Ծաղրածուն և ծաղրաձուն

Ծաղրածուն և ծաղրաձուն

Մի ծաղրածու կրկեսում,
Ներկայացման ճիշտ կեսում,
Նստեց, նստեց, նստեց ու…
Ածեց մի շատ սիրուն ձու:

Ովքեր տեսան՝ հիացան,
Հիացան ու միաձայն
Գմբեթի տակ կրկեսի
Երգեցին երգ այսպիսի.

«Ծաղ-ծաղ-ծաղրածու,
Ծաղրածուն ածել է ձու,
Ծաղրածուի ածած է,
ԾԱՂՐԱՁՈ՜Ւ Է, ԾԱՂՐԱՁՈ՜Ւ…

Թե թխսի տակ դնենք ձուն,
Ծաղրածուի ածած ձուն,
Գուցե դուրս գա, ո՜վ գիտի,
Մի պստլիկ ծաղրածու:

Կսպասենք, չենք ալարի,
Իսկապես չենք ալարի,
Երեք շաբաթ հետո մենք
Կասենք՝ ծնունդդ՝ բարի…

Շատ լավ բալիկ կլինի,
Քիթը լոլիկ կլինի,
Բերանը՝ մ-ե-ե-ե՜-ծ, գլուխն էլ
Գունդ-կլորիկ կլինի…»:

Յուրի ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում