Պատմի՛ր նրա մասին

Պատմի՛ր նրա մասին

Նորից չէր ու չէր կրկին.
այդպես մեկ անգամ է լինում՝
առաջին և վերջին:
Գիշերվա ոտնահետքը ինձ տարավ
ուղիղ Աստծու մոտ,
ասացի՝ պատմի՛ր նրա մասին.
պատմեց՝ դեռ աշխարհի արարումից
խնամքով պահած բառեր,
բայց չէր այն մեկ վայրկյանը՝
նրա հայացքով, որ սպանում է ինձ,
և կյանքը նորից է ամեն անգամ:

Նույն ոտնահետքով՝ կես քայլ,
ու սատանային գտա,
ասացի՝ խոսի՛ր նրա մասին.
խոսեց՝ որպես առաջինը
երկրի վրա քայլած անմահ,
սակայն ոչինչ էր նրա համեմատ,
որ թեպետ մահկանացու,
հսկում է ժամանակը
իմ աշխարհներում երկու՝ լինել-չլինելու:

Մյուս հրեշտակներին էլ հասա,
ասացի՝ երգե՛ք նրա մասին.
երգեցին ամենասիրուն ձայնով,
որ երբևէ մարդը կարող է լսել․
մինչդեռ նրա շշունջն էր հնչում ուրիշ,
քանդուավեր, երբ կանչում է իմ անունը:

Բացեցի բոլոր բառարանները
ու գրքերի լեզուն լսեցի.
դեռ չի գրվել այն խոսքը,
որ նրան մեկնի զվարթ
և տոն լինեմ ես:
Փորձեցի ի՛նքս պատմել ինձ.
բառե՜ր, էլի՜ բառեր,
որ խեղճ էին ու կուչ եկած:

Քեզ չեն պատմում․
դու կայիր, բառը հետո եղավ:

Արա ՀՈՒՍԻԿ

Հետևեք մեզ նաև Telegram-ում