Լեգենդար The Swingles-ը կմասնակցի «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի հոբելյանական համերգին

Լեգենդար The Swingles-ը կմասնակցի «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի հոբելյանական համերգին

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Aravot.am: Ապրիլի 29-ին բրիտանական The Swingles լեգենդար վոկալ խմբի համերգը կազդարարի հոբելյանական տարվա սկիզբը: «Երևանյան հեռանկարները» հայտարարում է իր 20-րդ հոբելյանական փառատոնի բացման մասին: 50 տարվա պատմություն և 5 «Գրեմմի» ունեցող խումբը ձևավորվել է Փարիզում` Ուորդ Սվինգլի կողմից: Առաջին «Սվինգլներն» էին էստրադային երգիչներ, որոնք Շարլ Ազնավուրի, Էդիտ Պյաֆի և Միշել Լեգրանի ձայնակցողներն էին, նրանց մեջ էր նաև վերջինիս քույրը` Քրիստին Լեգրանը: Խմբին համաշխարհային ճանաչում բերեց 1960թ.-ին թողարկած Բախի ստեղծագործությունների փոխադրումը՝ ութ ձայների համար: «Սվինգլների» նորարարական և վիրտուոզ երգեցողությանն անմիջապես հիացական արձագանքներ ուղղեցին Էլլա Ֆիցջերալդը, Եհուդի Մենուհինը, այլ մեծանուն երաժիշտներ:

Այժմ էլ «Սվինգլը» արդեն կես դար շարունակ ընդլայնում է վոկալ երաժշտության մեջ պատկերացումների հորիզոնը։ Նրանք դարձել են բազմամիլիոնանոց լսարանի սիրելիները, նաև հուլիվուդյան և այլ հայտնի ֆիլմերի սաունդթրեքերը ձայնագրելու համար: Խումբը համարվում է մոլորակի ակապելլա երգեցողության բոլոր ժամանակների չգերազանցված վարպետը:

Մարդկային ձայնով տարբեր երաժշտական գործիքների ձայների վերարտադրումը «Սվինգլների» չգերազանցված կարողությունն է:

Լուչիանո Բերիոն իր սենսացիոն «Սիմֆոնիա»-ում առաջին անգամ ուսումնասիրեց և բացահայտեց «Սվինգլսի» ձայները նվագախմբային դասակարգմամբ: Խումբը նույն շուքով, և մեծագույն արձագանքների ներքո, շարունակում է կատարել այդ ստեղծագործությունը ողջ աշխարհում, որի վերջին կատարումները հնչել են Սան Ֆրանցիսկոյի Դեյվիս համերգասրահում՝ Մայքլ Թիլսոն Թոմասի, Լոնդոնի «Ռոյալ Ֆեստիվալ» համերգասրահում՝ Վլադիմիր Յուրովսկու, և Միլանի Լա Սկալայում՝ Ջոն Աքսելրոդի ղեկավարությամբ:

Ամեն տարի հունվարին խումբը «Քինգս Փլեյսում» հանդես է գալիս իր «Լոնդոնյան ակապելլա» փառատոնով: Բրիտանական մայրաքաղաքում փառատոնն առաջինն է իր տեսակի մեջ, որը հյուրընկալում է աշխարհի ամենատաղանդավոր վոկալի վարպետներին։

«Սվինգլների» երկացանկը ընդգրկում է համաշխարհային դասական, ջազ, էթնիկ, ժամանակակից` բոլոր ազգերի և ժամանակների երաժշտություն: Այսօր խմբի կազմում ընդգրկված են յոթ երգիչներ` Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից և Գերմանիայից: Երևանում խումբը հանդես կգա Look Back (ForWard) ծրագրով, որը հետհայացք է «Սվինգլս»-ի հիսունամյա փառահեղ երաժշտական պատմությանը: Այն ներառում է 60-ականների և 70-ականների երգիչ-երգահանների ստեղծագործություններ, մերօրյա բրիտանական ֆավորիտներ, Բախ, Սայմըն և Գարֆունկել, Բիթլզ և ավելին:

Հավելենք, որ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր նախագահն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: Փառատոնի 20-րդ հոբելյանական տարին հնարավոր է դառնում «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում