Երկու շնագայլ փորներն անոթի…

Երկու շնագայլ փորներն անոթի…

Երկու շնագայլ փորներն անոթի,
Քաղցի կեղեքող մտքից հալածված,
Չափչփում էին ճամփեքը լոթի,
Տափաստանի մեջ ասես մոռացված:
Հետքն էին կորցրել առյուծ արքայի,
Վայրի էր անծայր մայր տափաստանը,
Որ մեկի վրա չոր աչքը պահի,
Չմատնի մեկին մյուսի դարանը:
Ապրելու քաղցը` կուշտ փորի խնդիր,
Հզորին պիտի թույլերը ներեն,
Տափաստաններում դեռ անծայրածիր
Կամքը մեկ մեկու պիտի տրորեն:
Վայրի գոմեշ էր գետնել առյուծը,
Արքային վայել նոր պիտի ճաշեր,
Իր ընտանիքի քաղցի մեծ լուծը
Հերիք է իրեն ճամփեքին մաշեր:
Նոր էր սկսել համտեսը մսի
Մի պատվախնդիր ցեղակցի հետ,
Ոչ մի օտարի ավար չի կիսի,
Արդար վաստակի քրտինքին անգետ:
Շնագայլերը քաղցից սովալուր,
Հոտն առել էին արքայի ճաշի,
Առյուծին նրանք ինչ սպասված հյուր,
Կղանքը չէր տա նա անգամ լեշի:
Չէ, անիմաստ է համբերելն իզուր,
Առյուծն ավարին մոտիկ չի թողնի,
Ցեղակիցներին պետք է տանել լուր,
Սրան որ մնա, սա չի ողորմի:
Ձայնեցին իրար տափաստանով մեկ,
Թե ցեղակիցներ, օգնություն է պետք,
Ու թե սոված եք, համեցեք ճաշի,
Մենակ թե արագ մի ճամփա մտեք:
Մի շնչով նրանք իրար միացան,
Շնագայլերի ոհմակն հավաքվեց,
Ինչ լեզվով խոսես վայրենու հետ շան,
Ոհմակի հետ ոնց քեզ թույլ տաս, չափվես:
Խանգարում էին հարայ-հրոցով,
Աջից ու ձախից ատամ ցույց տալիս,
Շնագայլերի փորձառու փորձով
Նենգությամբ էին հաղթության գալիս:
Իսկ առյուծները մի կողքի քաշված,
Ավարը թողած սոված ոհմակին,
Թե չլինի թե մտածեն հանկարծ`
Արքային գահից գցել են գետնին…

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում