Ապրիլի 15-ին կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին

Ապրիլի 15-ին կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, Aravot.am: Ապրիլի 15-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը, որը կազմակերպվել է Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից, անց է կացվում հանրապետության բազմաթիվ գրադարաններում արդեն երկար տարիներ:

Շաբաթն այս տարի նվիրված է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակներին: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը յոթնօրյակին իր մասնակցություն կունենա իր հարկի տակ կազմակերպելով ստեղծագործությունների քննարկումներ, վիկտորինաներ, ցուցահանդեսներ, հեքիաթների ընթերցում, կոմիտասյան և ժողովրդական երաժշտության ունկնդրում և այլն: Միաժամանակ տեղի կունենան այցելություններ հանրապետության այլ գրադարաններ՝ գրադարանավարների և գրադարանների աշխատակիցների փորձի ու գիտելիքների փոխանակման, նոր հմտություններ ձեռք բերելու և դրանք ամենօրյա աշխատանքում կիրառելու նպատակով:

Ազգային գրադարանային շաբաթը կարևորագույն դեր ունի ժամանակակից մշակութային կյանքի համաչափ ու ժամանակաշրջանին համահունչ զարգացման գործում: Գիրքն ընթերցելու, գրքի նկատմամբ սեր, հոգատարություն և պատասխանատվություն ունենալու ձգտումն առաջնային է մարդկանց հոգևոր ու մշակութային դաստիարակության, հետագա զարգացման և ինքնաճանաչողության ճանապարհին: Հենց այս խնդիրների լուծմանն է միտված շաբաթի ամենամյա անցկացումը:

Շաբաթը կտևի 7 օր և կավարտվի ապրիլի 22-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում