Մահվան տեսիլ

Մահվան տեսիլ

Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն՝ վերջի՜ն քնար. –
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու:
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի –
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի:
Կանգնել են, լուռ իրար կքած, փայտեր երկու,
ՈՒ մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու:
Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,
ՈՒ լռություն մի անստվեր, անդուռ, անդող,
Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան
Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող:
ՈՒ խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,
Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,
Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ –
Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա:
Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան –
ՈՒ լուսավոր առավոտները իմ հոգու
Ո՞վ դարձրեց – մի անկրակ իրիկնաժամ,
ՈՒ գորշ պարան, ու երկնուղեշ փայտե’ր երկու:
Գուցե այդ ե’ս եմ, որ կարոտով իմ լուսնահար
Ո’չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
ՈՒ ցանկացա, որ չօրհներգե ո’չ մի քնար
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի…

Երթամ հիմա: ՈՒ կարոտով անմիխիթար,
Իմ երգիչի երազներով ու հրերով,
Անհրապույր իմ օրերի երգով մթար
ՈՒ նաիրյան իմ երազի վերջին սիրով, –
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուլու հալածական, որպես տեսիլ –
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
ՈՒ օրորվեմ՝ եղերական ու անբասիր…
Թող ո’չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
ՈՒրիշ ոտքեր կախաղանին թող մո’տ չգան.
Եվ թող տեսնեն ի’մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո’րբ երկիր, լուսապսակ քո ապագան:
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվացի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա, –
Թող ո’չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո’չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա…

Եղիշե ՉԱՐԵՆՑ

Եղիշե Չարենցը ստալինյան տեռորի ամենանշանավոր զոհն էր, որ տվեց հայ մշակույթն ու գրականությունը։ Դատապարտվեց ոչ միայն գրողը, այլեւ՝ նրա ընտանիքը: Կինը՝ Իզաբելլան, բանտարկվեց եւ աքսորվեց, մանկահասակ դուստրերը՝ որբացան: Հանճարեղ բանաստեղծի կյանքի այն ժամանակահատվածը, որ երբեք հայ կինոյում չի ներկայացվել: Բանաստեղծի մահվանից 75 տարի անց՝ չարենցյան ողբերգության հեռուստատեսային տարբերակը։

Ֆիլմը՝ Ազատություն ռադիոկայանի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում