Բաքվի «խավիարով սնվելը» դեռ ամենևին մտավոր փայլուն կարողությունների առհավտչյա չէ

Արևելագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երբ 2004թ.-ին երկարատև ջանքերի արդյունքում Բաքվի բռնապետական վարչակարգին ի վերջո հաջողվեց պայմանավորվածություններ ձեռք բերել Իրանի ժամանակի բարեփոխական կառավարության հետ՝ Թավրիզում բացելու գլխավոր հյուպատոսություն, հենց ատրպատականցի շատ մտավորականներ և հասարակական գործիչներ զգուշացնում էին, որ այն ծառայելու է ալիևյան վաչակարգի կողմից բացահայտորեն խրախուսվող թյուրքականության քարոզչությանը Ատրպատականի թյուրքալեզու բնակչության շրջանում՝ վերջիններիս նաև «ծանոթացնելով», այսպես կոչված, կիսված ադրբեջանցի ժողովրդի ու Ադրբեջանի միտումնավոր ստեղծված և որևէ քննադատության չդիմացող կեղծ գաղափարներին:

Հավանաբար եվրոպական տարբեր կառույցներում «խավիարային քաղաքականության» փորձից ոգևորված, Բաքվի բռնապետական վարչակարգը երևի նույն «մեթոդաբանությամբ» հաջողել է մի քանի լոբբիստներ հավաքագրել նաև Ատրպատականի տեղական տարբեր ներկայացուցչական մարմիններում: Հենց այս տրամաբանության մեջ է տեղավորվում Թավրիզի քաղաքային խորհրդի անդամներից ոմն Հաբիբ Շիրիազարի «կրակոտ» քննադատությունը՝ ուղղված Թավրիզի և Երևանի միջև մշակութային կապերի սերտացման ոլորտում ակտիվ գործունեություն ծավալած Արևելյան Ատրպատական նահանգի մայրաքաղաքի քաղաքապետի հասցեին, իբր այն պատճառաբանությամբ, թե նախևառաջ կապեր պետք է հաստատել այն երկրների հետ, որոնք Իրանի հետ ունեն մշակութային, պատմական և կրոնական աղերսներ:
Բաքվի «խավիարով սնվելը» դեռ ամենևին մտավոր փայլուն կարողությունների առհավտչյա չէ, և առաջին իսկ պատմության լուրջ դասագրքի հետ ծանոթությունը Թավրիզի քաղաքային խորհրդում տաքուկ տեղավորված Բաքվի այս լոբբիստին ակներևաբար կարող էր շատ օգտակար լինել՝ գոնե հենց իր համար բացահայտելու, որ Իրանի և հատկապես Ատրպատականի հետ Հայաստանի պատմական, մշակութային և կրոնական կապերն այնքան խորն են և բազմակողմանի, որ, դիցուք, ատրպատականցիների իրանական ծագման ամենավաղ էթնիկ անվանումը՝ «ատրպատիճ», պահպանվել է հայկական ոսկեդարյան մատենագրության մեջ, մինչդեռ Կասպից ծովի արևելյան ափերին ստեղծված արհեստական պետական կազմավորումում դեռևս զգալի խնդիրներ կան՝ կապված թյուքալեզու բնակչության պատմական, մշակութային և էթնիկ ինքնության հետ, որոնք լուծում չեն ստանում նույնիսկ Բաքվի մզկիթների մինարեթներից բարձրաձայն ազանի արգելման պայմաններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում