Կճուճն ու ճուտը

Կճուճն ու ճուտը

Ճուտն ընկավ կճուճի մեջ
Դողաց սիրտը ճուտի,
Կամ կերել է կճուճը ինձ,
Կամ հենց հիմա կուտի:

Ճչաց ճուտը լեղապատառ.
– Ինձ մի ուտի, կճո՜ւճ:
Ես ի՞նչ եմ մե՜ծ փորիդ համար,
Ես դեռ շա՜տ եմ պուճուր…

Քրքջում է կճուճը ծեր,
Խրատելով ճուտին.
-Ա՜խ, դու անգե՜տ, լսվա՞ծ բան է
Կճուճը ճուտ ուտի…

Երևում է, թմբլիկ հիմար,
Որ քեզ դեռ չեն խաբել,
Դե շո՜ւտ փախիր, թե չէ հիմա
Բերանս կփակե՜ն…

Հենց այդ պահին ինչ-որ մեկի
Գլխում մի միտք ծագեց,
Մեկն այդ եկավ և կճուճի
Բերանը պինդ փակեց:

Մութով լցվեց կճուճը ծեր,
Լցվեց մութով ահեղ,
Կարծես մութի մեջ այդ հազար
Աղվես էին պահել:

Հիշեց ճուտը կտուցը իր,
Հիշեց պապին տոկուն,
Զգաց հազա՜ր աքլորներ են
Արթնանում իր հոգում:

Ճուտը լարվե՜ց, լարվե՜ց, լարվե՜ց,
Կտցեց ահեղ մութին,
Կիսվեց կճուճը բերանփակ
Ու բաց թողեց ճուտին…

Յուրի ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում