USD
EUR
RUB

Երջանիկ արքայազնը

 

Քաղաքից վեր՝ երկնասլաց պատվանդանի վրա, կանգնած էր Երջանիկ արքայազնի արձանը՝ ոտքից գլուխ պատված ոսկու թերթերով, աչքերի տեղ՝ փայլուն շափյուղաներ, սուսերի երախակալին՝ շողշողուն կարմիր սուտակ:

Մի գիշեր քաղաքի վրայով թռչում էր ծիծեռնակը: Նրա ընկերները վեց շաբաթ առաջ էին չվել Եգիպտոս, իսկ ծիծեռնակը հետ էր մնացել, որովհետև սիրահարվել էր մի շատ գեղեցիկ եղեգնի: Ընկերներին հասնելու համար նա թռավ ամբողջ օրը և գիշերը որոշեց մնալ քաղաքում: Թառեց երջանիկ արքայազնի ոտքերի մոտ ու կամեցավ քուն մտնել:

Հենց այն է՝ գլուխը թևի տակ պետք է դներ, ջրի մի քանի կաթիլ ընկավ վրան: Ապա երկրորդը, երրորդը:

«Այ քեզ բա՜ն , - մտածեց ծիծեռնակը, - երկնքում ամպի կտոր չկա, աստղերն էլ պարզ են ու պայծառ, բայց արի ու տես, որ անձրևում է»: Թռչնակը վեր նայեց. Երջանիկ արքայազնի աչքերը լի էին արցունքով, և կաթիլները գլորվում էին ոսկյա այտերն ի վար:

-Ինչո՞ւ ես լալիս, արքայազն, - ասաց նա, - տես, ոտքից գլուխ թրջեցիր ինձ:

- Երբ ես ողջ էի և մարդկային սիրտ ունեի, - պատասխանեց արքայազնը, - չգիտեի` ինչ բան է արտասուքը, քանի որ ապրում էի պալատում, ուր վշտի մուտքն արգելված էր: Չգիտեի՝ ինչ կա պալատի պատերից դուրս: Իսկ այժմ, երբ մեռած եմ, ինձ կանգնեցրել են այստեղ, որտեղից պարզ երևում է մարդկանց թշվառությունը: Ու թեև կապարե սիրտ ունեմ, դարձյալ անկարող եմ զսպել արցունքներս: Այս պահին, օրինակ, այնտեղ՝ հեռվում, մի աղքատիկ տնակ եմ տեսնում: Բաց պատուհանից երևում է սեղանի մոտ նստած մի կին...

Նա ծաղիկներ է ասեղնագործում թագուհու զգեստի վրա: Սենյակի անկյունում պառկած է այդ կնոջ հհիվանդ տղան: Նա ջերմություն ունի, և սիրտը նարինջ է ուզում: Բայց մայրը ջրից բացի ոչինչ չունի, և տղան լաց է լինում: Ծիծեռնակ, փոքրիկ ծիծեռնակ, սուսերիս երախակալի սուտակը չե՞ս տանի նրանց: Իմ ոտքերը գամված են պատվանդանին, և ես տեղիցս շարժվել չեմ կարող:

- Ի՜նչ ես ասում, ինձ սպասում են Եգիպտոսում, և ես շտապում եմ,-ասաց ծիծեռնակը:

- Ծիծեռնակ, փոքրիկ ծիծեռնակ, գեթ այս գիշեր մնա ինձ հետ, աղաչում եմ, մնա ու դարձիր իմ սուրհանդակը: Տղան այնքան ծարա՜վ է, ու մայրն այնքա՜ն տխուր:

- Թեև սաստիկ ցուրտ է, բայց քեզ չեմ մերժի, մի գիշեր կմնամ ու կլինեմ քո սուրհանդակը,-հառաչեց բարեսիրտ թռչնակը:

Նա հանեց արքայազնի սուսերի խոշոր սուտակն ու կտուցն առած ճախրեց, հասավ աղքատիկ տանը: Ներս թռավ, սուտակը դրեց կնոջ մատնոցի կողքին ու հետ եկավ

Երջանիկ արքայազնի մոտ, ամեն ինչ պատմեց ու ավելացրեց.

- Շատ տարօրինակ է, որ այս ցրտին չեմ մրսում:

- Պատճառն այն է, - հրճվանքով ասաց արքայազնը,-որ բարի գործ ես կատարել:

Հաջորդ գիշեր լիալուսին էր, և ծիծեռնակը պատրաստվում էր թռչել Եգիպտոս, արքայազն ասաց.

- Ծիծեռնակ, փոքրիկ ծիծեռնակ, խնդրում եմ, այս գիշեր էլ մնա ինձ հետ: Քաղաքի ծայրին՝ ձեղնահարկում, մի երիտասարդ եմ տեսնում: Նա, նստած սեղանի մոտ, ուզում է աշխատել, բայց չի կարողանում, որովհետև ցրտից սառել է, քաղցն էլ մյուս կողմից է տանջում: Կտուցով հանիր աչքերիս շափյուղաներից մեկն ու տար այդ տղային:

- Ձմեռը եկավ արդեն, - պատասխանեց ծիծեռնակը,-և ուր որ է պաղ ձյուն կգա: Այնինչ Եգիպտոսում արևը տաքացնում է կանաչ արմավենիներին... Ընկերներս բույն են հյուսել հիմա և ուրախ թռչկոտում են: Սիրելի արքայազն, ես այլևս անկարող եմ մնալ ցուրտ քաղաքում:

Բայց տեսնելով Երջանիկ արքայազնի՝ արցունքով լեցուն աչքերը՝ բարի ծիծեռնակը չդիմացավ և այս անգամ էլ կատարեց նրա խնդրանքը:

Երրորդ գիշերը եկավ հրաժեշտ տալու և վերջապես ուղղություն վերցնելու դեպի տաք Եգիպտոս: Բայց արքայազնը դարձյալ խնդրեց մնալ և իր մյուս աչքի շափյուղան հասցնել դժբախտության մեջ ընկած մի աղջկա:

- Այժմ դու կույր ես,-ասաց ծիծեռնակը, - ինչպե՞ս կարող եմ այսուհետև քեզ մենակ թողնել: Այլևս ոչ մի Եգիպտոս էլ չեմ թռչի և ընդմիշտ կմնամ քեզ հետ:

Եվ մնաց: Արքայազնը խնդրեց ծիծեռնակին թռչել քաղաքի վրայով և գալ, տեսածի մասին պատմել իրեն: Եվ երբ իմացավ, որ նա տեսել է սովահար երեխաների, անօթևան որբուկների, մուրացիկների, ասաց.

- Ծիծեռնակ, փոքրիկ ծիծեռնակ, ես պատված եմ բարձրորակ ոսկով: Թերթ առ թերթ պոկիր դրանք ու տուր աղքատներին, կարոտյալներին, տնանկներին:

Եվ ծիծեռնակը թերթ առ թերթ պոկեց ոսկին, մինչև երջանիկ արքայազնը խամրեց ու գորշ տեսք ստացավ: Բարի թռչնակը ոսկին հասցրեց բոլոր նրանց, ովքեր քաղցած էին ու սառած:

Մի օր էլ առատ ձյուն տեղաց՝ իր հետ բերելով սառնամանիք ու բուք: Խեղճ փոքրիկ ծիծեռնակը այլևս անկարող էր դիմանալ ցրտին, բայց նա ի զորու չէր լքել արքայազնին, քանի որ շատ էր սիրում նրան: Զգաց, որ մեռնում է: Թառեց արքայազնի դեմքին, համբուրեց սև ակնախոռոչները և անշնչացած ընկավ նրա ոտքերի մոտ: Այդ պահին արձանի ներսից արտասովոր ճարճատյուն լսվեց, կարծես ինչ-որ բան պայթեց:

Արքայազնի կապարե սիրտը ճաքեց և երկու կես եղավ:

Իսկապես աշխարհը ցուրտ էր...

(Համառոտ)

Օսկար ՈւԱՅԼԴ

 

Լրահոս
«Օնեգինը»՝ ռուսական թատրոնի բեմում Հրաչյա Թամրազյան. Հետքեր Ագահը Ալադինին մարմնավորած Մենա Մասուդը՝ «մեկ դերի գերի» Փարաջանով-Փելեշյան ալգորիթմը նույնչափ կարեւոր է, ինչպես Մաշտոցի այբուբենը Հրատարակվել է Իրինա Բարսեղյան-Կրպեյանի մենագրության անգլերեն թարգմանությունը Արամի 23 -ի հարևանությամբ ապօրինի քանդման աշխատանքները կասեցված են Հրաչյա Թամրազյանի մտերիմներն ու գործընկերները ցերեկույթով նշեցին նրա տարեդարձը Գոգենի կտավը վաճառվել է 9,5 միլիոն եվրոյով «Եվրոպայի ընտրությունը» տիտղոսը Հայաստանինն է Վիլյամ Սարոյան. Գյուղացին Հայաստանն ու Բելառուսը մշակութային նոր կամուրջներ կկառուցեն. հուշագիր պատմության թանգարանների միջև Վահան Թեքեյան․ Իմ գյուղը Ռուբեն Հովսեփյան. «Ոսկու շուկայում» Հովհան Ոսկեբերանի ճառն այն մասին, որ, ինչպես ցույց են տալիս սրբերի օրինակները, չկա որևէ առաքինություն, որը չարիք է բերում Գոգենի կտավն աճուրդում վաճառվել է 9,5 մլն եվրոյով Դերասանուհի Հելեն Միրենը պատվավոր «Ոսկե արջ» կստանա Բեռլինալեում Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը հովվական այցով գտնվեց Շվեդիայի Գոթենբուրգ քաղաքում Ջեքսոնի երգերը գործիքավորելիս օգտագործվել է նաև դուդուկ Ռուբեն Էլբակյանը մենահամերգ է ունեցել Փարիզի պատմական Լա Մադլեն եկեղեցում Կյանքից հեռացել է բալետի արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանը ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային ծառայությունը նշել է կազմավորման տարեդարձը Նիկոլայ Նիկողոսյանի գրաֆիկական աշխատանքները կներկայացվեն Մոսկվայում «Աստծո վրա դրի իմ հույսը և վախ չունեմ, մարդն ինձ ի՞նչ կարող է անել» Վահագն Մուղնեցյան․ Աղոթք Սոնա Վան․ Ադամի արարումը «Հովեր» պետական կամերային երգչախումբը հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում և Բելգիայում Հնագույն շրջանից մինչև մեր օրեր. ներկայացվեց հայկական որմնանկարչությանը նվիրված ժողովածու Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանն 80 տաեկան է Վահագն Դավթյան․ Համո Սահյանին Վահան Տերյան․ Մենության խավար զնդանից կրկին Սբ. Բեռնարդոս, «Մարիամի՝ Տիրոջ աղախնու խոնարհությունը» «Ռեվյու» հաղորդման հյուրն է Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը Մարվեց նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմային Դավիթ Սահակյանց. Ես կողմ եմ այդ տեսակ ցենզուրայի Ազգային գրադարանը ցուցահանդեսով շնորհավորեց Գրողների միության 85-ամյակը Նվիրում Շնիտկեին «Սառը սիրտ 2» մուլտֆիլմը դրամամուտքերի ռեկորդ Է սահմանել տոնական հանգստյան օրերին «Կոմիտասյան գոհարները ոչ ոք չի խլի, եթե ինքներս չկորցնենք դրանք»
website by Sargssyan