Քրքրված սիրտը իմ

Քրքրված սիրտը իմ

Քրքրված սիրտը իմ մի թաղեք Դուք այսօր,
Գոնե մեկ օր, մեկ ժամ թող դոփի անորոշ,
Քարացած իմ կարոտը և հույսը այրվող,
Թող մեկ ժամ էլ ծխի մոմի շիթերով…

Շղթայված իմ ձեռքերը` կրծքիս չծալվեն,
Կուրացած իմ աչքերը` հույսով լվացվեն,
Մերկացած իմ ջիղերը` մեկ ժամ էլ լարվեն,
Իսկ հետո ինչ արած, թող Ես չլինեմ…

Թող հողը Երկրիս Ինձ մեկ ժամ էլ կրի,
Ես իմ հոշոտված ու փորված մարմնով,
Խոստանում եմ Ձեզ, որ բեռ չեմ լինի,
Մի քիչ էլ Ինձ կյանք, մի քիչ համբերի…

Դեռ շնչում են մեղմիկ իմ թոքերը ծխած,
Բայց բաժան են անում իմ լարերը կորած,
Մաս առ մաս, երգ առ երգ, գիծ առ գիծ, տող առ տող,
Ամենը մեկից և մեկ հարվածով…

Օ՜, սպասեք գոնե Դուք` ծանոթներ հարգարժան,
Գոնե Ես չտեսնեմ, գոնե Ես հեռանամ…
Ոչ, սկսվել է արդեն թալանն աներես,
Աննկարագրելի աճուրդի հանդես…

Սպասե՜ք հեռանամ հետո բզկտեք,
Տարեք յուրացրեք տաղերս ցավոտ,
Եթե, իհարկե, կարող եք մեկտեղ,
Կյանքիս էջերը յուրացնել դրամով…

Թող հողը Երկրիս Ինձ մեկ ժամ էլ կրի,
Մերկացած իմ ջիղերը` մեկ ժամ էլ լարվեն,
Ուզում եմ տեսնել` վերջին տաղի,
Այս կողոպուտին ներկա գտնվել…

Երկիր անաստված Ինձ մեկ ժամ էլ կրի,
Մերկացած իմ ջիղերը` մեկ ժամ էլ լարվեն,
Խոստանում եմ Ձեզ, որ բեռ չեմ լինի,
Մի քիչ էլ Ինձ կյանք, մի քիչ համբերի…

Խոսք և երաժշտություն՝ Արթուր ՄԵՍՉՅԱՆԻ
Կանադա, Մոնրեալ 1991 թ․

Հետևեք մեզ նաև Telegram-ում