USD
EUR
RUB

Սբ․ Ներսես Շնորհալի հայրապետի խաղողի օրհնության աղոթքը

 

Տեր Աստված, Հայր Անսկիզբ, Անեղ և անմահ Բնություն, ինքնագո և անգոյությունից ստեղծված ամեն ինչի Գոյացուցիչ, որ արարչությանդ երրորդ օրը երկրին հրամայեցիր զանազան պտղաբեր բույսեր ու տունկեր աճեցնել` ի պետս զգայական ու շնչավոր կենդանիների: Այս ամենի հետ, ի վայելումն և ի բնակություն բանական բնության, տնկեցիր նաև Քեզնից իր անունը ստացած դրախտի գեղեցիկ ծառերը, որոնց նաև օրհնեցիր` համաձայն Աստվածային այն խոսքի, թե «Աստված տեսավ, որ չափազանց բարի են, և օրհնեց դրանց» (Ծննդ. Ա : 21 — 22):

Իսկ երբ մարդը մեղանչեց Քո պատվիրանի դեմ` արգելված պտղից ուտելով, երկրին և նրա պտուղներին տրված Աստվածային Օրհնությունդ անեծքի փոխեցիր` Ադամին ասելով. «Թող անիծյա՛լ լինի երկիրը քո արածի պատճառով» (Ծննդ. Գ : 17): Այսու արդար վճիռ արձակեցիր:

Եվ ինչպես որ գլխի վախճանից հետո հնարավոր չէ անդամների կենսագործունեությունը, այնպես էլ զգայական արարածների գլխի` մարդու մեղքի պատճառով մեռնելուց հետո անկարելի էր, որ երկրի ծառայական գոյությունը անփոփոխելի մնար Քո կենդանարար Խոսքի օրհնության մեջ:

Իսկ երբ Հայրական թաքնված սերդ հայտնեցիր մարդկային ցեղին` առաքելով Միածին Որդուդ, որպեսզի իբրև ծաղկյալ գավազան բխի Հեսսեի արմատից ըստ մարմնի և բուսնի իբրև վայելչագեղ ու անուշահոտ ծաղիկ անարատ կույս Մարիամից, և իբրև կենաց ու անմահության պտուղ տրվի մեր մահկանացու բնությանը, խաչի վրա Քրիստոսով վերստին օրհնեցիր ողջ տիեզերքը` համաձայն Քո այն անսուտ խոստման, որ տրվեց հավատքի հայր Աբրահամին, թե «քո զավակի միջոցով պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը»:

Եվ եթե անեծքի դատապարտությունը տիրեց թե՛ ամենի ինչի վրա իշխան կարգված մարդուն և թե՛ նրա իշխանության ներքո եղածներին, ապա, մարդկային բնության օրհնություն ստանալու պարագային, որքան առավել պետք է Աստվածային վերօրհնությանը հաղորդակից լինեին արարածների զգայական բնությունները:

Ողկուզավոր բոլոր պտուղներից խաղողի հյութն առավել արժանի դարձավ օրհնության մեծագույն շնորհին` լինելով Միածին Որդուդ փրկագործ արյան նյութը, որով գնվելով, ազատվեցինք մեղքի ու մահվան ծառայությունից: Խաղողի այս հյութն էր, որ Վերնատան Խորհրդի մեջ ձեռքը վերցնելով` օրհնեց ու ասաց. «Այս է իմ արյունը»: Այս պտղի միջոցով կատարյալ օրհնություն ընդունեցին նաև նրան համասեռ բոլոր պտուղները:

Եվ արդ, Ո՛վ Տեր, նույն օրհնությամբ, որով օրհնեցիր Քո կողմից ստեղծված բարի արարածներին առաջին արաչությանդ ժամանակ, օրհնեցիր նաև երկրորդի ընթացքում, օրհնիր նաև այժմ Քեզ նվիրված նորոգված տարվա երախայրիքի այս պտուղը` խաղողի ողկույզները, ըստ Ահարոնի հին քահանայության, ինչպես որ օրինադրեցիր Իսրայելի տոհմի համար Մովսեսի ձեռքով` բոլոր պտուղների անդրանիկն ընծայաբերել Քո Վկայության Խորանին: Եվ սա հաստատվեց, որպեսզի մասնավոր ընծաների միջոցով Քո օրհնությունը տարածվի բոլոր պտուղների վրա: Այսպես նաև ընծայաբերված այս պտղին խառնելով միացրու Քո Աստվածային և հոգևոր օրհնությունը, որպեսզի, այս նյութական պտուղների ճաշակմանը համաժամանակ, Քո օրհնության իմանալի շնորհը սրա միջոցով միախառնվի ճաշակողների հոգիներին: Եվ որպեսզի մաքրություն և մեղքերի թողություն ստանան այս ճաշակմամբ, և սրանով արժանի լինենք ճաշակելու այն կենաց ծառի պտղից, որ հրամայեցիր Քերովբեների դասին` պահպանել բոցեղեն սրով: Այս ճաշակմամբ անմահանալով` անմահների դասերի հետ միշտ` պիտի փառավորենք Քեզ` Որդուդ և Ամենասուրբ Հոգուդ հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԵՑՈՒՆ
(Ուղղված առ Որդին Աստված)

Օրհնյալ ես Որդի և Հոր Խոսք, առաջին լույսի անճառելի ճառագայթ, կերպարանք և պատկեր աներույթ Աստուծո, Նրան գոյակից և արածներին գոյավորելիս արարչակից: Որ ասացիր խոսքով, և ստեղծվեցին, հրամայեցիր, և հաստատվեցին, քանզի Քո իմանալն ու կամենալը կատարյալ գործ է: Որ փայտե տունկերից ամենատկարին` խաղողի որթին, պտղի օգտակարության շնորհիվ, ավելի զորավոր դարձրիր, քան բարձրուղեշ ծառերը:

Գերագույնդ անգամ, օրինակ վերցնելով, պատվեցիր այն և Քեզ անվանեցիր որթ, իսկ սիրով Քեզ շաղկապվածներին` ոստեր, Քո Հորը` մշակ և տնտես, որ արդար գործեր պտղաբերողներին, հատողների օրենքի համաձայն մաքրում է, իսկ անպտղատուներին հատում` հավիտենական հրի նյութ դարձնելով:

Մարգարեների միջոցով գինին ներկայացրիր որպես տրտմության լուծիչ և ուրախության պատճառ, որովհետև «գինին ուրախացնում է»,- ինչպես ասաց ըստ մարմնի Քո հայրը` Դավիթը: Իսկ նրա որդին` Սողոմոնը, պատվիրում է գինին տալ նրանց, ովքեր տրտմության մեջ են, ինչպես որ Դու Վերնատան մեջ արդարորեն տվեցիր ուրախարար կրկնակ նշանակության բաժակը` Քավիչ Արյունդ և Հոգու իմաստությունը:

Այս խորհուրդը հաստատեցիր նաև Քո օրինակը եղող Մելքիսեդեկով, երբ նա հաց և գինի մատուցեց Աբրահամ Նահապետին: Նույնը վկայեցիր նաև Նոյով` մխիթարություն պարգևելով ջրհեղեղով աշխարհի կործանման պատճառով տրտմածին, քանզի Նոյը տնկեց առաջին այգին, ինչպես ասում է Ս. Գիրքը, «Եվ արդարը խմեց գինուց և զմայլվեց»:

Թեպետ և գինին Քո կողմից որպես բարյաց պարգև տրվեց, սակայն սրա հետ անիմաստաբար վարվողների անձերի համար խմելը դարձավ չարիքի պատճառ, ինչպես որ Քո կողմից բարի արարվածներից շատերի:

Եվ արդ, Ով Տեր, Քո անվան փառքի տաճարին ընծայված այս ողկույզների պտուղն օրհնիր Քո նախնական օրհնությամբ, ինչպես օրհնեցիր ողկույզների մեջ գտնված ճիռը (ողկուզակ) և նրանց, ովքեր ճաշակում են Քո կողմից օրհնված այս պտղից, շնորհիր մեղքերի թողություն, հոգու և մարմնի առողջություն: Սրանից հավատքով ճաշակողներին արժանացրու եդեմական դրախտի անմահական պտղից ճաշակել` դրախտը ժառանգող ավազակի պես:

Օրհնի՛ր, Ով Տեր, նորահաս պտուղ ընծայողներին և այս անցնող պտղի փոխարեն նրանց շնորհիր արժանանալ անմահական կյանքի վայելչությանը:

Օրհնիր, Տեր, նաև այն որթատունկերը և այգիները, որոնցից քաղվեցին օրհնության համար բերված ողկույզները և ընծայվեցին Սուրբ Եկեղեցուն, դարձրու դրանք պտղաբեր և արգասաբերության մեջ` բազմաբեղուն, ինչպիսին բազմաբեղուն և պարարտ հողն է:

Անփորձանք պահիր, Ով Տեր, արտերն ու այգեստանները, որտեղից բերված են այս պտուղները: Հեռու պահիր դրանք կարկտից, եղյամաբեր սառնամանիքից, խորշակահար հողմերից, վնասակար ճիճուներից և ամեն տեսակի վնասակար պատահարներից, որպեսզի, վայելելով Քո նյութեղեն բարիքները, որ այս աշխարհում մեզ շնորհեցիր Քո փառքի համար, միաժամանակ արժանի լինենք Քեզ հետ ուտելու և ըմպելու Հորդ Արքայության սեղանի ամենակենսալի որթի բերքից, համաձայն անսուտ խոստման, որ Քո կողմից տրվեց, ի պատիվ և ի փառս համագո Երրորդության` Հոր և Որդու և Ամենասուրբ Հոգու, որին վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Լրահոս
Սոհրաբ Սեփեհրի․ Ո՛չ դու կմնաս․․․ Նելլի Սահակյան․ Մամոնտի անձավ Ռուսաստանաբնակ հայերից կազմված «Սիոնի» երգի և պարի համույթի ելույթները պատմական հայրենիքում Ամառային մտորումներ «Կայարանի» կառամատույցում Մարդն ապրում է այնքան, որքան` իր ստեղծագործությունները. հիշատակի համերգ՝ նվիրված Աբգար Մուրադյանի 75-ամյակին Դեմիեն Շազելը նկարահանում է «Բաբելոն» ֆիլմը Էմմա Սթոունի մասնակցությամբ Բոհեմական, գողտրիկ, հյուրընկալ «Արվեստանոցը» «Երանելի են Երկնքի հետ կապ հաստատածները» Մատենադարանում ցուցադրվում են հայերեն հնատիպ գրքեր Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2019 -2020 ուս. տարվա ընդունելություն Հովհաննես Երանյան. Խարխափումներ Նաիրի Զարյան․ Տիկին տխրություն Րաֆֆու մարմարե քանդակը՝ այսուհետ Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունում Գիշերային Գառնին Կոմիտաս և Թումանյան էր շնչում. համերգ նվիրված մեծերի 150- ամյակին «Իմ ու իմ միջև». երիտասարդ գրող Հաս Չախալյանն ընթերցողին կներկայացնի իր առաջին գիրքը Ովքեր հավատում են Հիսուսին, նրանք հավիտենական կյանք են մտնում Կարգալույծ է հռչակվել Տ. Նարեկ ավագ քահանա Իշխանյանը մենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած երիտասարդներին «Անուշը» հեքիաթ է մեծահասակների համար» Ապաշխարության խորհուրդ. Ներիր, որ ներվես Դերասան Յուրի Իգիթխանյանը երկրորդ անգամ կփորձի Պարույր Սևակ․ Հավատարմությունը Սրտի արատ չէ Նեղություններ Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Իսպանացի վարպետը կենդանիների չափազանց իրական տեսք ունեցող քանդակներ է ստեղծում գերաններից Հնագիտությունը ՀՀ-ում լուրջ զարգացում է ապրում. վկայում են օտարերկրացի հնագետները Խոցելի խմբերի երեխաների աշխատանքները կցուցադրվեն Խնկո Ապոր անվան գրադարանում Աղոթք ընդդեմ դեւերի Փնտրել ու սիրել երկնայինը և ոչ երկրայինը Նոր տնօրինություն Կոնստանտին Օրբելյան + Հասմիկ Գեղամի Գրիգորյան․ մի նոր գլուխգործոց, որ «պայթեցրեց» դահլիճը Համերգ՝ նվիրված կլարնետահար Աբգար Մուրադյանի հիշատակին Ռազմիկ Դավոյան․ Իմ ձայնը․․․ Նելլի Սահակյան․ Ես աղոթք եմ ասում խոտի ստվերին Կողմնակի անձանց մուտքը չի արգելվում. Չեռնոբիլը բաց է զբոսաշրջիկների համար Հալեպում սիրո և պատերազմի մասին ֆիլմ է նկարահանվել Թումանյանի հեքիաթների հոլանդերեն հրատարակության նախագիծը իրականացման փուլում է Ռեժիսոր Սոնա Սիմոնյանը «Մեծ սպասելիքներ»-ով բացահայտում է Գյումրու երիտասարդներին մտահոգող հարցեր Երանի՜ ողորմածներին Թալին Տեր-Մինասյանի գիրքը՝ «արեւային քաղաքի» մասին
website by Sargssyan