«Ծաղիկն ինձ համար գունապնակ է». Ալվինա Աբելյան-Բարխուդարովա

«Ծաղիկն ինձ համար գունապնակ է». Ալվինա Աբելյան-Բարխուդարովա

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Aravot.am: Սարգիս Մուրադյան պատկերասրահում կայացավ Ալվինա Աբելյան-Բարխուդարովայի «Երբ միահյուսվում են ծաղկաթերթիկներն ու գեղանկարչությունը» խորագրով ցուցահանդեսը: Այն յուրահատուկ էր նրանով, որ արվեստագետը վրձինը փոխարինել էր չորացրած ծաղիկներով, որոնք էլ ավելի էին ընդգծում նկարների յուրահատկությունը:

«Ծաղիկն ինձ համար գունապնակ է, թերթիկները` ներկերին փոխարինող վրձնահարվածներ: Բնական գունապնակը անսահման է և կենդանի, եթե հմտորեն օգտագործես, այն պատասխանում է երախտապարտ ներդաշնակությամբ»,- իր խոսքում նշեց Ալվինա Աբելյան-Բարխուդարովան:

 

Նկարներում ծաղկաթերթերի միմյանց վրա դասավորությունը ստեղծում էր նկարի կենդանության պատկերը: Բոլոր աշխատանքներն էլ ունեին իրենց առանձնահատկություններն ու գունային ներդաշնակությունը: Ցուցահանդեսում գերակշռում էին աշնանային տեսարանները` լի մարդկանցով, երփներանգ բնապատկերներով: Շատ նկարներում անգամ նկատելի էր մարդկանց շարժը, եռուզեռը, որոնք նա ստացել էր զանազան պատկերների արտացոլանքի միջոցով: Ամեն մի փոքր դետալին տրված էր մեծ ուշադրություն ու կարևորություն, և հենց դրանք էլ նկարները դարձնում էին ամբողջական:

Հեղինակի խոսքով՝ նոր պատկերների ստեղծումը իրական հաճույք է իր համար: «Ինձ համար ծաղիկներով նկարներ ստեղծելու գործընթացը ջազ է հիշեցնում, որն անհնար է պատկերացնել առանց իմպրովիզացիաների»,- ասում է նա եւ ավելացնում, որ դրանք կարող են լինել նաև ակնթարթային տպավորությունների վառ արտացոլում:

Հեղինակը ավելի քան երեսուն տարի զբաղված է ծաղիկների նման յուրահատուկ մատուցմամբ. «Ես նրանց երկրորդ կյանք եմ նվիրում, իսկ նրանք ծառայում են ինձ, ինչի համար ես շնորհակալ եմ նրանց»,- եզրափակեց արվեստագետը:

Նշենք նաև, որ ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 6-ը:

Արուս ՄԻՐԶՈՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում