Բալլադ հարազատներիս համար

Բալլադ հարազատներիս համար

Կհարցնեք՝ որտե՞ղ եմ, ինչու՞ չեմ գրում.
ասեմ՝ չեմ մեռել, ինձ չեն կողոպտել բանկերը,
բանտում չեմ, փառք Աստծո,
ստահակների խումբը չի դանակահարել իր հաճույքի համար։
Սիրուհու գրկում չեմ, ոչ Էլ կարեկցության մեջ բարեգործ մեկի։
Այսքանով հանդերձ՝ ես չկամ, սիրելիներս։ Չկամ այն օրից, երբ
ննջել Էի զբոսայգու նստարանին՝ ծերացող մարմնիս
փլվածքի տակ ճնշված, արթնացա արևի դանակների ծակոցից,
տեսա՝ մի մրջյուն ծառուղով արագ տանում Է անունս,
իսկ մի ուրիշը՝ ավելի խոշորը, հակառակ ուղղությամբ
քարշ Է տալիս ազգանունս։
Ես մեկից դարձա անհայտ-աննշան արարած, և մի թեթև քամի
քշեց ինձ, կորցրեց խոտերի մեջ։ Դարձա խոտ, կանաչ,
շրշացող, արև ու ջուր սիրող։ Դա այնքան Էլ հեռու
չէ մարդուց, այնպես որ գրեթե մեծ ցավ չապրեցի
նոր վիճակիս համար։ Իսկ ամառնամուտին
եկան մի քանի պատվառազդու խոտեր, երկուսը ծաղիկներ էին,
հոտավետ ու ժպտուն։ Նրանք ինձ տվեցին
կանաչ շորեր և կանաչ սիրտ
ու տարան խոտերի դպրոց։ Շուտով կստանամ
անուն և եթե Աստված կամենա՝ նաև դեղաբույսի
վկայական, որովհետև խոտերը հաշվի են առնում
պոետ լինելս, որը մարդաշխարհում հոգիներ է բուժել։ Չնայած, ես ուզում
եմ մնալ աննշան խոտ, այդպես հանգիստ է, մանավանդ այն
երկու ծաղիկներից մեկը բուրում է կողքիս։

Հ.Գ. Մարդկային անցյալիս համար տանջվում եմ։ Բայց
դա սիրով թողնում եմ ձեզ, եթե իհարկե չխորշեք ընդունել
արկածներով լեցուն կյանքս իբրև ժառանգություն, հետն
էլ լավատեսության իմ ողջ պաշարը, որ
Հայաստանին կհերիքի Եգիպտոսից ելնելու համար։

Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում