Հովհաննես Թումանյան․ Հեքիաթներ

Հովհաննես Թումանյան․ Հեքիաթներ

Անխելք մարդը

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։

Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից ու ինձ համար մի բան խնդրեմ։
Ճանապարհին մի գայլ պատահեց.

– Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում, – հարցրեց գայլը։

«Գնում եմ աստծու մոտ, – պատասխանեց աղքատը,- դարդ ունեմ ասելու»։

– Դե որ գնաս աստծու մոտ,- խնդրեց գայլը, – ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սար ու ձոր, ուտելու բան չի գտնում, ասա՛ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։

«Լա՛վ», – ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։ Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն սոջկա։

– Ո՞ւր ես գնում, ախպեր, – հարցրեց աղջիկը։

«Գնում եմ աստծու մոտ»։

– Երբ որ աստծուն տեսնես, – աղաչեց սիրուն աղջիկը, – ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան, ի՞նչ պիտի լինի նրա ճարը։

«Կասեմ»,- խոստացավ ճամփորդն ու գնաց, պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։

– Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ, – հարցրեց չոր ծառը։ «Գնում եմ աստծու մոտ»։

– Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,- խնդրեց չոր ծառը, – աստծուն, կասես, այս ի՞նչ բան է, բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում, ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։

Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։

Այնքան գնաց մինչև, գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ժայռին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։

«Բարի օր», – ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։

– Բարով եկար, – պատասխանեց աստված, – ի՞նչ ես ուզում։

«Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին խավար, ես այնքան եմ տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են»։

– Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր, – ասաց աստված։

«Էլ բան ունեմ ասելու, տե՛ր», – ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։

Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։

Վերադարձին պատահեց չոր ծառին։

Ինձ համար ի՞նչ ասաց աստված – հարցրեց չոր ծառը։ «Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ», – պատմեց մարդը։

– Էլ ո՞ւր ես գնում, արի՛ ոսկին հանիր էլի, համ քեզ օգուտ կլինի, համ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։

«Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ, – պատասխանեց աղքատը, – աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ», – ասաց ու գնաց։

Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.

– Ի՞նչ լուր բերիր ինձ համար։

«Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինիլ, ուրախ ու երջանիկ կլինես»։

– Դե որ այդպես է, արի՛ դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը, – թախանձեց աղջիկը ճամփորդին։

«Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ», – ասաց աղքատն ու հեռացավ։

Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։

– Հը, աստված ի՞նչ ասաց։

«Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին, աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն, ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց՝ աղջկանն ասա իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա, քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը, ծառն ասաց, դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի, չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։

– Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,- հարցրեց սոված գայլը։

«Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս՝ մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս»։

– Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ, – ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին։

1894

Բարեկենդանը

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

Կինը բարկանում է.

– Ա՛յ, որ ասում եմ հիմար ես, չես հավատում, էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել, հորդ քե՞լեխն ես տալիս, թե տղիդ հարսանիքն ես անում։

– Ի՞նչ քելեխ, ի՞նչ հարսանիք, այ կնիկ, ի՛նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի համար է։

Կինը հանգստանում է, տանում է պահում։

Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։

Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում է մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի.

– Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։

Տղեն կանգնում է։

– Ա´խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։

– Հա, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։

– Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չենք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞… չես ամաչո՞ւմ… Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում…

– Դե էլ ի՜նչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալի, չէի գտնում։

– Դե արի տար։

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը դեպի իրենց գյուղը։

Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է.

– Հա , էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի տարավ։

– Ի՞նչ բարեկենդան… ի՞նչ բաներ…

– Ա՛յ էն եղն ու բրինձը… Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է. մեր տունն էր ման գալի, կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի տարավ։

– Վայ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես՝ հիմար ես էլի… Ո՞ր կողմը գնաց։

– Այ էն կողմը։

Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։

Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։

Գալիս է հասնում իրեն։

– Բարի օր, ախպերացու։

– Աստծու բարին։

– Հո էս ճամփովը մարդ չի անցկացա՞վ։

– Անցկացավ։

– Ի՞նչ ուներ շալակին։

– Եղ ու բրինձ։-

– Հա, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։

– Բավականին ժամանակ կլինի։

– Որ ձին քշեմ՝ կհասնե՞մ։

– Ո՞րտեղից կհասնես, դու ձիով, նա ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։

– Բա ի՞նչպես անեմ։

– Ինչպես պետք է անես, ուզում ես, ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։

– Հա՜, էդ լավ ես ասում։

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում է թե չէ, բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

Էս մարդը ոտով գնում է, գնում, տեսնում է չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը եղ ու բրնձի համար, կնիկը ձիու։.

Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում հիմար, նա սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։

Ձախորդ Փանոսը

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։

Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։

Ասածն արած է։

Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։

Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։

Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։

Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։

Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»։

Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։

Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։

Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։

Փանոսը ցավից վայ՜վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՛, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է։

Բավական տեղ ղըչըղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։

Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում։

Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»։ Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։

Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։

– Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։

– Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի։

Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա։

Վճռում են որ Փանոսը խեղդվել է։

Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։

Քաջ Նազարը

Լինում է, չի լինում մի խեղճ մարդ` անունը Նազար: Էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում: Էնքան էլ վախկոտ, էնքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր: Օրը մինչև իրիկուն կնկա կողքը կտրած` նրա հետ էր դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս` տուն գալի: Դրա համար էլ անունը դնում են վախկոտ Նազար:

Էս վախկոտ Նազարը մի գիշեր կնկա հետ շեմքն է դուրս գալի: Որ շեմքն է դուրս գալի` տեսնում է ճըրքճըրքան լուս-լուսնյակ գիծեր` ասում է.

-Ա´յ, կնիկ, ինչ քարվան կտրելու գիշեր է… Սիրտս ասում է` վեր կաց գնա Հնդկաստանից եկող Շահի քարվանը կտրի, բեր տունը լցրու…

Կնիկը թե.

-Ձենդ կտրի, տեղդ նստի, քարվան կտրողիս մտիկ արա…

Նազարը թե.

-Ա´նզգամ կնիկ, ինչո՞ւ չես թողնում ես գնամ քարվան կտրեմ, բերեմ տունը լցնեմ: Էլ ի՞նչ տղամարդ եմ ես, էլ ինչո ւ եմ գդակ ծածկում, որ դու համարձակվում ես իմ առաջը խոսես:

Որ շատ կռվում է` կնիկը տուն է մտնում, դուտը փակում:

-Հո´ղեմ էդ վախկոտ գլուխդ, դե հիմի գնա քարվան կտրի:

Էս Նազարս մնում է դռանը: Վախից լեղապատառ է լինում: Ինչքան աղաչում-պաղատում է, որ կնիկը դուռը բաց անի, չի լինում, բաց չի անում: Ճարը կտրած գնում է պատի տակին կուչ է գալի, դողալով գիշերն անց է կացնում` մինչև լուսը բացվում է: Նազարը խռոված, պատի տակին արևկող արած սպասում է, որ կնիկը գա տուն տանի, ու միտք է անում:

Ամառվա շոգ օր, գազազած ճանճեր, ինքն էլ էնքան ալարկոտ, որ ալարում է քիթը սրբի – ճանճերը գալիս են սրա քիթ ու պռունգին վեր գալի, լցվում: Որ շատ նեղացնում են` ձեռը տանում է երեսին զարկում: Որ երեսին զարկում է` ճանճերը ջարդվում են առաջին թափվում:

-Վա´հ, էս ինչ էր… – մնում է զարմացած:

Ուզում է համրի, թե մի զարկով քանիսն սպանեց` չի կարողանում: Մտածում է, որ հազարից պակաս չի լինիլ:

-Վա´հ,- ասում է, -ես էսպես տղամարդ եմ էլել ու մինչև էսօր չեմ իմացել… Ես, որ մի զարկով կարող եմ հազար շունչ կենդանի ջարդել, էլ ի՞նչ եմ էս անպիտան կնկա կողքին վեր ընկել…

Էստեղից վեր է կենում, ուղիղ գնում իրենց գյուղի տերտերի մոտ:

-Տե´րտեր, օրհնյա ի տեր:

-Աստված օրհնի, որդի´ս:

-Տե´րտեր, բա չես ասիլ էսպես-էսպես բան:

Պատմում է իր քաջագործությունը ու հետն էլ հայտնում է, որ պետք է իր կնկանից կորչի, միայն խնդրում է` իր արածը տերտերը գրի, որ անհայտ չմնա, ամենքն էլ կարդան իմանան: Տերտերն էլ, կատակի համարի, մի փալասի կտորի վրա գրում է.

Անհաղթ հերոս Քաջն Նազար,
Որ մին զարկի` ջարդի հազար:

Ու տալիս է իրեն:

Նազարս էս փալասի կտորը մի փետի ծերի ամրացնում է, մի ժանգոտած թրի կտոր կապում մեջքը, իրենց հարևանի իշին նստում ու գյուղից հեռանում:

Իրենց գյուղից դուրս է գալի, մի ճամփա է ընկնում ու գնում: Ինքն էլ չի իմանում, թե էդ ճամփեն ուր է տանում:

Գնում է, գնում, մին էլ ետ է նայում, տեսնում է գյուղից հեռացել է: Էստեղ սիրտն ահ է ընկնում: Իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մռմռալ, երգել, իրեն-իրեն խոսել, իշի վրա բարկանալ: Քանի հեռանում է` էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է` էնքան ձենը բարձրացնում է, սկսում է գոռգոռալ, հարայ-հրոց անել, հետն էլ մյուս կողմից էշն է սկսում զռալ… Էս աղմուկից ու աղաղակից թռչունները մոտիկ ծառերից են թռչում, նապաստակները թփերից են փախչում, գորտերը կանաչիցն են ջուրը թափվում…

Նազարը ձենն ավելի է գլուխը գցում. իսկ որ մտնում է անտառը – թվում է, թե ամեն մի ծառի տակից, ամեն մի մի թփի միջից, ամեն մի քարի ետևից` որտեղ որ է գազան է հարձակվելու կամ ավազակ. սարսափած սկսում է գոռգոռալ, ոնց գոռգոռալ – ականջդ ոչ լսի:

Դու մի ասիլ հենց էս ժամանակ մի գյուղացի ձին քաշելով անտառում միամիտ գալիս է: Էս զարհուրելի ձենը ականջն է ընկնում, թե չէ` կանգնում է.

-Վայ,- ասում է,- ո՞նց թե իմն էլ էստեղ էր հատել. կա չկա` էս ավազակներ են…

ին թողնում է, ընկնում ճամփի տակի անտառն ու` երկու ոտն ուներ, երկուսն էլ փոխ է առնում` փախչում:

Բախտդ սիրեմ, Քաջ Նազար, գոռգոռալով գալիս է տեսնում է մի թամքած ձի ճամփի մեջտեղը իրեն է սպասում: Իշիցը վեր է գալի, էս թամքած ձիուն նստում ու շարունակում իր չամփեն:

Շատ է գնում, քիչ է գնում, շատն ու քիչն էլ ինքը կիմանար, գնում է ընկնում մի գյուղ. ինքը գյուղին անծանոթ, գյուղն` իրեն: Ո՞ւր գնա, ո՞ւր չգնա: Մի տանից զուռնի ձեն է լսում, ձին քշում է էս ձենի վրա, գնում է ընկնում մի հարսանքատուն:

-Բարի օր ձեզ:

-Ա´յ աստծու բարին քեզ, բարով հազար բարի եկար:

Համեցե´ք հա, համե´ցեք. դե ղոնախն աստծունն է. սրան տանում են իր դրոշակով սուփրի վերի ծերին բազմեցնում: Աչքդ էն բարին տեսնի, ինչ որ լցնում են առաջը – թե ուտելիք, թե խմելիք:

Հարսանքավորները հետաքրքրվում են իմանան, թե ով է էս տարօրինակ անծանոթը:

Ներքի ծերից մինը բոթում է իր կողքի նստածին ու հարցնում, սա էլ իր կողքի նստածին է բոթում, էսպես հերթով իրար բոթելով ու հարցնելով` բանը մնում է վերի ծերին նստած տերտերին: Տերտերը մի կերպով ղոնախի դրոշակի վրա կարդում է.

Անհաղթ հերոս Քաջն Նազար,
Որ մին զարկի` ջարդի հազար:

Կարդում է ու զարհուրած հայտնում է իր կողքի նստածին, սա էլ իր կողքի նստածին, սա էլ երրորդին, երրորդը` չորրորդին. էսպեսով հասնում է մինչև դռան տակը, ու ամբողջ հարսանքատունը դրըմբում է թե` բա չես ասիլ, նորեկ ղոնախն ինքը.

Անհաղթ հերոս Քաջն Նազար,
Որ մին զարկի` ջարդի հազար:

-Քաջ Նազարն է հա…, -բացականչում է պարծենկոտի մինը: -Ինչքան է փոխվել. միանգամից լավ չճանաչեցի…

Եվ մարդիկ են գտնվում, որ պատմում են նրա արած քաջագործությունները, հին ծանոթությունն ու միասին անցկացրած օրերը:

-Հապա ինչպես է, որ էսպես մարդը հետը ոչ մի ծառա չունի,- զարմանքով հարցնում են անծանոթները:

-Էդպես է դրա սովորությունը, ծառաներով ման գալ չի սիրում: Մի անգամ ես հարցրի, ասավ` ծառան ի՞նչ եմ անում, ամբողջ ածխարհքն իմ ծառան է ու իմ ծառան:

-Հապա ի՞նչպես է, որ մի կարգին թուր չունի, էս ժանգոտ երկաթի կտորն է մեջքին կապել:

-Շնորհքն էլ հենց սրա մեջն է´, որ էս ժանգոտ երկաթի կտորով մին զարկես` ջարդես հազար, թե չէ լավ թրով – ի՞նչ կա որ, սովորական քաջերն էլ են ջարդում:

Ու ապշած ժողովուրդը ոտի է կանգնում, խմնում է Քաջ Նազարի կենացը: Իրենց միջի խելոքն էլ դուրս է գալի, ճառ է ասում Նազարի առաջ. ասում է` մենք վաղուց էինք լսել քո մեծ հռչակը. կարոտ էինք երեսդ տեսնելու և ահա էսօր բախտավոր ենք, որ քեզ տեսնում ենք մեր առաջ: Նազարը հառաչում է ու ձեռքը թափ է տալիս: Ժողովականները խորհրդավոր իրար աչքով են անում, հասկանում են, թե էդ հառաչանքն ու ձեռի թափ տալը ինչքան բան կնշանակեր…

Աշուղն էլ, որ էնտեղ էր, ձեռաց երգ է հորինում ու երգում:

Բարով եկար, հազար բարի,
Հզոր արծիվ մեր սարերի,
Թագ ու պարծանք մեր աշխարհի,
Անհաղթ հերոս Քաջդը Նազար,
Որ մին զարկես` ջարդես հազար:

Խեղճ տըկարին դու ապավեն,
Ազատ կանես ամեն ցավեն,
Մեզ կփըրկես անիրավեն,
Անհաղթ հերոս Քաջդը Նազար,
Որ մին զարկես` ջարդես հազար:

Մատաղ ենք մենք քո դըրոշին,
Մեջքիդ թըրին, տակիդ ռաշին,
Նրա ոտին, պոչին, բաշին,
Անհաղթ հերոս Քաջդը Նազար,
Որ մին զարկես` ջարդես հազար:

Ու ցրվելով հարբած հարսանքավորները տարածում են ամեն տեղ, թե գալիս է
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկես` ջարդես հազար:

Պատմում են նրա զարմանալի քաջագործությունները, նկարագրում են նրա ահռելի կերպարանքը: Ու ամեն տեղ իրենց նորածին երեխաների անունը դնում են Քաջ Նազար:

Հարսանքատնից հեռանում է Նազարն ու շարունակում է իր ճամփեն: Գնում է հասնում մի կանաչ դաշտ: Էս կանաչ դաշտում ձին թողնում է իր արածի, դրոշակը տնկում է, ինքն էլ դրոշակի շվաքումը պառկում քնում:

Դու մի ասիլ, օխտը հսկա եղբայրներ կան, օխտը ավազակապետ, էս տեղերը նրանցն են, իրենց ամրոցն էլ մոտիկ սարի գլխին է: Էս հսկաները վերևից մտիկ են տալիս` որ մի մարդ է եկել իրենց հանդում վեր է եկել: Շատ են զարմանում, թե էս ինչ սրտի տեր մարդ պետք է լինի, քանի գլխանի, որ առանց քաշվելու եկել է իրենց հանդում հանգիստ վեր է եկել ու ձին էլ բաց թողել: Ամեն մինը մի գուրզ ուներ քառասուն լդրանոց: Էս քառասուն լդրանոց գուրզերը վերցնում են գալիս: Գալիս են ի՞նչ տեսնում. հրես մի ձի արածում է, մի մարդ կողքին քնած, գլխավերևը մի դրոշակ տնկած, դրոշակի վրեն գրած.

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկես` ջարդես հազար:

Վայ, Քաջ Նազարն է… Մատները կծում են հսկաներն ու մնում են տեղները սառած: Դու մի´ ասիլ, հարբած հարսանքավորների տարածած լուրը սրանց էլ է լինում հասած: Էսպես թուքները ցամաքած, չորացած սպասում են, մինչև Նազարն իր քունն առնում է ու զարթնում, որ զարթնում է, աչքերը բաց է անում, տեսնում` գլխավերևը քառասուն լդրանոց գուրզերն ուսներին օխտն ահռելի հսկաներ կանգնած` էլ փորումը սիրտ չի մնում:

Մտնում է իր դրոշակի ետևն ու սկսում է դողալ, ոնց որ աշունքվա տերևը կդողա: Էս հսկաները որ տեսնում են սա գունատվեց ու սկսեց դողալ, ասում են` բարկացավ, հիմի որտեղ որ է մի զարկով օխտիս էլ կսպանի, առաջին գետին են փռցում ու խնդրում են.

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկես` ջարդես հազար:

Մենք լսել էինք քո ահավոր անունը, տեսությանդ էինք փափագում. այժմ բախտավոր ենք, որ քո ոտով ես եկել մեր հողը: Մենք, քո խոնարհ ծառաներդ` օխտն ախպեր ենք, ահա մեր ամրոցն էլ էն սարի գլխին է` մեջը մեր գեղեցիկ քույրը: Աղաչում ենք շնորհ անես, գաս մեր հացը կտրես…

Էստեղ Նազարը շունչը տեղն է գալի, նստում է իր ձին, նրանք էլ դրոշակն առած առաջն են ընկնում ու հանդիսավոր տանում են իրենց ամրոցը: Տանում են ամրոցում պահում, պատվում թագավորին վայել պատվով, ու էնքան են խոսում նրա քաջագործություններից, էնքան են գովում, որ իրենց գեղեցիկ քույրը սիրահարվում է նրան: Ինչ ասեկ կուզի` հարգն ու պատիվն էլ հետն ավելանում է:

Էս շամանակ մի վագր է լուս ընկնում էս երկրում ու սարսափ է գցում ժողովրդ վրա: Ո՞վ կսպանի վագրին, ո՞վ չի սպանիլ: Իհարկե Քաջ Նազարը կսպանի: Էլ ո՞վ սիրտ կանի վագրի դեմը գնա: Ամենքն էլ Նազարի երեսին են մտիկ տալի. վերևը մի աստված, ներքևը մի Քաջ Նազար:

Վագրի անունը լսելուն պես Նազարը վախից դուրս է վազում, ուզում է փախչի ետ գնա իրենց տունը, իսկ կանգնածները կարծում են, թե վազում էր, որ գնա վագրին սպանի: Նշանածը բռնում է կանգնեցնում, թե` ո՞ւր ես վազում էդպես առանց զենքի, զենք առ հետդ, էնպես գնա: Զենք է բերում տալիս իրեն, որ գնա իր փառքի վրա մի քաջություն էլ ավելացնի: Նազարը զենքն առնում է դուրս գնում: Գնում է անտառում մի ծառի վարձրանում, վրեն տապ անում, որ ոչ ինքը վագրին պատահի, ոչ վագրը իրեն: Ծառի վրա կուչ է գալի, ու Նազարն ո՞վ կտա – հոգին դառել է կորկի հատ: Հակառակի նման անտեր վագրն էլ գալիս է հենց ես ծառի տակին պառկում: Նազարը որ վագրին չի տեսնում – լեղին ջուր է կտրում, աչքերը սևանում են, ձեռն ու ոտը թուլանում են ու, թրը´մբշփ, ծառիցը ընկնում է գազանի վրա: Վագրը սարսափած տեղիցը վեր է թռչում, Նազարն էլ վախից կպչում է սրա մեջքին: Էսպես զարհուրած Նազարը մեջքին կպած` էս խրտնած վագրը փախչում է, ոնց է փախչում, էլ սար ու ձոր, քար ու քոլ չի հարցնում:

Մարդիկ մին էլ տեսնում են, վա´հ, Քաջ Նազարը վագրին նստած քշում է:

-Հա´յ-հարա´յ, եկեք հա, եկեք, Քաջ Նազարը վագրին ձի է շինել հեծել… տվե´ք հա, տվե´ք…

Սրտավորվում են, ամենքը մի կողմից հարայ-հրոցով, հռհռոցով հարձակվում են` խանչալով, թրով, թվանքով, քարով, փետով տալիս են սպանում:

Նազարը որ ուշքի է գալիս, լեզուն բացվում է: -Ափսո´ս, -ասում է,- ընչի՞ սպանեցիք, զոռով մի ձի էի շինել նստել… Էնքան պետք է քշեի որ…

Լուրը գնում հասնում է ամրոցը: Մարդ, կին, մեծ, պստիկ` ժողովուրդը դուրս է թափվում Նազարին ընդունելու: Վրեն երգ են կապում ու երգում:

Էս աշխարհքում,
Մարդկանց շարքում
Ո՞վ կլինի քեզ հավասար,
Ով Քաջ Նազար:

Ինչպես ուրուր,
Կայծակ ու հուր,
Բարձր բերդից թռար հասարմ
Ով Քաջ Նազար:

Ահեղ վագրին
Արիր քո ձին,
Հեծար անցար դու սարեսար,
Ով Քաջ Նազար:

Մեզ փրկեցիր,
Ազատեցիր,
Փառք ու պարծանք քեզ դարեդար
Ով Քաջ Նազար:

Ու պսակեցին Քաջ Նազարին հսկաների գեղեցիկ քրոջ հետ, օխտն օր, օխտը գիշեր հարսանիք արին, երգերով գովեցին թագավորին ու թագուհուն:

-Լուսընկան նոր սարն ելավ,
Էն ո՞ւմ նման էր:

-Լուսընկան նոր սարն ելավ,
Էն Քաջ Նազարն էր:

-Արեգակ նոր շաղեծաղ,
Էն ո՞ւմ նման էր:

-Արեգակ նոր շաղեշաղ,
Էն իր նազ-յարն էր:

Մեր թագավորն էր կարմիր,
Իրեն արևն էր կարմիր,
Թագն էր կարմիր, հայ կարմիր,
Կապեն կարմիր, հայ կարմիր,
Գոտին կարմիր, հայ կարմիր,
Սոլեր կարմիր, հայ կարմիր,
Թագուհին կարմիր, հայ կարմիր,
Կարմիր թագուհուն բարև,
Կարիր թագվորին արև:

Շնորհավոր, շնորհավոր,
Քաջ Նազարին շնորհավոր,
Իր նազ-յարին շնորհավոր,
Ողջ աշխարհին շնորհավոր:

ու մի´ ասիլ էս աղջկանը ուզած է լինում հարևան երկրի թագավորը: Որ իմանում է իրենց չեն տվել` ուրիշի հետ են ամուսնացրել` զորք է կապում, պատերազմով գալիս է օխտն ախպոր վրա:Էս օխտը հսկան գնում են Քաջ Նազարի մոտ, պատերազմի լուրը հայտնում են, գլուխ են տալի, առաջը կանգնում` հրաման են խնդրում:

Պատերազմի անունը որ լսում է` սարսափում է Նազարը. դուրս է պրծնում, որ փախչի, ետ գնա իրենց գյուղը: Մարդիկ կարծում են ուզում է իսկույն դուրս վազել, հարձակվել թշնամու բանակի վրա: Առաջ են ընկնում, բռնում են, խնդրում, թե` ախր առանց զենքի ու զրահի մենակ ո՞ւր ես գնում, ի՞նչ ես անում, գլխիցդ ձեռք ես վերցրել, ի՞նչ է:

Բերում են զենք ու զրահ են տալի, կնիկն էլ եղբայրներին խնդրում է, որ չթողնեն Նազարին իր քաջությունից տարված մենակ հարձակվի թշնամու զորքի վրա: Եվ լուրը գնում տարածվում է զորքի ու ժողովրդի մեջ, լրտեսների միջոցով էլ հասնում է թշնամուն, թե Քաջ Նազարը մենակ, առանց զենքի թռչում էր դեպի պատերազմի դաշտը, հազիվ են կարողացել զսպել ու շրջապատված բերում են…

Պատերազմի դաշտում մի ամեհի նժույգ են բերում, Նազարին նստեցնում վրեն: Ոգևորված զորքն էլ հետը վեր է կենում ահագին աղմուկով,- կեցցե´ Քաջն Նազար… մա´հ թշնամուն…

Նազարի տակի նժույգը, որ տեսնում է վրեն ինչ անպետքի մինն է նստած` խրխնջում է, գլուխն առնում ու թռչում առաջ, ուղիղ դեպի` թշնամու բանակը: Զորքերը կարծում են Քաջ Նազարը հարձակվեց, ուռա են կանչում ու իրենք էլ ետևից հարձակվում ամենայն սաստկությամբ: Նազարը որ տեսնում է չի կարողանում իր ձիու գլուխը պահի, քիչ է մնում վեր ընկնի, ձեռը գցում է, ուզում է միկ ծառի փաթաթվի, դու մի´ ասիլ` ծառը փտած է, մի գերանաչափ ճյուղը պոկ է գալիս մնում ձեռին: Թշնամու զորքերը, որ առաջուց համբավը լսել էին ու ահը սրտներումն էր, էս էլ որ իրենց աչքով տեսնում են` էլ փորներումը սիրտ չի մնում. երես են շուռ տալիս,- փա´խի, որ փա´խ, թե մարդ ես գլուխդ պրծացրու, որ Քաջ Նազարը ծառերն արմատահան անելով գալիս է…

Էդ օրը թշնամուց ինչքան կոտորվում է, կոտորվում, մնացածները թուրները դնում են Քաջ Նազարի ոտի տակին, հայտնում են իրենց հպատակությունն ու հնազանդությունը:

Ու պատերազմի ահեղ դաշտից Քաջ Նազարը հսկաների ամրոցն է վերադառնում:

Ժողովուրդը հաղթական կամարներ է կապում, աննկարագրելի ոգևորությամբ, ուռաներով ու կեցցեներով, երգով ու երաժշտությունով, աղջիկներով ու ծաղիկներով, պատգամավորություններով ու ճառերով առաջն է դուրս գալի, էնպես մի փառք ու պատիվ տալիս, որ Նազարը մնացել էր ապշած, շշկլված:

Էսպես առքով-փառքով էլ բերում հրատարակում1 են իրենց թագավոր ու բազմեցնում են թագավորի թախտին: Քաջ Նազարը դառնում է թագավոր, էն հսկաներից ամեն մեկին էլ պաշտոն է տալիս: Մին էլ տեսնում է աշխարհքը իր բռան մեջ:

Ասում են մինչև էսօր էլ դեռ ապրում ու թագավորում է Քաջ Նազարը: Ու երբ քաջությունից, խելքից, հանճարից մոտը խոսք են գցում` ծիծաղում է, ասում է.

-Ինչ քաջություն, ինչ խելք, ի՞նչ հանճար. դատարկ բաներ են բոլորը: Բանը մարդուս բախտն է: Բախտ ունե՞ս` քեֆ արա…

Եվ ասում են` մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում է աշխարհքի վրա:

Քեֆ անողին՝ քեֆ չի պակսիլ

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս, իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։

Կանգ է առնում, միտք է անում միտք, հետաքրքրվում է ու ներս մտնում։ Ներս է մտնում տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տան տերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

– Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,- ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տան տիրոջը։

– Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,- խնդրում է տան տերը։ Դերվիշին էլ նստեցնում են իրենց հետ ու շարունակում են քեֆը։

Գիշերվա մի ժամին տան տերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տան տիրոջը հարցնում է.

– Անունդ ի՞նչ է, բարեկամ։

– Հասան։

– Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արվեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։

– Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,- պատասխանում է տան տերը։- Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է՝ ավելի լավ։

– Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։

-Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա:

– Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք. հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչիությունը չպիտի լինի։

– Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է ընկնի փինաչիների ետևից… կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է. քեֆ անոդին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես՝ էնպես էլ կերթա։

– Լա´վ, աստված տա, որ էդպես լինի,- բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։

Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե՝ թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան. էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Զանցառուների գլուխները կթռչեն։
Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։
Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաք շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։

– Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։

Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։

Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են հեռանում։ Մնում են տան տերն ու հյուրը։

– Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։

– Ի՞նչ պատահեց։

– Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց՝ մեր արհեստն արգելեց…

– Ի՞նչ ես ասում,- զարմանում է հյուրը։ – Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։

– Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ՝ մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։

– Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի, էն ժամանակ ի՞նչ ես անելու։

– Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբ որ կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։

– Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ով Հասան,- բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։

Առավոտը վաղ ամբողջ Բադդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում. ջուրը աստծունն է և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու։ Պատռել բոլոր ջրկիրների տիկերն ու ջարդել նրանց կժերը։

Աղքատ Հասանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում։

Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու։ Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը։ Դարձյալ ուրախության և երգի ձայներ։ Ներս է մտնում։-

– Ա՛յ, դերվիշ բաբա, համեցե՜ք, համեցե՜ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք։ Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմել։

– Իհարկե, ուրախությունը ավելի լավ է։ Ամենքս էլ մեռնելու ենք, ո՛վ կարող է թող ուրախանա,- բացականչում է դերվիշն ու նստում ձասանի կողքին։

Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վարձն առնում են ու հեռանում։ Մնում են դերվիշն ու տան տերը։

– Հասան ախպեր, էսօր ի՛նչ լսեցի, ասում են թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք։

– Ի՜նչպես չէ, ի՜նչպես չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին։ Ա՛խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել, ինչ ասում ես՝ մյուս օրը կատարվում է։

– Հապա ի՞նչպես է, որ դու դարձյալ քեֆ ես անում։ Ո՞րտեղից ես գտել էս փողը։

– Երանի թե մարդու պակասը փողը լինի։ Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա։ Գնացի մի գործատիրոջ մշակ մտա. օրական մի բան է տալիս, բերում եմ մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը։ Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա։

– Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատական լինեիր դու,- բացականչեց դերվիշը։

– Վա´հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞։

– Ինչո՞ւ չի կատարվի, աշխարհքում անկարելի բան չկա,— պատասխանեց դերվիշն ու բաժանվեցին։

Առավոտը վաղ տերության պաշտոնյաները կտրեցին Հասանի աղքատ տնակի դուռը.

– Էստե՞ղ է կենում քեֆ սիրող Հասանը։

– Ես եմ,- պատասխանեց զարմացած Հասանը։

– Թագավորի հրամանով հետևիր մեզ։

Ուղիղ պալատը տարան Հասանին։ Հայտնեցին, որ թագավորն իրեն պալատականի պաշտոն է տվել։ Պալատականի զգեստ հագցրին, մի թուր էլ կապեցին մեջքը ու կանգնեցրին պալատի մուտքերից մեկի առջև։ Ամբողջ օրը էն մուտքի առջև պարապ կանգնեց Հասանը։ Իրիկունը որ մթնեց, դատարկ ճամփու դրին տուն, թե՝ գնա, առավոտը ետ կգաս քո տեղը կանգնելու։

Գիշերը դարձյալ դերվիշի շոր մտավ Հարուն Ալ Ռաշիդ թագավորն ու գնաց քաղաքը շրջելու։

Գնաց մոտեցավ Հասանի տանը։ Ականջ դրեց։ Զարմանքով լսեց, որ դարձյալ հնչում են երգն ու երաժշտությունը։ Հասանը քեֆ է անում դարձյալ։ Ներս մտավ։

– Դերվի՜շ, դերվի՜շ, քո տունը չքանդվի, արի է՛, երեկվա խոսքդ էլ կատարվեց, թագավորն ինձ պալատում պաշտոն է տվել։

– Ի՞նչ ես ասում։

– Աստված վկա։

– Եվ երևի շատ փող է տվել…

– Չէ՜, ինչ փող. մի գրոշ չտվին։ Դատարկ տուն ղրկեցին։

– Հապա որտեղի՞ց ես փող գտել, որ դարձյալ քեֆ ես անում։

– Նստի՛ր, ասեմ որտեղից։ Մի թուր են կապել մեջքս։ Իրիկունը տուն գալիս մտածեցի, թե՝ հո ես մարդ չեմ սպանելու։ Տարա պողպատի շեղբը (մեջը) ծախեցի, պողպատի փոխարեն փայտե շինել տվի, մեջը դրի, եկա տուն։ Եկա պողպատի փողով քեֆ սարքեցի։ Լավ եմ արել, չէ՞, դերվիշ, ավելի լավ է ուրախություն ունենալ, քան մարդ սպանելու սուր։

– Հա´, հա´, հա´,- ծիծաղեց դերվիշը։- Լավ անելը՝ լավ ես արել, Հասան, բայց եթե էգուց քեզ թագավորը հրամայի, թե՝ կտրի էս հանցավորի գլուխը՝ ի՞նչ ես անելու։

– Բերանդ բարի բաց արա, ա՛յ չարագուշակ դերվիշ,- բարկացավ Հասանը։ – Հակառակի նման ինչ էլ ասում ես, կատարվում է. չե՞ս կարող մի լավ բան ասել…

Ու շատ վշտացավ Հասանը։ Սիրտը երկյուղ ընկավ, ամբողջ գիշերը չկարողացավ քնի։

Իրավ որ, մյուս օրը թագավորը կանչեց Հասանին ու ամբողջ արքունիքի առջև հանդիսավոր հրամայեց, որ մի հանցավորի գլուխը կտրի։

– Հանիր թուրդ ու կտրի էս հանցավորի գլուխը։

– Ապրած կենաս, մեծ թագավոր,- պատասխանեց սարսափած Հասանը,- ես իմ օրում մարդու գլուխ չեմ կտրել, չեմ կարող։ Փորձված մարդիկ շատ կան քո պալատում, հրամայիր մի ուրիշը կտրի…

– Ես քեզ եմ հրամայում,- սաստեց թագավորը,- եթե մի վայրկյան էլ ուշացրիր, գլուխդ կթռչի։ Հանի՛ր թուրդ…

Էս խոսքի հետ թշվառ Հասանը մոտեցավ հանցավորին, ձեռքերը տարածեց ու աղաղակեց դեպի երկինք.

– Տեր աստված, արդարն ու մեղավորը դու գիտես։ Եթե էս մարդը մեղավոր է, ինձ ուժ տուր, որ մի զարկով թռցնեմ սրա գլուխը, իսկ եթե արդար է, թող փայտ դառնա իմ թուրը..

Ասավ, դուրս քաշեց թուրը… Փա՜յտ։ Հրաշքի վրա պալատականները մնացին ապշած։

Էստեղ ձարուն Ալ Ռաշիդ թագավորը փառ-փառ ծիծաղեց ու ամեն բան բաց արավ, պատմեց իր պալատականների առջև։ Շատ ծիծաղեցին պալատականները ու շատ գովեցին թե՛ ուրախություն սիրող Հասանին, թե՛ թագավորին։ Ծիծաղեց մինչև անգամ էն դժբախտ հանցավորը, որ չոքած, վիզը մեկնած սպասում էր թրի զարկին։ Թագավորը բաշխեց հանցավորին իր կյանքը, իսկ Հասանին դառնալով՝ հռչակեց նրան իր սիրելի մարդը ամբողջ տերության մեջ ու լավ պաշտոն տվեց, որ միշտ աշխատի ու անպակաս ուրախ ապրի, ուրիշներին էլ սովորեցնի ուրախ ապրել աշխարհքում։

Սուտասանը

Լինում է, չի լինում մի թագավոր։ Էս թագավորը իր երկրումը հայտնում է.

«Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորթյան կեսը կտամ նրան»։

Գալիս է մի հովիվ։ Ասում է.

– Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։

– Կպատահի՛, – պատասխանում է թագավորը։ – Իմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։

Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։

Գալիս է մի դերձակ։ Ասում է.

– Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։

– Հա՜, լավ ես արել, – ասում է թագավորը, – բայց լավ չէիր կարկատել. էս առավոտ մի քիչ անձրև թափվեց։

Սա էլ է դուրս գնում։

Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։

– Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ, – հարցնում է թագավորը։

– Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։

– Սի կոտ ոսկի՞, – զարմանում է թագավորը։ – Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։

– Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։

– Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում, – խոսքը փոխում է թագավորը։

– Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։

Տերն ու ծառան

Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում՝ երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են՝ ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։

Էսպես էլ մեծը վեր է կենում գնում, մի հարուստի մոտ ծառա մտնում։

Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային։ Ասում է․ «Մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ, ես տամ»։

– Ես որ հազար մանեթ չունեմ, ո՞րտեղից տամ, – ասում է ծառան։

– Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես։

Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի։ Ինչ ուզում են՝ անեն, ես եմ ու չեմ բարկանալ, պրծանք գնաց։ Իսկ թե իրենք կբարկանան, թող իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով։

Ասում է՝ լավ․ համաձայնում է։

Պայմանը կապում են, ու մտնում է ծառայության։

Մյուս օրը վաղ տերը վեր է կացնում ծառային, ղրկում է արտը հնձելու։

– Գնա՛, – ասում է, – քանի լուս է, հնձի, որ մութն ընկնի, կգաս։

Ծառան գնում է, ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն։ Տերը հարցնում է․

– Էդ ո՞ւր եկար։

– Դե, արևը մեր մտավ, ես էլ եկա։

– Չէ՛, էդպես չի։ Ես քեզ ասել եմ՝ քանի լուս է, պետք է հնձես։ Արևը մեր մտավ, բայց տե՛ս, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ։ Սա ի՛նչ պակաս է լուս տալի․․․

– Էդ ո՞նց կլինի․․․ – զարմանում է ծառան։

– Հը՞, դու արդեն բարկանո՞ւմ ես, – հարցնում է տերը։

– Չէ՛, չեմ բարկանում․․․ ես միայն ասում էի՝ հոգնած եմ․․․ Մի քիչ հանգստանամ․․․ – կզկզում է վախեցած ծառան ու գնում է նորից հնձելու։

Հնձում է, հնձում, մինչև լուսնյակը մեր է մտնում։ Բայց լուսնյակը մեր է մտնում թե չէ՝ դարձյալ արեգակն է դուրս գալի։ Ծառան ուժասպառ արտում վեր է ընկնում։

– Վա՜յ, քու արտն էլ հարամ ըլի, քու հացն էլ, քու տված ռոճիկն էլ․․․ – սկսում է հայհոյել հուսահատված։

– Հը՞, դու բարկանո՞ւմ ես, – կանգնում է գլխին հարուստը։ – Երբոր բարկանում ես, մեր պայմանը պայման է։ Էլ չասես, թե քեզ հետ առանց իրավունքի վարվեցին։

Ու պայմանի ուժով ստիպում է՝ ծառան կամ հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի։

Ծառան մնում է կրակի մեջ։ Հազար մանեթ չուներ, թե տար, հոգին ազատ աներ, տասը տարի էլ էս տեսակ մարդու ծառայելը անկարելի բան էր։ Միտք է անում, միտք, վերջը հազար մանեթի պարտամուրհակ է տալի հարուստին, դառն ու դատարկ վերադառնում տուն։

– Հը՜, ի՞նչ արիր, – հարցնում է փոքր ախպերը։ Ու մեծ ախպերը նստում է, գլուխն եկածը պատմում, ինչպես որ պատահել էր։

– Բան չկա, – ասում է փոքրը,- դարդ մի անի, դու տանը կց, հիմի էլ ես գնամ։

Վեր է կենում, հիմի էլ փոքր ախպերն է գնում, ծառա մտնում է՛լ նույն հարուստի մոտ։

Հարուստը դարձյալ ժամանակը որոշում է մինչև գարնան կկվի ձեն ածելը ու պայման է դնում, որ եթե ծառան բարկանա, հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի, թե ինքը բարկանա, հազար մանեթ տա, ու էն օրից էլ ծառան ազատ է։

– Չէ՛, էդ քիչ է, – հակառակում է տղեն։ – Թե դու բարկանաս, դու ինձ երկու հազար մանեթ տաս, թե ես բարկանամ, ես քեզ երկու հազար մանեթ տամ կամ քսան տարի ձրի ծառայեմ։

– Լա՛վ,- ուրախանում՝ Է հարուստը։ Պայմանը կապում են, ու այժմ էլ փոքր ախպերն է մտնում ծառայության։

Առավոտը լուսանում է, էս ծառան վեր չի կենում տեղիցը։ Տերը դուրս է գնում, տուն է գալի, էս ծառան դեռ քնած է։

– Ա՛յ տղա, դե վեր կաց, է՛, օրը ճաշ դառավ։

– Հը՞, բարկանո՞ւմ ես դու․․․ – գլուխը վեր է քաշում ծառան։

– ՉԷ՛, չեմ բարկանում, – վախեցած պատասխանում է տերը, – միայն ասում եմ՝ պետք Է արտը գնանք հնձելու։

– Հա՛, որ էդ ես ասում, ոչինչ, կգնանք, ինչ ես վռազում։

Վերջապես ծառան վեր է կենում, սկսում է տրեխները հագնել։ Տերը դուրս է գնում, ներս է գալի, սա դեռ տրեխները հագնում է։

– Ա՛յ տղա, դե շուտ արա, հագի, է՜․․․

– Հը՜, հո չե՞ս բարկանում։

– Չէ՛, ո՞վ է բարկանում, ես միայն ուզում էի ասել՝ ուշանում ենք․․․

– Հա՛, էդ ուրիշ բան, է․ թե չէ՝ պայմանը պայման է։

Մինչև ծառան տրեխները հագնում է, մինչև արտն են գնում, ճաշ է դառնում։

– Էլ ինչ հնձելու ժամանակն է, – ասում է ծառան, – տեսնում ես՝ ամենքն էլ ճաշում են, մենք էլ մեր ճաշն ուտենք՝ հետո։

Նստում են, ճաշն ուտում։ Ճաշից հետո էլ ասում է․ «Մշակ մարդիկ ենք, պետք է մի քիչ քնենք, հանգստանա՞նք, թե չէ»։ Գլուխը կոխում՝ է խոտերի մեջն ու քնում մինչև իրիկուն։

– Տո՛, վեր կաց, է՛, մթնեց, է՜, ուրիշները հնձեցին, մեր արտը մնաց․․․ Վա՜յ, քու դեսը ղրկողի վիզը կոտրի, վա՜յ, քու կերածն էլ հարամ ըլի, քու արածն էլ․․․ Էս ինչ կրակի մեջ ընկա․․․- սկսում է գոռգոռալ հուսահատված տերը։

– Հը՞, չլինի՞ թե բարկանում ես,- գլուխը վեր է քաշում ծառան։

– Չէ՛, ո՞վ է բարկանում, ես էն էի ասում, թե՝ մթնել է, տուն գնալու ժամանակն է։

– Հա՛, էդ ուրիշ բան է, գնանք, թե չէ հո մեր պայմանը գիտես․ վա՜յ նրա մեղքը, ով բարկացավ։

Գալիս են տուն։ Տեսնում են՝ հյուր է եկել։

Ծառային ղրկում է թե՝ գնա ոչխար մորթի։

– Ո՞րը։

– Որը կպատահի։

Ծառան գնում է։ Մի քիչ հետո լուր են բերում հարուստին, թե՝ հասի, որ քու ծառան ամբողջ հոտդ կոտորեց։ Էս հարուստը վազում է, տեսնում է՝ ճիշտ որ, ինչ ոչխար ունի, բոլորը ծառան մորթել է։

Գլխին տալիս է, գոռում․

– Էս ի՞նչ ես արել, ա՛յ անաստված, քու տունը քանդվի, ինչ իմ տունը քանդեցիր․․․

– Դու ասիր․ «Ո՛ր ոչխարը պատահի՛, մորթի», ես էլ եկա, բոլորը պատահեցին, բոլորը մորթոտեցի, ուրիշ ավել–պակաս ի՞նչ եմ արել, – հանգիստ պատասխանում է ծառան, – բայց կարծեմ դու բարկանում ես․․․-

– Չէ՛, բարկանում չեմ, միայն ափսոսս գալիս է, որ էսքան ապրանքս փչացավ․․․

– Լա՛վ, որ բարկանում չես, է՛լ կծառայեմ։

Հարուստը մտածում է՝ ինչ անի, ոնց անի, որ էս ծառայիցն ազատվի։ Պայման է կապել մինչև մին էլ գարնան կկվի ձենը ածելը, այնինչ դեռ նոր են մտել ձմեռը, դեռ ո՞րտեղ են գարունն ու կկուն․․․

Միտք է անում, միտք, մի հնար է մտածում։ Կնոջը տանում է, անտառում մի ծառի վեր հանում ու պատվիրում, որ «կուկու» կանչի։ Ինքը գալիս է, ծառային տանում, թե՝ արի գնանք անտառը որսի։ Հենց անտառն են մտնում թե չէ, կինը ծառի վրայից կանչում է․ «Կուկո՛ւ, կուկո՛ւ»․․․

– Ըհը՜, աչքդ լուս, – ասում է ծառային տերը, – կկուն կանչեց, ժամանակդ լրացավ․․․

Տղեն գլխի է ընկնում տիրոջ խորամանկությունը։

– Չէ՛, – ասում է, – ո՞վ է լսել, որ տարու էս եղանակին, ձմեռվա կիսին, կկուն ձեն ածի, որ սա ձեն է ածում։ Ես պետք է էս կկվին սպանեմ, սա ինչ կկու է․․․

Ասում է ու հրացանը քաշում դեպի ծառը։ Տերը գոռալով ընկնում է առաջը․

– Վա՜յ, չզարկես, աստծու սիրուն․․․ սև լինի քու պատահելու օրը, էս ինչ փորձանք էր, որ ես ընկա մեջը․․․

– Հը՞, չլինի՞ թե բարկանում ես․․․

– Հա՛, ախպեր, հերիք էր․ արի՝ ինչ տուգանք տալու եմ, տամ, քեզանից ազատվեմ։ Իմ գրած պայմանն է, ես էլ պետք է տուժեմ։ Հիմի նոր եմ հասկանում էն հին խոսքը, թե՝ «Մարդ ինչ անի, իրեն կանի»։

Էսպես հարուստը խելոքանում է, իսկ փոքր ախպերը մեծ ախպոր տված պարտքի թուղթը պատռում է, հազար մանեթ տուգանքն էլ առնում ու վերադառնում տուն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում