Հասմիկ Պապյան

Հասմիկ Պապյան

Հայ օպերային երգչուհի(սոպրանո)՝ Հասմիկ Պապյանը, ծնվել է 1961 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Երևանում։

Կենսագրություն

Հասմիկ Պապյանը ավարտել է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան նախ որպես ջութակահար, ապա որպես երգչուհի (Մ. Հարությունյանի դասարան)։

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իր դեբյուտից հետո, նա հրավիրվեց Բոննի և Դյուսելդորֆի օպերային թատրոններ՝ որպես մենակատարներից մեկը։

Շուտով նա դուրս է եկել միջազգային ասպարեզ, և այդ ժամանակից ի վեր ելույթներ ունեցել բազմաթիվ թատրոններում, այդ թվում աշխարհի ամենահեղինակավոր օպերային բեմերում և համերգային սրահներում, ինչպիսիք են՝ Մետրոպոլիտեն օպերան և Քարնեջի Հոլը Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյի օպերան, Վաշինգտոնի Ազգային օպերան, Միլանի Լա Սկալան, Փարիզի Բաստիլ օպերան, Բարսելոնի Լիսեու մեծ թատրոնը, Մադրիդի թագավորական թատրոնը, Լոնդոնի Վիգմոր Հոլլը, Վիեննայի պետական օպերան և Վիեննայի Մուսիկվերենը, Ամստերդամի Նիդեռլանդական օպերան, Ցյուրիխի օպերան, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը, ինչպես նաև Մյունխենի, Շտուտգարտի, Համբուրգի, Դրեզդենի և Բեռլինի պետական օպերաները։

Հասմիկ Պապյանն ապրում է Վիեննայում, Ավստրիա:

Ունի մեկ դուստր։

Խաղացանկ

Նրա խաղացանկը ներառում է՝ Մոցարտի Դոննա Աննա («Դոն Ջիովաննի»), Ռոսսինիի Մաթիլդա («Վիլհելմ Տելլ»), Հալևիի Ռաքել («Ջհուդուհի»), Բիզեի Միկաելա («Կարմեն»), Պուչինիի Միմի («Բոհեմ»), Մագդա («Ծիծեռնակ»), «Տոսկա», «Մադամ Բատերֆլայ», Բոյտոյի Մարգարիտ / Ելենա («Մեֆիստոֆել»), Չայկովսկու Լիզա («Պիկովայա դամա»), Ռիխարդ Վագների Սենտա («Թռչող հոլանդացի»), նաև Վերդիի տասներկու դերերը՝ «Տրավիատա», Դեզդեմոնա («Օթելլո»), «Աիդա», Լեոնորա («Տրուբադուր» և «Ճակատագրի ուժը»), Ելիզավետա («Դոն Կարլոս»), Ելենա («Սիցիլիական ժամերգություն»), Ամելիա («Սիմոն Բոկանեգրա»), Էլվիրա («Էրնանի»), «Լեդի Մակբեթ», Էբիգեյլ («Նաբուկկո»), Օդաբելլա («Աթիլլա»), ինչպես նաև Ռեքվիեմը:

Պապյանի ռեփերտուարի կենտրոնական մասն է Բելլինիի «Նորման», ի թիվս այլոց այդ դերով նա հանդես է եկել Վիեննայի ազգային օպերայում, Թուրինի թագավորականում, Մոնրեալում, Բալթիմորում, Դեթրոյթում, Դենվերում, Վաշինգտոնում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում, Մարսելի, Մոնպելյեի օպերաներում, օպերային փառատոներին՝ Օրանժում (Հարավային Ֆրանսիա), Սիցիլիայում, Մանհայմում, Շտուտգարտում, Ռոտերդամում Ամստերդամի Նիդերլանդական օպերան: Ամստերդամի կատարումը 2006 թ-ի հոկտեմբերին թողարկվել է թվային տեսասկավառակ (DVD) տարբերակով։

2009 թ-ի հունվարից, նա իր խաղացանկին ավելացրել է ևս մի հիանալի դերակատարում՝ Եղիսաբեթ Ա թագուհի Դոնիցետտիի «Ռոբերտո Դևերոյում» (դեբյուտը Դալլասի օպերայում)

Ելույթներ

Հասմիկ Պապյանը ելույթներ է ունեցել եվրոպական երկրների մեծ մասում, Իսրայելում, Լիբանանում (Բաալբեկի միջազգային փառատոն), Ճապոնիայում, Լատինական Ամերիկայում (Մեքսիկա, Բրազիլիա, Չիլի), ինչպես նաև Կանադայում (Տորոնտո, Մոնրեալ) և Միացյալ Նահանգներում (Վաշինգտոն, Սան Ֆրանցիսկո, Բալթիմոր, Դեթրոյթ, Ցինցինատիի փառատոն, Դենվեր և այլն), ուր նրան հրավիրում են պարբերաբար։ Նա կատարումներ է ունեցել շատ նշանավոր դիրիժորների հետ, ինչպիսիք են Ռիկարդո Մուտին, Վալերի Գերգիևը, Ժորժ Պրետրեն, Միշել Պլասսոն, Մարսելո Վիոտտին, Մաուրիցիո Արենան, Մյունգ-Վհուն Չունգը, Գենադի Ռոժդեստվենսկին, Պլասիդո Դոմինգոն, Լեոնարդ Սլատկինը, Ջեյմս Մորիսը և Ջեյմս Կոնլոնը:

Իր մենահամերգների ժամանակ նա շատ ակտիվորեն ներկայացնում է նաև հայ կոմպոզիտորների երաժշտությունը՝ Կոմիտաս Վարդապետ, Երանյան, Կանաչյան, Չուխաճյան, Տիգրանյան, Ավետ Տերտերյան և Տիգրան Մանսուրյան:

2006 թ-ին թողարկել է թվային ձայնասկավառակ Կոմիտասի 36 երգերով՝ այդ թվում նաև գերմանական պոեզիայով գրված ինը երգերը, որոնք ընդհանրապես կատարվել են առաջին անգամ։

Պարգևներ, մրցանակներ

2004 թ-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանը։

2005 թ-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ կողմից Էջմիածնում պարգևատրվել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով՝ որպես «ամբողջ աշխարհում Հայաստանի մշակութային դեսպան»:

2017 թ-ին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։

Ալագյազ սարն ամպել ա

Ալագյազ սարն ամպել ա,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Աղբեր իր ձին թամբել ա:
Իմ մա՜յրիկ ջա՜ն, իմ մայրիկ ջան:

Աղբեր իր ձին թամբել ա,
Յարոջ դռնեն անցել ա:

Յարոջ դռնեն անցել ա,
Ելե դաշտը` խաղցել ա,
Ելե դաշտը` խաղցել ա,
Անձրև եկե, թըրջել ա:

Անձրև եկե, թրջել ա,
Արև զարկե` չորցել ա:

Արև զարկե` չորցել ա:
Քան կարմիր վարդ բացվել ա:

Հայ ժողովրդական երգ, մշակումը՝ Կոմիտասի
Կատարումը՝ Հասմիկ Պապյանի
Դաշնամուրային նվագակցում՝ Վարդան Մամիկոնյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում