Հուշեր

Հուշեր

Առաջին հայհոյանքը ճանաչելու
Սրբազան տղայություն,
Հետո, երբ մերկ պառկում էինք բազալտների վրա,
ամաչում էինք մեր մանուկ անկարողությունից:
Հույսը պարում էր ապագայում
Տղամարդու նոփ-նոր կոշիկներով:
Հեռուստատեսության աշտարակի կողքից
հավաքում էինք ժապավեններ,
Փնտրում կանանց մերկ թևերի կադրեր:
Իսկ էշը, որ կապած էր խղճուկ անտառի
Ծառից, զռաց, մերժեց Գրիշի նստուկը
Ու տրտինգ տալով, նրան գցեց առուն:
Խնդում էինք:
Մեկ էլ՝ հրացանազարկ, պահակն է:
Փախս ի վար, մեր փողոց, հերոսացած:
Քարերով զարկում ենք իրար, խաղ է: Ճչում է մեկը:
Գլուխտը ծակ, արյուն: Կռիվ ծնողների, քֆուր-քյաֆար:
Նորից խաղ: Հարևաններն իրար հետ նարդի են խաղում:
Խմում են տնական արաղ, կծու բիբար ուտում:
Մայրս կանչում է: Ապտակ, խաղողի շիվերով ծեծ:
Քիչ-քիչ զգում եմ ուժս, որն ընդունում է հարվածն ու
Բերանիս ստիպում խնդալ: Մայրս ավելի է զայրանում:
Անտառում աղջիկ են բռնաբարել: Թաշկինակ է մնացել խոտերին:
Մենք արյան հետքեր ենք փնտրում:
Միլիցեքը լցվել են անտառը:
Ծնողները խստացնում են անտառ գնալը:
Մայրս ճոճում է ծուռ-մուռ շիվը:
Գաջի հանքերի փոսերում ջուր է դուրս տվել, գյոլել,
Աղի է, կանայք լողանում են ոտքերը բաց,
Մենք թաքնված: Նրանց բդերի մի փոքր փայլից
Կուրանում ենք, երեխայի բիբը վագրի ցատկով
Բացում է իր համար փակվածը:
Շները քայլում են քարերի վրայով:
Պոմիդորը կարմրում է քոլին, պարիսպներ չկան: Գողանում ենք:
Շապիկի ծայրով մաքրում ենք փոշին,
Բացված կարմիրը սարսռուն է:
Մայրս կանչում է: էլի ծեծ: Դաս սովորի, դաս:

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում