Անտառի բնակիչները

Անտառի բնակիչները

Հաստ արջուկը, գայլ մայրիկը,
Նապաստակը, սկյուռիկը
Եվ աղվեսը հավաքվեցին
Ու զրուցել սկսեցին,
Թե ձմեռը ցուրտ անտառում
Ով ինչպես է դիմավորում։
Արջուկն ասաց.
– Է՜, ինձ ի՞նչ կա,
Ինչքան կուզե
Թող շատ ձյուն գա,
Ես ուտելու կարիք չունեմ
Ողջ ձմեռը պիտի քնեմ։
Դո՞ւ, սկյուռի՛կ,
Սիրուն քույրիկ։
– Չէ, սիրելիս,
Ի՞նչ քուն, ի՞նչ բան,
Ես սովոր չեմ անգործության,
Ես չեմ նստում անգործ ու լուռ,
Հավաքում եմ մի քանի բուռ
Կաղին, ընկույզ,
Մի քիչ էլ թուզ։
Երբ իջնում է ձյունը փափուկ,
Փչակիս մեջ տաքուկ-տաքուկ
Իմ ունեցած այդ պաշարով
Ապրում եմ լավ ու ապահով,
Մինչև նորից գարուն բացվի,
Անտառն անուշ մրգով լցվի։
Իսկ դո՞ւ ինչպես,
Պատմի՛ր, աղվե՛ս։
– Է՜, ի՞նչ պատմեմ,
Այդ մի բանում
Ես ինձ երբեք չեմ հավանում,
Չեմ հավաքում ձմռան պածար,
Ինձ մնում է միայն մի ճար՝
Գաղտագողի գյուղ եմ մտնում,
Թե հաջողվեց, հավ եմ գտնում,
Աշխարհն իմն է
Ու ինձ համար
Հավասար են
Ձմեռ, ամառ։
Բայց երբ հավը վերջանում է,
Կյանքս էլ ասես կարճանում է,
Ստիպված եմ լինում նորից
Իջնել սարից, ելնել ձորից,
Արյան գնով
Գյուղը մտնել,
Թաքուն ուրիշ
Մի հավ գտնել։
Դո՞ւ սպիտակ,
Ժիր նապաստակ։
– Չէ՛, իմ կյանքը
Շայնքան վատ չէ,
Չարչարանքս էլ,
Ասենք, շատ չէ,
Մերկ անտառում միշտ ցատկոտում,
Ծառի կեղև եմ կրծոտում,
Բույս եմ հանում խոր ձյան տակից
Եվ այդպիսով պահում եմ ինձ,
Մինչև նորից
Գարուն բացվի,
Անտառը թարմ
Խոտով լցվի։
Իսկ դո՞ւ, մռայլ,
Գորշավուն գայլ։
– մի հարցրեք, գործս վատ է,
Մտածմունքս անչափ շատ է,
Հոտն իջնում է սարերից ցած,
Դատարկ փորով
Ու թույլ ոտով
Թե անցնում եմ
Գյուղի մոտով,
Մեկ հովիվն է հարայ տալիս,
Մեկ շներն են վրաս գալիս,
Մեկ որսորդն է ինձ հալածում,
Դրանց ձեռքից չունեմ պրծում…
Էլ ի՞նչ ասեմ,
Շատ բան կա դեռ,
Կյանք չեմ տեսնում
Ամբողջ ձմեռ,
Ահ ու դողով դես-դեն վազում
Չարչարվում եմ ու սպասում,
Մինչև նորից գարուն բացվի,
Սարն ոչխարի հոտով լցվի…
– Այդ քիչ դեռ, հայրենակի՛ց, –
Ասաց սկյուռրն իր փչակից , –
Երբ տալիս ես
Հոտին վնաս,
Ո՞վ կուզի որ
Դու ողջ մնաս…
Ծառ ու ծաղիկ լուռ ննջում են,
Շուտով հովն էլ կլռի,
Բայց դեռ նստած զրուցում են
Բնակիչներն անտառի…

Ռուբեն ՂԱՐԻԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում