Անմոռուկ

Անմոռուկ

Մեր ոտքե՞րը, թե՞ ոգին է բարձրանում
արդեն քանի վաղնջական ու նոր ժամանակ,
և չենք շտապում հասնել գագաթը նախախնամ.
հանկարծ չավարտվի լեգենդը,
որ ամեն օր ու նորից է սկսվում։

Հիշում եմ հովվին այն ուշ օրվա,
որ խարույկ էր վառել աշնան պաղի մեջ
դաշտում՝ դիմացը Արարատ լեռան,
իսկ մենք բոլորակ նստել էինք շուրջը կրակի։
Այծի հում կաթ, խորոված կարտոֆիլ հյուրասիրեց
և խոսեց հովիվը ծեր՝
մեկնելով մի պատում աստվածաշնչյան,
որ մեր պատմությունից այն կողմ
ու մի ամբողջ ժամանակ առաջ էր.

-Մի մարդ՝ անունը Նոյ,
ապրողների մեջ արդար,
և արդարներից բարեպաշտն էր,
Աստծու մեկ խոսքով նավ շինեց,
երկրի գազաններից առավ էգ ու որձ,
երկնքի թռչուններից՝ մարի, արու,
և իր ընտանիքն առաջն արած մտավ տապանը։
Մեր Տիրոջ կամքն էր․
մինչև ընդերքից բարձրացան
ու երկնքից իջան ջրերը
և ցամաքը առան հեղեղի տակ:

Երբ նավը Մեծ Մասիսին էր կանգնել,
Նոյը տեսավ հողը՝ կյանքի նշանով,
և գազանները էգ ու որձ, թռչունները մարի, արու
ու իր տունը հետևից՝ լեռը ցած իջավ այստեղ.
առաջին կրակը վառեց երկրի վրա
զոհ մատուցեց մեր Տիրոջը,
և Աստծու հետ խոսեց այն լեզվով,
որ ես եմ պատմում ձեզ:
Մենք նույն տեղում ենք խարույկ վառել հիմա՝
մի պատմություն այս կողմ,
մի ամբողջ ժամանակ հետո։

Արա ՀՈՒՍԻԿ

Հետևեք մեզ նաև Telegram-ում