Նամակ առ Հայաստան

Նամակ առ Հայաստան

Երկի´ր Հայաստան,
Ես քեզ գրում եմ
Բուենոս-Այրես հեռու քաղաքից:
Մեր բաժանումից երկու տարի անց:

Եվ հուսով եմ ես,
Որ իմ նամակը
Քո արևներին
Ու քո լեռներին դու պիտի կարդաս,
Ինձ պատասխանեն պիտի ջրերդ`
Մտերիմները
Քո արմատների…
Ինձ պատասխանի պիտի քո ոգին
Եվ պատասխանի իր մեկ ու միակ
Այն ճշմարտությամբ,
Որ ի´մն է նաև:

Երկի´ր Հայաստան,
Դու կանչում ես ինձ,
Քեզ է պահանջում ու քեզ է կանչում
Նաև արյունս,
Եվ ինձ տանջում է տենդը սպասման:

Ուրիշ, այլ սերեր
Հուզում են միայն
Ակնթարթները իմ ժամանակի,
Քոնն է Հայաստա´ն,
Ողջ անձեռնամուխ իմ ժամանակը
Եվ ամենաջինջ
Իմ արտասուքը:

Երկի´ր Հայաստան,
Երբ ես ուզում եմ քո անունը տալ,
Իմ մեջ զարթնում է մի թաքուն աղոթք`
Ամենահինը,
Երբ քեզ եմ երգում,
Իմ մեջ շարժումն է
Սկսում բջիջն իմ ամենանոր:

Չգիտեմ, ճչա՞մ,
Թե՞ արտասուքիս խառնեմ լռելյայն
Կարոտիս ցավը,
Որ անանուն է:

Երազում եմ քեզ,
Եվ էությանս թափանցիկ ամպը
Քեզ է միանում
Եվ գնում հավերժ մի լողարկության:

Դեռ քեզ չտեսած,
Ճանաչում էի ես քո քարերը,
Հետո քեզ տեսա,
Քեզ շոշափեցի,
Շնչեցի ես քեզ,
Լուծվեցի ջրում
Եվ փոշի դարձա քամիներիդ մեջ:

Գիտե՞ս,
Իմ ու քո միասնությունը
Վաղնջական է:
Ես կամ առաջին քո հուշերի մեջ:

Ապրել եմ ես քո
Հողմակոծ հողում
Որպես անխուսափ մի ճակատագիր:
Եվ պիտի մի օր վերադառնայի
Դեպի սկիզբս,
Գտնելու համար անմեղությունն իմ
Ու էությունն իմ`
Անդաշն աշխարհի
Հարաբերական
Այս խաղերի մեջ:
Ես այդ աշխարհից
Գալիս եմ ահա,
Որ օրենքները ի կատար ածեմ`
Իրերի շարժման օրենքները պարզ:

Քանզի այն ամենն
Ինչ որ պատմում է
Մայր հողի մասին
Ու արյան մասին,
Ամպի ու լեռան,
Հացի ու փառքի,
Աղի ու լույսի,
Երաժշտության,
Բանաստեղծության,
Արցունքի մասին,
Անդունդի մասին,
Սարսուռի մասին
Ու քարի մասին,
Ինձ քո մասին է պատմում շարունակ:

Չե՞ որ ես տեսա,
Թե Հրազդանը
Քարի ու ջրի հավերժ բախումով
Ինչ է նկարում,
Եվ ամպերի տակ տեսա բաբախը
Արարատ լեռան,
Արարատ լեռը`
Ահեղ մի պայթյուն,
Որ ինձ հրկիզեց
Առանց լավայի…

Ինձ հարց են տալիս,
– Հայաստանն ի՞նչ է…
Բայց միթե այդքան հեշտ է բացատրել
Ամբողջությունը,
Մի՞թե հավատը մեկնաբանել է,
Թե ի՞նչ է Աստված…
Եվ ինչպե՞ս պատմել սարսուռի մասին,
Հավատքի մասին,
Եվ էությունը ինչպե՞ս մերկացնել,
Ցույց տալու համար
Կերպարը սիրո:
Հիմա ես ու նա`
Միասնություն ենք
Եվ ամբողջությամբ մեր ճշմարտության,
Եվ եթերային մեր երազներով,
Անցյալի դեմքով տանջահար ու հեգ
Եվ ճերմակ ու ջերմ օրորոցներով…
Մենք պահանջ չունենք խոսքի ու բառի,
Զի հոգիները լռության մեջ են
Միանում իրար:

Երկի´ր Հայաստան,
Ես բարձրացել եմ քո փառքի թևով,
Քո կորուստներով եղել արնաքամ,
Աղոթել եմ ես քո մայրերի հետ,
Քո վերքերի մեջ կսկիծ եմ եղել,
Ծնունդներիդ մեջ` բերկրություն մի պարզ:

Հինգ հազար տարի
Քո տառապանքի հետ եմ ես եղել:
Եվ այս ամենը ինչպե՞ս բացատրել
Այն մարդկանց, որոնք
Ինձ հարց են տալիս,
«Հայաստանը քեզ դո՞ւր եկավ արդյոք»:

Ու ես այդ մարկանց ուզում եմ ասել,
– Ես Հայաստանը ապրում եմ, մարդիկ,
Ապրում եմ նրա հնագույն մաշկով,
Բույրով մենավոր
Եվ զգում նրան իմ արմատներով…
Ես չգնացի նրան տեսնելու ու հավանելու,
Գնացի այնտեղ նորից ծնվելու
Եվ որոնելու լույսն իմ նախնական,
Եվ սկսելու իմ զրո դարից:

Դու, որ ինձ գիտես
Եվ հասկանում ես իմ ճիչը անգամ,
Գիտե՞ս, թե որքան դժվարանում եմ
Քո մասին խոսել
Աշխարհիկ լեզվով,-
Մեր հանդիպումը
Ամենավերին
Երկինքներում է,
Որտեղ խոսում են,
Սակայն չեն զգում բայերի կարիք:

Եվ դրա համար
Ես իմ լռության աղոթքներով եմ
Միշտ քեզ ողջունում,
Իմ ինքնապատկեր:

Ու քեզ օրհնելով,
Ես ինձ եմ օրհնում,
Քեզ վերապրելով,
Վերապրում եմ ինձ,
Եվ ճի´չս, ճի´չս
Այդ դու ես, որ կաս,
Հայրենի իմ հող
Եվ իմ դրոշակ`
Երկի´ր Հայաստան:

Ա.Կիրակոսյանը Հայաստան առաջին անգամ այցելել է 1967 թվականին։ «Նամակ առ Հայաստան» բանաստեղծությունը գրել է Հայաստանից վերադառնալուց երկու տարի անց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում