Աղոթք

Աղոթք

Ահա եկան աշնանանյին թուխպ օրեր,
Մաղմղում են մանրահատիկ կաթիլներ.
Ծառերն իրանց տերևներից մերկացան,
Կռունկները շարան-շարան անց կացան:

Սևացել է դաշտը անթիվ ցելերով,
Բայց մի կողմից դեռ վարում են արորով,
Սերմնացանը գոգնոցն առած սերմնացուն,
Սերմ ե ձըգում աղաչելով աստծուն.

«Ո՜վ տեր աստված, դու՛ իմ ցանքը պահպանես,
Առատ անձրև, կարմիր արև չըխնայես.
Մեկ բուռն ահա ես տալիս եմ մկներին,
Այս մեկ բուռն էլ ագռավներին, ծտերին:

Բայց մարախը գոհ չի մնալ մի բռնով,
Երկու կտամ, թող կշտանա սրանով.
Մեկ բան էլ կա, որ անունը չեմ տալիս,
Այն դու գիտես… վերևից Է նա գալիս:

Դու սրանցից արտըս պահիր անվնաս,
Ես տերտերից չեմ խնայիլ կալամաս.
Վանականներ, գործակալներ ինչքան գան,
Բոլորեքյանք առատ բաժին կստանան:

Կերթամ Մարաս խունկ ու մոմով, մատաղով
Միայն արտըս դու պահպանիր ապահով:
Էլ ի՞նչ ասեմ, աստված, ինքըդ լավ գիտես,
Թե ինչ պարտքի, պատուհասի մեջ եմ ես.

Գող-ավազակ մի կողմից են կողոպտում,
Պարտատերըս մյուս կողմից է ինձ խեղդում:
Դրանց ձեռքից, եթե մի բան է մնում,
Այն էլ գայլի կամ ցավի է զոհ դառնում.

Մի տուն լիքը երեխեքս մերկ, քաղցած,
Տարին առատ, բայց ես չունիմ կորեկ հաց.
Հույսըս ահա վոտքիդ տակին փռած է,
Քո սուրբ աջը սըրա վըրա տարածե»:

Ղազարոս ԱՂԱՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում