USD
EUR
RUB

Անքուն գիշերին

 

Քնել չի՛ լինում...
Հիմա, երբ այնպես ուզում եմ քնել,
Ամե՜ն, ամե՜ն ինչ մտքիցս հանել:
Հայացքներս` անփակ` թափառում են լուռ-
Ու միտքս, տարտամ, դեգերում է մութ
Դաշտերում տխուր:

Մթության գրկում լալիս է դողդոջ
Լույսը լապտերիս՝ մեռնող աղջկա
Հոգեվարքի պես...
Մեկը բախում է դռներն անցածի -
Ու հիշում եմ քեզ:

Մոռացված երգի նվագի նման
Դողում է հոգիս լույս մատների տակ -
Եվ ահա մեկ-մեկ շարվում են իմ դեմ
Պատկերներ, դեմքեր, որ կորել էին
Առանց հիշատակ:

Այնտեղ, մութի մեջ հայտնվում է ահա
Տեսիլդ գունատ ու տխրադալուկ, -
Օրերի անհայտ մշուշից ելած
Գունատ այցելու:

Ու հիշում եմ ես անձրևոտ մի օր -
Մի հին իրիկուն.
Հեռու երգերի խանդավառ օրոր,
Հարսանքի հանդես. -
Մաղող անձրևի կաթիլների տակ
Կանգնել էի ես…

Է՛, քնե՛լ, քնել…
Աչքերս փակեմ ու սեղմեմ ամուր
Ու չմտածեմ ոչնչի մասին:
Մի՞թե, երբեմն, չէի՞նք միասին...
Ա՛խ, օրոր ասա, անդորր ու օրոր.
Քնել եմ ուզում` գիշերն անց կացավ…
Երա՞զ էր արդյոք, զառանցա՞նք, թե ցավ…

Ցա՛վ, ցա՛վ էր, անշուշտ.
Դու երբե՜ք, երբե՜ք ինձ չես ժպտացել -
Քո ժպիտն անգամ ցա՜վ է թվացել
Իմ հոգուն տկար...
Ես քեզ կանչեցի երկա՛ր ու երկա՛ր -
Դու չեկար, չեկար, -
Ցանկացա լինել քո դեմ մի հլու
Ու անկամ գերի -
Եվ ես իմ սիրով քեզ ձանձրույթ բերի...

Օտա՛ր էր հոգիս քեզ համար, ինչպես
Օտար դաշտերից բերած ծաղկեփունջ.
Տանջանքի վարդեր, հույզի ծաղիկներ,
Երազի աստղեր, հույսերի ցոլքեր -
Ու կարմի՛ր, կարմի՛ր խաշխաշներ ցավի, -
Այս ծաղիկներով զարդարված հոգիս քեզ նվեր բերի,

Որ քո կույս հոգին իմի հետ ցավի...
Ու ես չեմ հիշում, թե ինչպե՞ս մի օր -
Օտար, անմեկին -
Ես քեզ կորցրի նոր կյանքի շեմքին…

Չէ՜, դու գնացիր, չգիտեմ թե ուր:
Ես էլ գնացի: Իհարկե, այնտեղ,
Ուր ապրել ես դու երկար ժամանակ -
Ապրել չէ՜ր լինի: -
Չէ՛ր լինի տեսնել լույսերը ձեր տան,
Չէր լինի տեսնել լայն փողոցը ձեր,
Որ մինչև հիմա ես չեմ մոռացել...

Թողնենք, ախ, ի՞նչ հոգ.
Չ՞է որ չգիտե, չգիտե ոչ-ոք,
Թե ինչո՞ւ կյանքում այսպես է եղել. -
Սերը մեզ համար - արցունք ու արյուն,
Սերը մեզ համար մահվան գին ունի,
Իսկ կնոջ համար - հրճվանքի գինի...

Այս անքուն, անքուն ու լուռ գիշերին
Ախ, էլ չեմ ուզում վերհիշել կրկին
Անցյալը անմիտ ու անմխիթար.
Էլ ինչո՞ւ ես դու գալիս անդադար
Եվ ուշ գիշերով փորել ես ուզում
Իմ հոգին տկար...

Դրա համա՞ր ես դու այստեղ եկել,
O, նենգոտ տեսիլ...
Ուզո՞ւմ ես հոգուս վերքերը պեղել,
Որի գանձերը չուզեցի՛ր տեսնել...

Օ, զզվելի՜ կին, -
Քեզ արատ է պետք, սին արատ հոգու,
Որ լավ ծիծաղես ու չարկամ խնդաս -
Եվ ամբողջ հոգով հրճվանքից թնդաս...
Ուզո՞ւմ ես` պատմեմ, թե ինչպես հանկարծ
Ինձ համար փոխվեց ամեն, ամեն բան -
Եվ ես կորցրի երազի ճամփան...

Մի գիշեր էր մութ: Անձրև էր գալիս:
Խավար էր իջել իմ մթնած հոգում: -
Ամայությունն էր հեկեկում այնտեղ
Հին, անվերադարձ երազների տեղ:
Եվ ես դուրս եկա: Ցեխոտ փողոցով
Քայլեցի երկար:
Չգիտեմ, թե ո՞ւր, ինձ համար արդեն
Ճանապարհ չկար...

Երկա՛ր քայլեցի:
Եվ իմ դեմ ահա - մի երկա՛ր փողոց:
Հեռվում - դեղին, տարտամ կրակներ:
Եվ ես մոտեցա այն կրակներին,
Որոնք իմ սրտին մի հի՛ն լուր բերին...
Մի հին լուր` հոգուս մեջ պահված ծածուկ -
Եվ ես այն շեմքը անցա կամացուկ...

Ու... այս եմ հիշում`
Մի հին անկողին - թաղված մշուշում:
Ու մի մերկ մարմին:
Ու ցավոտ, ճնշված հեկեկանքը իմ...
Ու դուրս եկա ես:
Զգացի միայն, որ ցուրտ է, քամի, -
Որ կյանքն ինձ համար էլ կատակ է մի...

Ինձ համար մեռավ ամեն սրբություն:
Գնա՜, սիրելիս:
Թող կյանքը գլխիս մրրիկներ տեղա
Ու մոխիր ցանի -
Էլ ո՜չ մի զղջում իմ երազը հին
Ետ չի դարձնի...
Գնա՜, սիրելիս.
Ու թող մի վայրկյան քեզ մտքից հանեմ, -
Ուզում եմ քնեմ - ախ, ինչպե՞ս քնեմ...

Եղիշե Չարենց
Արփենիկի հիշատակին

Լրահոս
Գևոևգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ Կաննում պարզ է դարձել, որ Քվենտին Տարանտինոն այսօր ապրող կարևորագույն ռեժիսորներից է
website by Sargssyan