Սոնա Վան. Կենսագրություն

Սոնա Վան. Կենսագրություն

Հայ բանաստեղծուհի, հրապարակախոս, բժիշկ՝ Սոնա Վանը (Սոնա Անուշավանի Տեր-Հովհաննիսյան), ծնվել է 1952 թվականի փետրվարի 8-ին՝ Երևանում։

1975 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1978 թվականից ապրում է Կալիֆորնիայում։ Ամերիկյան համալսարանում ստացել է կլինիկական և հոգևոր-հոգեբանական մագիստրոսի կոչում։ Հեղինակ է քնարախոհական բանաստեղծությունների («Լույսի ծվեններ», 1996, «Ես անուն չունեմ», 2003, «Ես ձայն եմ լսում», 2006, «Չառա անունով թռչունը», 2011) ժողովածուների։

Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին, ինչպես նաև հեղինակ է բանաստեղծական 5 ժողովածուների, թարգմանվել է ավելի քան տասը լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն, ուկրաիներեն), հինգը՝ առանձին գրքերով։

1996-1997 թվականներին եղել է «Եղիցի լույս» (Լոս Անջելես) գրական, մշակութային ամսագրի հրատարակիչ-խմբագիր։ 2006 թվականից «Նարցիս» գրական-գեղարվեստական, մշակութային հանդեսի հիմնադիրն է, գլխավոր խմբագիրը, հովանավորը, իսկ 2013 թվականից՝ նաև գլխավոր խմբագիրը։

Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի, ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալի, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հուշամեդալի, արժանացել է Կալիֆոռնիայի Առևտրի պալատի կողմից սահմանված «Կինը գրականության մեջ -2013» մրցանակին, Սանկտ Պետերբուրգի հոգևոր-մշակութային կազմակերպության հուշամեդալի և հայրենական ու ամերիկյան գրական- մշակութային այլ մրցանակների, պարգևների, դիպլոմների։

2013-ին Սոնա Վանը հայապահպանության գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով։ Արժանացել է Նանսենի անվան ոսկե մեդալի։

Սոնա Վանի «ԼԻԲՐԵՏՈ ԱՆԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ» լեհերեն թարգմանված գիրքը աժանացել է է ԿԼԵՄԵՆՍ ՅԱՆԻՑԿՈՒ անվան ՅԱՆԻՑԻՈՒՍ միջազգային մրցանակի: Սոնա Վանին Լեհաստանում շնորհվել է Պոեզիայի և Արվեստի ՀՈՄԵՐ ԵՎրոպական Մեդալ:

ԴԵՐ – ԶՈՐ 

Զգու՜յշ…
զգույշ քայլիր անապատով

սա սովորական ավազ չէ

սա… ավազե ճերմակ վիրակապ է
դրված միլիոն ու կես երազների վրա

ուզում ես իմանալ զոհերի ճշգրիտ թի՞վը
դժվար չէ…
մաղի՜ր անապատի ավազը
ցանցի վրա ինչպես ձկնորս
հաշվիր ահաբեկված աչքերի թիվը
ու բաժանիր երկուսի

քեզ հետաքրքրում է նրանց երազների
մանրամասնե՞րը…

հոգ չէ…

դի՛ր ականջդ ավազի վրա
ու ինչպես կամերային նվագախումբ
կհնչի
բազմամիլիոն ոսկրե շվիների երգը

անընդմեջ կնվագեն շվիները
ու ավազի վրա
կօրորվեն մեկ ու կես միլիոն
ուրվականներ
դեղի՜ն… անատամ ժպիտներով
մինչև… մինչև հեռվից լսվի
առաջին ոտնաձայնը

գիտե՞ս… այստեղ… անապատում
ուրվականները
չեն հավատում… մարդկանց

Հատված՝ «ԼԻԲՐԵՏՈ ԱՆԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ» գրքից
Տեսանյութ՝ «Արարման խորհուրդը»

Հետևեք մեզ նաև Telegram-ում