Մախլուտոն «վերածնվեց». «Զորավար Սմբատի հուշերը» գրքի շնորհանդեսը

Մախլուտոն «վերածնվեց». «Զորավար Սմբատի հուշերը» գրքի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Aravot.am: Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Մկրտիչ Երիցյանցի «Զորավար Սմբատի հուշերը» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է Մախլուտոյին: Միջոցառմանը, որն իրականացվեց «Ֆիդայիներ» ՀԿ-ի նախաձեռնությամբ, ներկա էին պատերազմի մասնակիցներ , աշուղներ, մշակութային եւ հասարակական գործիչներ:

Մասնակիցները նշեցին, որ նմանատիպ միջոցառումներով պետք է մեծարվեն և ներկայացվեն մեր բոլոր ֆիդայիները: «Հուշերի» առաջին հատորի բազմացրած մի օրինակը դիպվածով ձեռք է բերում Պարգև Մանուկյանը, որը եւ ձեռնարկում է գրքի հրատարակումը։ Պարգև Մանուկյանը մասնագիտությամբ քիմիկոս, կենսաբան, մանկավարժ է։Նա իր ուրույն մասնակցությունն է ունեցել Արցախյան ազատամարտի տարիներին, ստեղծել «Գայլաբար» ջոկատը։

Իր ողջ ուժը ներդրել է Ղարաբաղյան շարժմանը՝ տանելով հաղթանակ ֆիդայիների գլխավորությամբ։ «Ֆիդայիներ» կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանը հիշեց մի հետաքրքիր դեպք։ Երբ նրանք բոլորով գնացել էին Սուրբ Գայանե եկեղեցի մոմավառության, և երբ Տեր Հայրը հենց Աղբյուր Սերոբի գերեզմանաթմբի մոտ աղոթքն ավարտեց, «Նարեկացի» արվեստի միությունից զանգահարեցին և ասացին, որ տրամադրում են միջոցառման համար նախատեսված սրահը։ Նա բացատրում էր նրանով, որ Աստծո և եկեղեցու կապը կար դրանում։ Այս գիրքը իր մեջ ներառում է պատմություն։

Հեղինակը ընթերցողներին հանձնում է մի գիրք, որը սեր է, պատմություն և հավատ։Այսպիսի գրքեր պետք է շատ լինեն, քանի որ սրանցով պետք է դաստիարակվի մեր մատաղ սերունդը։

Հիշեցնենք, որ Մախլուտոն (Սմբատ Բորոյանը կամ Զորավար Սմբատ) ծնվել է 1875 թ. Մուշում, եղել է ՀՅԴ Մուշի «Երկաթ» խմբի մեջ։ Գործակցել է Անդրանիկի, Հրայր Դժոխքի հետ: 1901 թ. մասնակցել է Անդրանիկ Օզանյանի ղեկավարած Առաքելոց վանքի կռվին, իսկ 1904 թվականին՝ Սասունի ինքնապաշտպանության ժամանակ, Գևորգ Չավուշի հետ ղեկավարել է Իշխանաձորի մարտերը։ Սասունի ինքնապաշտպանության մարտերում պարտությունից հետո էլ Անդրանիկի, Գևորգ Չավուշի և մյուս ֆիդայիների հետ թուրքական զորքերի դեմ շարունակել է կռվել Մշո դաշտում, այնուհետև անցնելով Վասպուրական՝ մասնակցել Անդրանիկի ղեկավարած 1904 թ. հուլիսի 14-ի Աղթամարի կռվին։

«Զորավար Սմբատի հուշերը» գիրքը լույս է տեսել 1936 թվականին Փարիզում: Ինչպես արդեն նշեցինք, հուշերի առաջին հատորի մի օրինակը զուտ պատահական է ձեռք բերել Պարգև Մանուկյանը :

Բնագետ Էդիկ Այվազյանի միջոցով Պարգև Մանուկյանի ձեռքն է ընկնում այս գրքի արևմտահայերեն պատճենահանված և դժվար վերծանելի տարբերակը: Նրա տքնաջան աշխատանքի շնորհիվ գիրքն այսօր հասանելի է արևելահայերեն, ազատ շարադրանքով:

Ի դեպ, Մախլուտոն իր հուշերում պատմում է ֆիդայի եղբայրների եւ ոչ թե իր հերոսությունների մասին: Այդ ամենի մասին մենք տեղեկանում ենք իր ընկերներից և իրեն ճանաչողներից: Եվ պատահական չէ , որ Զորավար Անդրանիկը հրաժեշտի ելույթում իր մարտիկների մասին ասել է. «Ես ձեզ բոլորիդ հոգուս չափ սիրեցի, բայց իմ ամենասիրելին և փառաբանյալ քաջը եղավ զորավար Մախլուտոն»:

Արևիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լիանա ԹՈՒՄԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում