USD
EUR
RUB

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունը և Հայ Եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում (1918-2018 թթ.)» խորագրով գիտաժողով

 

Մայիսի 22-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում սկսվեց ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համագործակցաբար կազմակերպված «Հայաստանի Հանրապետությունը և Հայ Եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում (1918-2018 թթ.)» խորագրով գիտաժողովը:

Գիտաժողովին ներկա էր ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, մասնակցում էին ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Հայ Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիներից, տարբեր գիտական, կրթական հաստատություններից:

Գիտաժողովը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Այնուհետև ներկաներին իր հայրապետական օրհնության խոսքը փոխանցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունը մասնավորապես ասաց. «Այս տարին ազգային և հայրենական մեր կյանքում նշանավորված է մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակով: Պատմական այդ իրադարձություններին կարևոր անդրադարձ է «Հայաստանի առաջին Հանրապետության և Հայ Եկեղեցու ու հոգևորականության դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում» խորագրով սույն գիտաժողովը, որ կազմակերպվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի ու Սփյուռքի նախարարության համատեղ ջանքերով: Գոհունակ սրտով ողջունում ենք մասնակցությունը գիտաժողովին Սփյուռքի նախարար տիար Մխիթար Հայրապետյանի՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու գործունեության մեջ:

Մենք գնահատում ենք, որ գիտաժողովում կարևորվում է մեր Սուբ Եկեղեցու ծառայությունը հայրենի պետականության վերականգնման ու ամրապնդման նվիրական առաքելության մեջ: Մեր Եկեղեցին պետականության բացակայության երկարաձիգ դարերում անթիվ փորձությունների մեջ առաջնորդել է իր բանավոր հոտը՝ միշտ ջահակիրն ու կենսագործողը լինելով հայրենյաց անկախության վերահաստատման գաղափարի և աղոթելով, որ Աստված մեր ժողովրդին ազատություն պարգևի՝ խաղաղ ու ապահով իր կյանքը կերտելու և հավատքով ու քրիստոնեական արժեքներով ապրելու:

Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյա նշանակալի հոբելյանը մեր կյանքում բարձրացնում է վերհուշը նախորդ դարի բարդ ու դժվարին մի ժամանակաշրջանի, երբ մեր ժողովուրդը հերոսաբար պաշտպանեց իր գոյության և ազատ ու անկախ կյանքի իրավունքը ու մեծ զոհողությունների գնով վերականգնեց անկախ պետականությունը:

Մայիսյան մարտերը հաղթական վկայությունը եղան հայրենիքի հանդեպ մեր ժողովրդի սիրո, համախմբվածության ու միասնականության՝ այդ ոգին մեր ժողովրդի մեջ ապրեցնելով իբրև զորություն պետականության կերտման ու հետագա տասնամյակներում ծառացած ահռելի դժվարությունները հաղթահարելու ճանապարհին:

Եվ ինչպես մայիսյան հերոսամարտերում, այնպես և Արցախի ազատագրության և հայրենիքի պաշտպանության նորօրյա մաքառումներում մեր Սուրբ Եկեղեցին օրհնում է արդար պայքարը մեր ժողովրդի և զինվորների կողքին կանգնած հոգևորականներով կրթում ու ոգեշնչում հավատքով հայրենյաց սահմանների պաշտպաններին: Այսօր էլ աշխարհասփյուռ մեր ժողովրդի զավակները մեր եկեղեցիներում Աստծո օրհնությանն ու շնորհներին արժանանալով, հոգևոր սպասավորների քարոզչությամբ ու քաջալերությամբ զորանում են նաև հայրենասիրության ու ազգանվիրումի մեջ, ամրապնդում իրենց պատրաստակամությունը՝ աստվածահաճո գործերով, յուրաքանչյուրն իր ծառայությամբ ու հանձնառությամբ նպաստ բերելու մեր պետականության պայծառությանը, հայրենի երկրի բարգավաճմանն ու բարեշինությանը: Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանը հրավեր է աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ ամենայն նախանձախնդրությամբ հոգալու հայրենի մեր երկրի առաջընթացի ու զարթոնքի և համայն ազգային մեր կյանքի բարօրության ու առաջադիմության համար` հանուն հայրենյաց հզորության, մեր ներկայի ու լուսավոր գալիքի:

Մաղթում ենք, որ արդյունավոր ընթացք ունենա գիտաժողովը և կարևոր ավանդ բերի վերջին հարյուրամյակի մեր պատմության գնահատման ու լուսաբանման գործում և ոգեշնչի մեր ժողովրդի զավակներին նոր արարումների՝ ի շինություն հայրենի մեր երկրի:

Աղոթքով առ Բարձրյալն Աստված հայցում ենք, որ խաղաղ երկնքի ներքո պահի մեր հայրենիքը, Իր Սուրբ Աջի խնամքի ներքո պահի ու պահպանի աշխարհասփյուռ մեր ժողովրդին և առաջնորդի միշտ դեպի ապահով ու բարօր և ուրախաբեր հանգրվաններ»:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը` անդրադառնալով նախ Սփյուռքի կառույցների ու կազմակերպությունների, հայկական համայնքների, անհատ գործիչների հետ նախարարության կողմից տարվելիք ամենօրյա հետևողական և հեռանկարային աշխատանքին: Խոսելով հայրենապահպանության և հայրենադարձության գործում Մայր Աթոռի և Սփյուռքի հետ տարվող համատեղ աշխատանքի անհրաժեշտության մասին` պրն. Հայրապետյանն ի մասնավորի նշեց. «Համահայկական այս տարողության հարցերում իր կարևոր դերակատարությունն ունի հատկապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, որը բազմադարյա իր գործունեության ընթացքում ոչ միայն ապավեն է եղել հայ ժողովրդին, այլ հայոց պետականության բացակայության պայմաններում սատար է կանգնել օտար տիրապետությունների ներքո մաքառող հայ ժողովրդին: Այսօր էլ Հայ Եկեղեցին շարունակում է իր ազգապահպան գործունեությունը՝ թե՛ Մայր Հայրենիքում և թե՛ Սփյուռքում, որի առանցքում անառարկելի հրամայականներն են հզոր Հայաստան, ապահով Արցախ և կազմակերպված Սփյուռք ունենալու տեսլականը:

Այս անվիճելի արժեքներն են, որոնք դրված են յուրաքանչյուրիս գործունեության հիմքում, և ազգային այս վեհ նպատակներին հասնելու համար հայ ժողովուրդն ի զորու է դրսևորել իր լավագույն որակներն ու արժանիքները», - ասաց ՀՀ Սփյուռքի նախարարը:

Բացման արարողությունից հետո գիտաժողովը շարունակեց իր աշխատանքը :

Գիտաժողովի շրջանակներում, մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում բացվեց թեմատիկ ցուցադրություն՝ «Անկախությունից դեպի անկախություն» խորագրով:

Հանրության ուշադրությանը ներկայացվեցին 1918-1920 թթ. Ս. Էջմիածնում (Վաղարշապատում) տպագրված գրքերը և նշյալ թվականներին վերաբերող ուսումնասիրություններն ու արխիվային ժողովածուները:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Լրահոս
Հրաչյա Թամրազյան. Բանաբան Կոստան Զարյան․ Ճամփորդություն Մատթեոս Զարիֆյան-Մարի Պոզապալյան․ «Ծովուն դիմաց» Ոչ սովորական նկարիչը Սլավի-Ավիկ Հարությունյան կամ միայնակ թռչունը Մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին Հիսուս, բժշկիր սերը բոլոր մարդկանց Տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը «Ամենասուրբ Երրորդության» գաղափարը արտահայտող ինքնատիպ պատկերները Խաչատրյանի միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է Ինչ «մեսիջ» է հղում արվեստագետը Մեզնից խլել են փորձում մեր գալիքը «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը Ամեն ընտանիք մի փոքրիկ եկեղեցի է «Կան մարդիկ, որոնք կուսակցական ժողովների կարոտախտ ունեն, բայց Գրողների միությունն այդպիսի ժողովների վայր չէ» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքները կներկայացվեն Նկարիչների միությունում Սայաթ-Նովա․ Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա Հովհաննես Թումանյան․Շունը Հովհաննես Գրիգորյան․ Սիրտ Խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամը Հայաստանում բացահայտում է հայկական երաժշտությունը Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնի ձայնագրությունը Եղիշե Չարենց․ Ընկեր «Ինձ տեսնում են այնտեղ, որտեղ հրավիրում են» Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ Գորիսում կանցկացվեն միջոցառումներ Երեւանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը» «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում Վահագն Դավթյան․ Կանչ Ռուբեն Սևակ․ Գիշերն իջավ Երջանկության քրիստոնեական ընկալումը Աստվածճանաչողությունը եւ աստվածգիտությունը սկսվում են հավատքով Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ Մատթեոս Զարիֆյան․ Բանաստեղծություններ Արտաշես Հարությունյան. Վերջալույսի աղջիկը Սերգեյ Սմբատյան. «Շատ կարևոր է քիմիական կապը, որ կա Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև»
website by Sargssyan