Վարժատուն

Վարժատուն

«Մայրիկ` ինչո՞ւ այս խեղճը
Ման է գալիս գըջըլտած,
Ոտքը բոբիկ, գըլխաբաց,
Ինքն էլ գրեթե միշտ քաղցած»:

– Որդյակ` դա էլ քեզ նըման
Մի օր տըղա էր փոքրիկ.
Բայց թողուցին անխընամ
Նորան մոտի վատ մարդիկ:

Չուղարկեցին վարժատուն,
Բարի խըրատ չի տըվին,
Մընաց խեղճը անուսում,
Ծույլ ու անգործ բընավին…

Ինքըդ դատե, բըրետեն
Օգուտ ունի՞ մեղվանոց.
Նույնպես գիտցիր` տըգետեն
Երբեք չիկա շահ մարդոց:

Այս ժամանակ մեզ կուտան
Մարդիկ հալավ, տուն ու հաց,
Երբ որ նոքա կըստանան
Մեզանից շահ` փոխադարձ…

Այս պատճառով` այդ մարդը
Ման է գալիս գըջըլտած,
Ոտքը բոբիկ, գըլխաբաց,
Ինքն էլ գրեթե միշտ քաղցած:

«Մայրիկ` չուզեմ ես նըման
Լինել թըշվառ այդ մարդուն.
Այսուհետև պիտ երթամ
Ամենայն օր վարժատուն»:

Ռաֆայել ՊԱՏԿԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում