USD
EUR
RUB

Աղասի Այվազյան․ Օրհաս

 

Հայր մեր որ յերկինս ես...

Հեռապատկերը չէր երևում...

Հինգ շարք տարիներ էին...

Սկսեցիր քայլել...

Շարքերը դարձան տասը...

Վազեցիր...

Ավելի արագ...

Էլ ավելի թեթևակի...

Ոտքերիդ տակ հողը և՜ պինդ էր, և՜ հող չկար...

Հեռապատկերը այդպես էլ չէր երևում...

Եվ տեսնելու, նկատելու միտում էլ չունեիր, պարզապես չէիր մտածում դրա մասին, այսինքն՝ ընդհանրապես միտք գոյություն չուներ...

Ընթացքդ դարձավ արագապտույտ...

Հայտնվեց երկու տարիների համակցությունը՝ ձեռք-ձեռքի բռնած, չգիտես ինչու մեղավոր ու շփոթված: Ինչո՞ւ, ինչո՞ւ...

Ինչի՞ց եք շփոթվել...

Անձրևի՞ց...

Ցրտի՞ց...

Անձրևաջրի կաթիլների հավերժության մելամաղձը երգող կաթկթոցի՞ց...

Ասֆալտի վրայի նրա թողած հպանցիկ որմնանկարի՞ց...

Օրվա երկարությունի՞ց, նրա մգլոտ միապաղաղ սահմանափակությունի՞ց...

Չգիտե՜ս: Իհարկե՝ չգիտես: Այն որ պառավ, իր օրն ապրած պոռնիկը յուր փոքրիկ դստերն է բերել-ցուցադրել թաց մայթի բեմին՝ մի պատառ հաց վաստակելու նպատակո՞վ...

Չէ: Իհարկե՝ չէ: Քանզի դու էլ ես նրաց նայում շաա՛տ-շաա՛տ հեռվից, դեռ տեսողության հարթակին չհասած: Քո մեջ էլ զզվանքը վերածվում է հեշտասիրության, տարպանքի...

Ո՞վ ես դու: Հենց նոր հայտնված գո՞յ: Քո մի փոքրիկ կյանքի աննշան հատվածը փռելով հավերժության մարմնի վրա: Ուրեմն՝ ո՞վ ես դու: Պլագիատ, գոյագողություն, անմեղսունակ կրկնություն...

Դու շարունակում ես քայլել...

Ոչ, քայլդ արդեն փութաշարժ է և միաժամանակ ծույլ: Այդ պարադոքսի մեջ երկար կմնաս, շաա՛տ երկար...

Հեռապատկերը նորեն անտեսանելի է...

Նա վարագույրի ետևում է, որի բացողը դեռևս իրեն չի ցուցահանել: Վարագույրն այնքան հեռվում է, որ դու դրսում ես քեզ զգում, տակավին փողոցում...

Փողոցը քոնն է և դահլիճ մտնելը մտքիցդ հեռու է: Շարունակի՜ր քայլել հաջորդ տարիների կապուկի վրայով: Այդ տարիները կոտրած սանդուղքի նման են, որոնց աստիճանները վեր ու վար են, նաև պակասում են տեղ-տեղ: Փույթ չէ, որ երբեմն-երբեմն ոտքդ ընկնում է երկու սանդղոտների արանքի պարապուտի մեջ: Դեռ աստիճանները շարունակվում են, և դրանց հաշիվը դու չես ուզում իմանալ...

Եվ ինչի՛դ է պետք...

Դու ոչ առաջինն ես, ոչ՝ վերջինը:

Սակայն դու միակն ես:

Տարիների հաջորդականությունը լղոզվում է հետզհետե, նրանք միակցված են, բոլորաձույլ՝ արյունով ու թարախով, մթությամբ և լույսով, վախով ու լկտիությամբ, խրախճանքով ու եռանդախեղդ տենչանքով, հավատով ու անհավատությամբ...

Թեպետ քեզ հավատ դեռևս պետք չէ, նրա հետագիծը գետնի վրա է...

Երկնքում ամպերն են՝ զավեշտալի ու նկարուն, որոնց մեջ ինչ ասես կարող ես գտնել...

Տարիների շարքը մարմնալուծվում է, կերպափոխվում մի ընդհանուր ճահճանման մակերեսի: Փայլ կա վրան, բայց աղտոտ, տաղտուկ ու սիրտհատնուկ է: Ու ոտքի առջև ոտք ես դնում այդ լխճոր թանձրուկի վրայով...

Եզրը նրա հանկարծ առջևումդ է հայտնվում ու դու նշմարում ես վարագույրը..

Միայն նրա ժանգապատ շոշորթը, որի ետևում հետնադռան տարտամ ուրվականն է գծագրվում: Տարիների երկար շարանը խտանում է, և նրանից կազմված մի խլյակ մնում է ոտքիդ տակ և մտքիդ մեջ: Դու սկսում ես պատեպատ զարնվել՝ դուրս գալու համար այդ ներբակված տարածքից, սակայն գնալով ավելի է փոքրանում տարածքը...

Ընկճախտը խեղդում է քեզ...

Դու երբեք չէիր կարող, նույնիսկ մղձավանջի մեջ, երևակայել այդ տարածքի հեղձուցիչ օդը: Տարիներիդ երկայնահանդերձ, հոլովաբան, այլևս կծկված զետեղվածքը ոտքիդ տեղ չի անում: Մի պահի առկայծում ունի լոկ: Միայն մի՜ պահի, մի ակնթարթի, Աստվա՛ծ իմ, մի՜ ակնթարթի...

Նայում ես երկնքին. գուցե այդտեղ մի նեղ սահանք բացվի, որից մի նոր հեռապատկեր տեսանելի դառնա...

Երկնային խաղուն անծայրածիր լույսի մեջ կորցնում ես գծագիրդ և նորեն հայտնվում ես անելանելի նիստիդ վրա: Ուժդ, հնարամտությունդ, ճամարտակությունդ հերիք չեն անում գոնե առեղծվածային ա՜յս ելքի արահետը գտնել՝ դուրս գալու համար սույն նեղվածքից, թեկուզև դժոխք մտնելու պայմանով, բայց դուռը իր կամքն ունի, ի՜ր ինքնամփոփվածությունը:

Անգամ կմախքդ կամաց-կամաց անհամբերությունից վերևանվելով, մաշկից առաջ է անցնում՝ մղվելով դեպի պակուցիչ ելքը: Եվ տակավին օրհասական վիճակդ շարունակվում է, շարունակվո՛ւմ է, շարունակվո՛ւմ է...

2006թ. Երևան, իմ գրադարանը:

Լրահոս
Թումանյանի հետքերով Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արտավազդ Փելեշյանին Հովհաննես Թումանյան. «Դեցիմ Լաբերիոս» Կանչ Խորհրդավոր ընթրիքի պատկերագրությունն ու խորհուրդը Արկօղդ զլոյս Amazon-ում կտրուկ աճել է «Նոտղը Դամ դը Պաղի» մյուզիքլի վաճառքը Հայկական կինոյի «Անահիտները» Ավագ չորեքշաբթի Որ յաթոռ փառաց Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամներին «Տանգոն հզոր պար է, այն հանում է մեջդ եղած տխրությունը» «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» Գութաներգ. Ձիգ տու, քաշի․ Կոմիտաս Հովհաննես Թումանյան․ Պանդուխտ եմ քույրիկ Հելեն Սեգարան անհամբեր սպասում է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին Որ սքանչելիդ ես Վահագն Հայրապետյան. «Մի գիժ բան է սպասվում» Հաղորդման հյուրն է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Լավագույն դաշնակահարներից մեկը՝ Ալեքսանդր Ռոմանովսկին, ելույթ կունենա Երևանում Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի գործերը կփոխանցվեն Լուվրին Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին, Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն Որ Արարիչդ ես Կոմիտաս․ Քնարերգություն Հովհաննես Թումանյան․ Օ՛, լո՛ւռ կաց, ընկե՛ր․․․ Ախալցխայում նշվել է Վահրամ Գայֆեճանի 140 ամյակը Ավագ եկուշաբթի Ապրիլի 15-ին կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին Ավագ շաբաթ ՀՊԿՆ-ի հետ ելույթ կունենա «Գինեսի» ռեկորդակիր ջութակահար Նիկոլայ Մադոյանը Ծաղկազարդ (Տիրոջ մուտքը Երուսաղեմ) «Յուրաքանչյուր մարդ եզակի է որպես սուբստանցիա, հնարավոր չէ նրան փոխարինել» Ֆրանսիացի գեղանկարիչ Նիկոլա դե Լարժիլյեի կտավը նվիրաբերվել է Մայր Աթոռին Աղասի Այվազյան․ Օրհաս Հովհաննես Թումանյան․ Սովի ժամանակից «Երիտասարդ արտիստների համերգաշար» նախագծում հանդես կգա ջութակահարուհի Դիանա Ադամյանը Պավարոտիի մասին նոր ֆիլմ Լեգենդար The Swingles-ը կմասնակցի «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի հոբելյանական համերգին Մարդ ե՞ն, թե՞ մարդ չեն
website by Sargssyan