Երկու այծ

Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի գետակի վրա: Երկուսը միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով. պետք է նրանցից մեկը ետ կանգներ և մյուսին ճանապարհ տար:
- Դու ետ գնա, որ ես անց կենամ, - ասաց մեկը:
- Ինչու դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում, - պատասխանեց մյուսը:
- Քեզ ասում եմ, ետ քաշվիր, առաջ ես եմ բարձրացել կամրջի վրա:
- Ներողություն կանես: Գիտես ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում էլ ես: Այծերը ճակատ - ճակատի զարկեցին, իրար գլուխ պատռեցին, և վերջը երկուսն էլ կամուրջից սայթաքեցին, ջուրը թափվեցին:
Ղազարոս ԱՂԱՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։