Իմ հայրն ու մայրը

Իմ հայրն ու մայրը

Իմ հայրն ու մայրը կռվում էին միշտ,
Նրանք արնակից բարեկամ էին,
14 տարեկան մորս հարս էին տարել, որ պահի
Իմ ուռուցորած Սոփի տատիկին,
Որին չեմ տեսել, նա մեռել է վաղ:
Ո՞վ պիտի պահեր եթե ոչ նրա ցեղակից մայրս:
Դրա համար էլ հարս էին տարել:
Իսկ հայրս՝ տղա, որին լոկ եզն էր միայն լսում,
Միշկո եզն հայտնի իր կատաղությամբ:
Իսկ Բեգո պապս արդեն չկար,
Միլիտոն ծերն էր (Բեգոյի հայրը)
Օջախը պահում:
Երկայնահասակ, բարձր փափախով (մայրս է պատմել)
Իր պատկառելի բարձունքից խոժոռ հսկել է տունը:
Հայրս միշտ հանգիստ, մայրս ջղային, պահանջկոտ ու խիստ:
«Պիտի աշխատել, պիտի ետ չընկնել հարևաններից»
Նրա հավատո հանգանակն էր սա:
Իսկ հյուսն հայրս սոճու փայտի պես,
Սոճու փայտի հետ,
Տաշեղների մեջ:
Պապիրոսն ակաջի ետև դրած
Քայլում էր թեթև,
Իսկ երբ ամառը թևքերն էր քշտում,
Պարզ երևում էր ձախ ձեռքը ծուռտիկ, արմունկի մոտից:
Խրամատի մեջ ընկել կոտրել է,
Եվ պատերազմն այդպես ավարտել:
Նրա սարքած դուռ-լուսամուտից չէի ասի
Համշված ձախ ձեռքի մասին:
Եվ ուրագը, որ նա շպրտեց ֆինբաժնի
ոմն հսկիչի ետքից,
Թռչում է ինձ հետ տարիների մեջ:
Նա հավաբնի պատուհան էր (փոքրիկ մի
լուսամուտ) շինել ու այդտեղ վրա էր հասել
ֆինբաժնի մարդը խիստ հրահանգով,
պատժիչ բռնության օրենքով և այլն:
Լավ է չմեռավ:
Իսկ մայրս այդպես կացին բարձրացրեց
Քանդող բրիգադ կոչվածի վրա, այսինքն նրա
պետի գլխին:
Նա էլ փախավ, և պատշգամբի կցակառույցը
Ավարտվեց փառքով:
– Քարը կրծելով ապրեցինք, բա՜, – ասում էր մայրս:
Հայրս ժպտում էր, իբր՝ դե լավ, հա՜:

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում