Գրառում տպավորությունների մատյանում

Գրառում տպավորությունների մատյանում

Հեքիաթից հեքիաթ թռչելիս
հազարան հավքի թևից
պոկվեց մի փետուր՝ օրորվելով եկավ
եղանակներից բզկտված բլուրների վրայով,
քաշված հերոսական օրերի վրայով, որոնցից հետո
կյանքը նմանվեց ցրտած սենյակի, խաղալով իջավ
քամու քշած վերմակների և մրսող մեջքերի վրայով,
քաղաքների տամկության վրայով, ուր բորբոսնեց մեր հայրերի ոսկին,
իջավ դեմս, որ վերցնեմ՝ մի քանի տող գրելու
այս աշխարհի տպավորությունների մատյանում:

Եվ ես գրեցի. «Փետուրն իսկապես հազարան հավքի է,
Ինչ որ լսեցի՝ նրա մասին էր,
իսկ հավքը չկար»:

Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում