Աշխարհի բոլոր գեղեցիկ կանանց

Աշխարհի բոլոր գեղեցիկ կանանց
Կարող ես մի պահ դու երջանկացնել,
Երբ նրանց փարվի կարոտդ անանց,
Որ հավերժության ծիրով է անցել:-
Շրջելով մաքուր իր անուրջներում
Ու որոնելով դեմքը այն կնոջ,
Որ իր ժպիտն է սփռում ամենուր -
Եվ սակայն չկա այդպիսի բնորդ
Այս բնության մեջ - այնքան կանացի
Եվ ոչ նկարիչ՝ ժպիտ նկարող,
Կան եզրագծեր անանուն թախծի,
Կա միայն կնոջ անսահման կարոտ.-
Բայց նրա դեմքը դու չես տեսնելու,
Նա անկարող է քեզ երջանկացնել -
- Հոգիդ թախծում է այն պարտեզներում,
Որոնցով անանց քո սերն է անցել…
Հրաչյա ԹԱՄՐԱԶՅԱՆ