորդորում, խրախուսում, գոտեպնդում է` ասելով. «Հանգի՛ստ եղիր, դու կարող ես մեղքից ազատվել, դու ի վիճակի ես այն հաղթահարելու» (Ծննդ. 4;7), իսկ այժմ, երբ ունենք Շնորհը, որքան առավել և ամենակարող է մեր կամքը` հաղթահարելու սեփական եսի կաշկանդումները և հաղթելու մեղքին: Մեղքին մենք կարող ենք հաղթել պատվիրանապահությամբ` Աստծո պատվիրանների հանդեպ հնազանդությամբ: Անհնազանդությունը մեղք է, իսկ մեղքը` անօրինություն: Այսինքն, որևէ գործողություն ինքնին մեղք չէ, այլ միայն որպես Աստծո պատվիրանի և սեփական խղճի դեմ գործված զանցանք: Եթե օրենքը չի արգելում (արգելող օրենք չկա), իսկ խիղճը չի դատապարտում (բավարար հոգևոր գիտակցություն չկա), արարքը, որը այլ պայմաններում կարող էր դիտվել և գնահատվել որպես մեղք, որպես այդպիսին չի դիտվում: Սակայն Ավետարանի լույսի տակ ամեն բան պարզորոշ է և հստակ: Ոսկե օրենքը պարզեցնում է մեր առաջադրանքը` մեզ ազատելով նաև առանձին պատվիրաններ հիշելու պարտավորությունից. տուր մարդկանց այն, ինչ կուզեիր ստանալ նրանցից: Սակայն պարզ է և այն, որ մեզ այդ օրենքով չի արտոնվում մարդկանց հանդեպ մարդկային լինել որևէ ակնկալիքի դիմաց, այլ պարզապես հաստատում է մեզ մեր սեփական մարդկային կերպի ու նկարագրի մեջ: Մարդ լինելու դիմաց ինչ-որ ակնկալիք ունենալը, փոխադարձաբար մարդկային վերաբերմունք պահանջելը ուրիշ մարդկանցից անհեթեթ է ու նվաստացուցիչ: Մեր մարդկային նկարագիրը չպետք է պայմանավորված լինի մեր հանդեպ ունեցած այլոց վերաբերմունքով: Մենք պետք է դառնանք բացառումը, ժխտումը, հերքումը, մերժումը այն ամենի, ինչ դատապարտում ենք ուրիշների մեջ. «Չարին չարով մի հատուցեք, այլ բարիով հաղթեք չարին»: Սակայն, որպես կանոն, մենք ճիշտ հակառակն ենք անում` սրտնեղելով կամ չարախնդալով. «Ես նրան դեռ ցույց կտամ, ինքը ո՞վ եղավ, որ…»: Մի թյուրըմբռնում էլ է տարածված մարդկանց մեջ, որոնք անակնկալի են գալիս, երբ իրենց բարերարությունից օգտված մարդիկ ապերախտ են գտնվում իրենց հանդեպ: Այդ քրիստոնյաները թերևս, չգիտեն, որ «հատուցումը» տեղի է ունենում ո՛չ թե մարդ-մարդ, այլ մարդ-Աստված-մարդ սխեմայով:

Նրանք մոռանում են նաև, թե ինչպես հատուցեց Բեթհեզդայի ավազանի մոտ բուժված անդամալույծը մեր Տիրոջը` իր և ողջ մարդկության Բարերարին (ըստ Սրբազան ավանդության, նա մեկն էր նրանցից, ովքեր թքում էին Նրա երեսին, ապտակում և ասում. «Քրիստո՛ս, իմացիր` ո՞վ է Քեզ խփողը» (Հովհ. 5; 1-15, Մատթ. 26;67-68): Քրիստոս ոչ մեկին երբևէ որևէ վատություն չէր արել, բայց մենք` մեղավորներս, պետք է հիշենք, որ եթե անգամ մեր հանդեպ երախտամոռ են գտնվել, ուրեմն մենք ևս այդպես ենք վարվել ինչ-որ մեկի հետ, ոչ պարտադիր կերպով հենց այդ մարդու, պարզապես մեզ հարմար չէ այդ մասին մտաբերելը: Եթե մարդկային չենք անխտիր բոլորի հանդեպ, ինչո՞վ է պատճառաբանված մեր գոյությունը, և եթե անշնորհակալ ենք ուրիշի երախտիքի հանդեպ, ինչո՞վ է արժևորված մեր մարդկայնությունը: Ահա այդպիսին է Ոսկե օրենքը. իսկական լակմուս խղճի համար:

Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (Երեցկին, Գորիս)

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում