Պարույր Սևակին

Պարույր Սևակին

Հանկարծ ծփաց
Լռությունը քո զանգակատան,
Եվ միայն քո խոսքը մնաց` ամբողջացնելու
Կենսանյութը քո տեսիլքների:

ՙՑավդ տանեմ՚
Ասում էիր ինձ:
Հիմա,բոլոր ցավն այդ
Հսկա հարվածի մեջ հավաքած,
Մեզ ետ տվեցիր միանգամից:

Որ պարանն անիծյալ
Խեղդեց քո ապագան քեզ հանձնելու
Ժամանակը հավետ:

Ի՞նչ արցունքով
Մեծությանդ զուգահեռ
Կարող եմ արտասվել:

Մենք պիտի վառեինք դեռ
Ջահը մի նոր պատմության:
Երազներ պիտի գծեինք`
Նոր երազներով հղի:

Բայց ճակատագիրը որոշեց
Բացակայությամբդ մեծարել քեզ:

Պարու’յր, իմ սիրելի’ս,
Ընդունիր այս ցավի համանվագում
Արտասուքը մենավոր նրանց,
Ովքեր հասկանում են
Տարածությունը հոգուդ.
Եվ գիտեն, թե հրաժեշտիցդ առաջ
Հաղթել էիր արդեն մահվան:

Թող որ այսօր
Ես երգեմ քեզ`
Հանուն այն խորհրդի,
Որ հավատամքի է վերածում
Գոյությունդ,
Եվ հանուն քո անլռելի զանգակատան,
Որի ղողանջները սուր
Քայլերգ են դառնում,
Որ ժողովուրդը մեր
Տողանցի անվերջ
Դեպի իղձերը քո,
Տեսիլքը քո,
Դեպի վերագտած հայրենիքը քո:

Ալիսիա ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Թարգմանությունը՝ Վահագն Դավթյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում