Արաքսի արտասուքը

Արաքսի արտասուքը

Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գընում եմ,
Հին-հին դարուց հիշատակ
Ալյաց մեջը պըտրում եմ։

Բայց նոքա միշտ հեղհեղուկ,
Պըղտոր ջըրով եզերքին
Դարիվ-դարիվ խըփելով
Փախչում էին լալագին։

Արա՛քս, ինչո՞ւ ձըկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չի հասած
Սըգավոր ես ինձ նըման։

Ինչո՞ւ արցունք ցայտում են
Քու սեգ, հըպարտ աչերից,
Ինչո՞ւ արագ փախչում ես
Այդ հարազատ ափերից։

Մի՛ պըղտորիլ հատակըդ,
Հանդարտ հոսե՛ խայտալով,
Մանկությունը քու կարճ է՝
Շուտ կհասնիս դեպի ծով։

Վարդի թըփեր թո՛ղ բուսնին
Քու հյուրընկալ ափի մոտ,
Սոխակները նոցա մեջ
Երգեն մինչև առավոտ։

Մըշտադալար ուռիներ
Սառ ծոցի մեջ քու ջըրին,
Ճկուն ոստըն ու տերև
Թող թաց անեն տապ օրին։

Ափերիդ մոտ երգելու
Հովիվք թո՛ղ գան համարձակ,
Գառն ու ուլը քու վըճիտ
Ջուրը մըտնին միշտ արձակ։

Մեջքը ուռցուց Արաքսը,
Փրփուր հանեց իր տակից,
Ամպի նըման գոռալով,
Էսպես խոսեց հատակից.

– Խիզա՜խ, անմի՛տ պատանի,
Նիրհըս ինչո՞ւ դարևոր
Վրդովում ես, նորոգում
Իմ ցավերը բյուրավոր։

Սիրելիի մահից հետ
Ե՞րբ ես տեսել, որ այրին
Ոտից գըլուխ պըճնվի
Իր զարդերով թանկագին։

Որի՞ համար զարդարվիմ,
Որի՞ աչքը հրապուրեմ,
Շատերն ինձ են ատելի,
Շատերին՝ ես օտար եմ․․․

Կար ժամանակ, որ ես էլ,
Շըքեղազարդ հարսի պես,
Հազար ու բյուր պըչրանքով
Փախչում էի ափերես։

Հատակըս պարզ ու վըճիտ,
Կոհակներըս ոլորուն,
Լուսաբերը մինչև այգ
Ջըրիս միջին էր լողում։

Ի՞նչըս մընաց էն օրից,
Ո՞ր ջըրամոտ գեղերըս,
Ո՞րը իմ շեն քաղաքից,
Ո՞ր բերկրալի տեղերըս։

Տուրքը ջըրի ամեն օր
Իր սուրբ ծոցեն Արարատ
Մայրախընամ ինձ սընունդ
Պարգևում է լիառատ։

Բայց ես այն սուրբ ջըրերով,
Սուրբ Ակոբի աղբյուրին,
Պիտի ցողեմ արտորա՞յք
Իմ ատելի օտարին․․․

Մինչ իմ որդիք,- ո՞վ գիտե-
Ծարավ, նոթի, անտերունչ
Օտար աշխարհ հածում են
Թույլ ոտքերով կիսաշունչ․․․

Հեռո՜ւ, հեռո՜ւ քըշեցին
Բընիկ ազգըն իմ Հայկյան,
Նորա տեղը ինձ տըվին
Ազգ անկըրոն, մոլեկան։

Դոցա՞ համար զարդարեմ
Իմ հյուրընկալ ափերը,
Եվ կամ՝ դոցա՞ հրապուրեմ
Ճըպռոտ, պըլշած աչերը։

Քանի որ իմ զավակունք
Այսպես կու մընան պանդուխտ՝
Ինձ միշտ սըգվոր կը տեսնեք,-
Այս է անխաբ իմ սուրբ ուխտ․․․

Էլ չի խոսեց Արաքսը,
Հորձանք տվեց ահագին,
Օղակ-օղակ օձի պես
Առաջ սողաց մոլեգին։

Ռաֆայել ՊԱՏԿԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում