Անհնարինը՝ հնարավոր

Անհնարինը՝ հնարավոր

Պապս ասում էր` էլ հնարավոր չէ`
Հալածվելով հոգսերի խայթող պարսից,
Հնարավոր չէ, մարդ կգժվի վերջը,
Ասում էր հայրս` գործից տուն գալիս:

Էսպես այլևս հնարավոր չէ,-
Ասել են արքա, ռամիկ ու նախարար,
Այդպես ասել են զոհը և դահիճը
Ու նայել իրար երես-շփոթահար:

Էսպես հնարավոր չէ` հայհոյում ենք թունդ,
Լցնում օղին, պառկում հոխորտալով…
Այսպես ծնվում, մեռնում ենք սերնդեսերունդ
Անհնարինը դարձրած հնարավոր:

Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում