Արայիկի մտածմունքը

Արայիկի մտածմունքը

Մայրիկս ասում է՝ դպրոցական ես,
Արդեն հասուն ես, արդեն խելահաս,
Կատվի պոչից էլ պիտի չքաշես,
Պիտի նստես ու ողջ օրը կարդաս:

Հետո դեռ ուրիշ բաներ է ասում՝
Պիտի քիչ խաղաս հիմա, ասում է:
Իբր խաղալը ինձ էլ չի սազում,
(Իսկ իմ կարծիքով շատ էլ սազում է):

Մտածելու դեռ ինչքա՜ն բաներ կան,
Ախր հե՞շտ գիտեք այս մեծանալը,
Կարող է վաղն էլ մի քիչ մեծանամ,
Ստիպված լրիվ թողնեմ խաղալը:

Իսկ ուսուցչուհին ասում է՝ եթե
Մենք լավ սովորենք ու խելոք մնանք,
Կյանքը կլինի ուրախ ու թեթև,
Եվ ինչ ուզում ենք, այն էլ կդառնանք:

Բայց ես չգիտեմ դեռ, ինչ եմ ուզում,
Դրա մասին ես պիտի մտածեմ,
Գագարին դառնամ գուցե սկզբում,
Հետո գիտնական դառնալ կփորձեմ:

Հիմա չգիտեմ մեծանա՞մ, կամ թէ,
Խաղա՞լ սկսեմ, չգնա՞մ դասի…
Իմ ուսուցչուհին ամեն ինչ գիտե,
Վաղը հարցնեմ և նա ինձ կասի:

Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում