Մրցանակն այս անգամ Թուրքիայից էր

Մրցանակն այս անգամ Թուրքիայից էր

Ապրիլի 27-ից մայիսի 4-ը Թուրքիայի Սիդե քաղաքում անցկացված «Հարմոնիա» 8-րդ երաժշտական միջազգային մրցույթին մասնակցեցին 10 և ավելի երկրներ, որոնց թվում էր նաև Հայաստանը։ Մեր ներկայացուցիչներն էին Գոռ Թումանյանը (վոկալ) և Գարեգին Քևնակսզյանը (կլարնետ):

Հայաստանը, ինչպես շատ մրցույթներում, այս անգամ ևս հաղթանակած վերադարձավ՝ Գոռը (լուսանկարում) արժանացավ գլխավոր մրցանակին, իսկ Գարեգինն իր խմբում զբաղեցրեց 1-ին տեղը։ Մասնակից երկրների թվում էին Վրաստանը, Ռուսաստանը, Լատվիան, Լիտվան, Ղազախստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իտալիան, որոնց մասնակիցները բավական ուժեղ երաժշտական տվյալներ ունեին և արժանի մրցակիցներ էին։ Նաև հաշվի առնելով, որ ժյուրիի կազմում կային թուրք ու ադրբեջանցի ժյուրիի անդամներ, կարող ենք ասել, որ Հայաստանի ներկայացուցիչներն իրենց առջև դրված խնդիրը պատվով են կատարել:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Գոռ Թումանյանը հանդես է եկել 13-17 տարիքային խմբում։ Գոռը սովորում է վոկալ բաժնի առաջին կուրսում, պրոֆեսոր Կարինե Մկրտչյանի դասարանում։ Մասնակցել է հանրապետական և միջազգային մրցույթների՝ ստանալով բազմաթիվ մրցանակներ։ Թուրքիա մեկնելուց առաջ վերջին մրցանակը բերել էր Իսպանիայում կայացած «Հարուստ ձայն» միջազգային երաժշտական մրցույթից, որին մասնակցող 3 հայ ներկայացուցիչներն էլ իրենց տարիքային խմբերում զբաղեցրել էին առաջին հորիզոնականները: Մասնակցել է նաև «Տենոր» համաշխարհային ասոցիացիայի կազմակերպած «Ոսկե ձայն» միջազգային մրցույթին, որտեղ նույնպես արժանացել է 1-ին մրցանակին։

«Մրցույթն ինձ հնարավորություն տվեց ձեռք բերել նոր ընկերներ։ Իսկ ամենակարևորը՝ ինձ տվեց ինքնավստահություն, միշտ առաջ գնալու ու ավելի մեծ բեմերի հասնելու ձգտում։ Իսկ հաջողություններիս համար պարտական եմ ընտանիքիս ու Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանին ու բարերար Լևոն Մկրտչյանին, ովքեր միշտ կողքիս են եղել ու աջակցել են ցանկացած հարցում» ,-ասում է Գոռը։

Հիմնականում զբաղվում է դասական երաժշտությամբ։ Նրա մեծ երազանքն է երգել Իտալիայի Լա Սկալա օպերայում։ Մտադրություն ունի ուսումը Իտալիայում շարունակելու, սակայն ասում է, որ դրա մասին դեռ վաղ է խոսել, ձմռանը պիտի զորակոչվի Հայոց բանակ։

Լիանա ԲՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում