Ես և Դու

Ես և Դու

Ամեն ինչից հեռու,
Այնտեղ,
Ուր հավատ ու խորհուրդ
Հանդիպում են իրար,
Հանդիպում նույն ոճով
Ու նույն մակարդակով,
Այնտեղ,
Ուր «հետո»-ին
Սպասելուց հոգնած
Ամպն է տարուբերվում,
Այնտեղ պիտի լինեմ:
Այնտեղ,
Ուր ես իբրև զտված մի նյութ,
Գիտության
Եվ Աստծո
Սեղանի շուրջ
Հացի պիտի նստեմ
Օդից առկախ
Եվ նույն գինին ըմպեմ,
Նույն խոսքերը ասեմ,
Այնտեղ պիտի լինեմ:
Այնտեղ,
Ուր ամեն ինչ
Զարկում ու բախվում է
Ամեն ինչի:

Ես և դու`
Մի հսկա աշխարհ,
Ուր զարկերն էության
Ձուլվում են իրար,
Ուր մենքը կառուցվում է
Անմեղ ու զտված:
Սրտի մեջ ստեղծվում է
Տարօրինակ մի թվաբանություն…
Երկուսը սիրո երկու չէ բնավ,
Այլ կատարյալ մեկ,
Իսկ կեսը սիրո
Կես չէ բնավ,
Այլ կատարյալ երկու.
Ինչպես կիսով բաժանված
Կաթիլը արցունքի:
Ես և դու`
Մի անբաժան մեկ:
Ես և դու`
Մի անջրպետ:

Ալիսա ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում