Ես եկա

Ես եկա

Արդեն չգալ չէի կարող,
Ինչ էլ լիներ, պիտի գայի:
Ու ես եկա… Ասում են թե
Թոնրի շուրթին ուշաթափվեց
Խրտնած շողքը լուսնյակի,
Լուսաբացի մի պատառիկ
Երդիկն ի վար թրթռալով,
Ընկավ մորս հոգնած բարձի
Եվ իմ անհոգ բախտի վրա:
Երդիկն ի վեր թրթռալով
Իմ առաջին ճիչը թռավ
Եվ առաջին ծիծեռնակի
Ծիվ-ծիվի հետ
Քիվից կախվեց բակի վրա:
Իրարանցում եղավ հետո
Խաչիպապենց հին հոդայում…
Պապս ասաց. – Տեր երկնայի՛ն,
Քո փառքը շատ, իմ աչքը լույս,
Տանս մի սյուն,
Մի գերան էլ ավելացավ:
Խաչակնքեց իր երեսին
Ու մրմնջաց տատս մի բուռ.
– Անխիղճ աստված, այս ի՞նչ արիր,
Խեղճ ու կրակ սուփրիս վրա
Մի ավելորդ գդալ բռնող,
Մի բերան էլ ավելացավ:
Ինքն իրենից ամաչելով
Հայրս անցավ սյունի ետև,
Սրբեց քրտինքն իր ճակատի
Եվ աչքերի արցունքը տաք
Ու երևի մտքում ասաց.
– Արտ ու կալում ցավիս ընկեր
Գութան քշող ու կամ քշող
Մի ճիպոտ էլ ավելացավ…
Առան-տվին, տվին-առան,
Ու ոչ մեկը գլխի չընկավ,
Որ աշխարհի կանաչ-կարմիր
Երազների ետևն ընկած
Երկու ոտ էլ ավելացավ:
Երազներից քարե ծաղիկ
Եվ քարեղեն հեքիաթ հյուսող
Երկու ձեռք էլ ավելացավ:
Ու թեկուզ այս մեղքերը շատ,
Վերքերը շատ աշխարհի մեջ
Մի նոր մեղք էլ,
Մի նոր վերք էլ ավելացավ,
Բայց նրա մեծ համերգներում
Մեր աշխարհի համ ու հոտով
Մի նոր երգ էլ ավելացավ:

Համո ՍԱՀՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում