Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի գործերը կփոխանցվեն Լուվրին

Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի գործերը կփոխանցվեն Լուվրին

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Փարիզի Աստվածամոր տաճարում (Նոտղը Դամ դը Պաղի) բռնկված հրդեհից փրկված արվեստի գործերը տեղափոխվել են քաղաքապետարանի շենք։ Մի քանի օրից, փորձագետների կողմից ուսումնասիրությունից հետո, դրանք կհանձնվեն Լուվրին։ Այս մասին գրում է kulturomania.ru կայքը։

Հաղորդվում է, որ փրկվել են մի քանի նկարներ, նաև զոհասեղանը, զոհասեղանի խաչը։

Ավելի վաղ Le Figaro-ն գրել էր, որ տաճարում գտնվող մասունքները հրդեհի հետևանքով չէին վնասվել։

Հիշեցնենք, որ տաճարում հրդեհը բռնկվել էր նախօրեն, ինչի հետևանքով փլվել է տաճարի աշտարակը, ժամացույցը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է շուրջ 400 հրշեջ:

Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։ 1991 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Փարիզի Աստվածամոր տաճարը Ֆրանսիայի հաղթանակների և ողբերգությունների վկան է, այն կանգուն է մնացել Ֆրանսիկան մեծ հեղափոխությունից և երկու աշխարհամարտերից հետո։
Նոտղը Դամ դը Պաղիում պահպանվում է Քրիստոսի գլխի փշե պսակը, որը հնարավոր է եղել փրկել։ Եվրանյուզի հաղորդմամբ, մոտ օրերս ճարտարապետներն ու փորձագետները կգնահատեն Փարիզի Աստվածամոր տաճարի վիճակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում