USD
EUR
RUB

Մեր սերը ձեզ…

 

…Չեմ հիշում` քանի տարի առաջ էր, բայց գարուն էր: Առավոտվա ծեգին դուրս եկա Արաբիս հետ, հիմա չկա կենդանիս, լավ գամփռ էր, գնում էի անտառից ցախ կտրելու: Առաջին կտրածս ցախը բերեցի, որ դարսեմ բացատի մեջ, երբ Արաբիս հաչոցի ուղղությամբ տեսա փախչող երկար մորթի: Աղվես էր: Մինչև կհասցնեինք ուշքի գալ` կորավ, էլ հետքն էլ չկար… Ու էսպես ամեն օր: Երբ իջնում էի բացատ՝ սա փախչում էր: Ես պետք է հավաքեի, կուտակեի փայտը, մինչև թոռներիցս մեկը կգար քաղաքից, որ օգներ իջեցնեինք գյուղ: Սկզբում մտածեցի` երևի ձագ ունի պահած, ու էլ ծակ ու ծուկ չթողեցի, ման եկա, բայց ոչինչ չգտա: Հետո խելքս աշխատեց. եթե ձագ ունենար, բնազդով առաջին սպառնալիքից հետո կտաներ, էդ հաստատ: Քանի գիշեր մտածում էի, թակարդ էլ դրեցի թարմ մսով, դա էլ չօգնեց: Վերջը թոռանս հեռադիտակը վերցրեցի ու լույսը բացվելուն պես ճանապարհ ընկա…

…Աղվեսն ապրում էր մոր ու գայլերից մազապուրծ եղած`մորթաձաղկ քրոջ հետ: Մայր ու քույր իրար հետ մրցելու բերկրանքով որսի էին գնում, և մրցման հաղթանակը երբեմն այնքան շատ էր լինում, որ մի բան էլ իրեն էր հասնում: Աղվեսը հեռու էր որսից, նա հենց երազող էլ ծնվել էր… Օրերով թափառում էր անտառում: Եթե անգամ հանդիպում էր գետնամկան, վազում էր հետևից խաղալու նպատակով` հակառակ մկան տրամադրության, որը ծվծվալով հայհոյում էր եվրոպական ազատամտությունն ու ոտքերին ուժ տալով արագ չքվում…

Այդ օրը աղվեսը կհիշի և այս կյանքում ու, համոզված եղեք, ընդմիշտ: Փնտրող գլուխը կախ, երկար թափառելուց հոգնած, անսովոր աստվածաբույրից խրտնած`վեր բարձրացրեց և մի քանի քայլ այն կողմ տեսավ նրան… Ծաղիկ էր, որի բարակ իրանը վեր էր խոյացել մյուսներից անջատ, գլուխն ազնվական նրբագեղությամբ քիչ թեքվել էր, իսկ բազմերանգ աչքերը ապրելու կանչով գունեղացած էին…

Աղվեսը քարացավ` Ա՜յ քեզ գեղեցկություն…

Սրված արձանի քայլ գցելով`վախվորած փորձեց հոտոտել ու չդիմանալով ներխուժած անսահման կյանքին` հաափչի՜ փռշտաց: Ծաղիկը նազանքով գլուխը շրջեց նրա՝ այս ու այն կողմ թաթախվող թաց քթից:

Աղվեսը ամաչեց գռեհկության համար և հետ ցատկեց.

- Ներեցեք, ուղղակի չդիմացա ձեր հմայքին…

Ծաղիկը ձայն չհանեց. առաջին անգամ էր տեսնում իրենով հիացող տարօրինակ կենդանուն: Կողքի ծաղկատիկնայք պատմել էին միայն բարձրահասակ երկոտանի արարածների մասին, որոնք, եթե բախտ վիճակվեր, կարող է մի երջանիկ օր նկատեին իրեն ու տանելով իրենց օթյակները` ընտրյալին տեղադրեին ոսկե արքայական ծաղկամաններում: Ասում էին` ջրին էլ քաղցր են խառնում, որ շուտ չթառամի…

Աղվեսը ամաչկոտ շարժումներով ու կեղծ հետաքրքրությամբ անցավ մնացած բույսերն ուսումնասիրելու, սակայն աչքի պոչով հետևում էր գեղեցիկ ծաղկին: Ծաղկաբույսերի մեջ կային երիտասարդ օրիորդներ, որոնք վախենալով նրա անորոշ շարժումներից` տզզալով փաթաթվում էին իրար: Տիկին ծաղիկների հովհարներն ավելի լայն ու արագ էին բացուխուփ լինում, իսկ փշերով ծածկված պառավները անիծում էին անդուր կենդանուն…

Սոսափյունը տարածվեց շուրջբոլորը, ու Աղվեսի միամիտ զարմանքը փոխանցվեց քթի անկարգ փռշտոցների: Ծաղիկին ծիծաղ պատճառեցին Աղվեսի` տանջող փռշտիկները դադարեցնելու թավալգլոր փորձերն ու այլ հնարքները, որ օդ էին հանել հազարավոր խատուտիկների…

Նկատելով, որ կենդանին արդեն լուրջ տառապանքի էր մատնվում մյուսների արձակած անդուր հոտերից, Ծաղիկը կանչեց նրան իր մոտ և այնպիսի անօթևան բույր պարգևեց, որ Աղվեսի տանջանքը մի քանի փռշտոցից հետո անմիջապես տեղի տվեց անհագ ծարավի… Կենդանին ագահորեն հոտոտում ու չէր կշտանում: Որոշ ժամանակ անց խաղաղվեց, բամբակե պոչով շոյեց Ծաղիկի իրանն ու նստելով դիմացը` չարաճճի թարթիչները խոնարհեց: Հովից էլ հաճելի դող պատեց Ծաղիկին: Սիրտը զարկեց բնության անբառ կանչով` գլխիկը պտտվեց, սակայն ուժ գտնելով` խնդմնդացող հայացքների տակ իրեն պահեց, որպեսզի վար չթեքվի զգացումից…

Ծաղիկին գրավեց կենդանու գունեղ մորթն ու բնության աստվածուհուց շոյված համբույրակալ դնչիկը: Իսկ աչքերի անմեղ-խաղացկուն կայծից հալչեց Ծաղկի միայնության զգացումը:

«Հեն է, գնա ձեր վիդեոներով նայի, ես ինչ կապ ունեմ»…

Ծաղիկը չլսեց տիկնանց հորդորները անպարկեշտի մասին և բացահայտ մաքրությամբ սկսեց զրուցել կենդանու հետ…

Նրանք, մեկը մյուսի խոսքը կտրելով, պատմում էին կյանքից, որի մեջ միայն բնության գաղտնիքներն էին պսպղում: Ծաղիկը գլուխը խոնարհած նայում էր դունչը թաթերին դրած, իրենով հիացող Աղվեսին: Երկար զրուցելուց հետո երկուսով խոր հոգոց էին հանում` ինչքա՜ն բան կար դեռ միմյանց ասելու…

Այսպես ամեն առավոտ, երբ լույսը նոր-նոր տերևների վրայից սահելով թափանցում էր ցած, Աղվեսը, իր տաքուկ բնից թռչելով, արդեն ճանապարհին էր: Անգամ փորձել էր գիշերել Ծաղիկի կողքին, սակայն Ծաղիկը մի կերպ համոզել էր հետ կանգնել այդ մտադրությունից` ախր բացատի մեջ վտանգը մեծ էր…

Նրանց ընկերությունն արդեն անցնում էր նոր ու անհորիզոն տարածություն, երբ ծերուկը հեռադիտակով նկատեց իրեն հանգիստ չտվող մտածմունքների միակ ու ճշմարիտ բացատրությանը: Աղվեսն ընկնելով ու վեր կենալով`պոչով շոյում էր Ծաղիկի իրանը: Հետո լեզվով խոնավացնում էր տապից կծկված նրա գլուխը ու հաճույքից ցնցվելով նորից փռվում նրա դիմացը: Գլուխը հենելով առաջ պարզած թաթերին` երկար ու անթարթ հմայվում էր:

- Ես հասկացա, որ նրանք զրուցում ու փայփայում էին իրար,- ասաց փայտահատը:

Մի օր, երբ նրանք լռության մեջ ձուլվել էին բնության իմաստուն խոհերին, մեղուների պարս եկավ ու բզզալով, իրար հրելով, բուրմունքից արբեցած սկսեց փրկաբեր նեկտարը քաշել Ծաղիկի սրտից: Աղվեսը անակնկալի եկած կարծելով, թե վնասում են իր սիրած էակին` կատաղաբար հարձակվեց մեղուների վրա, բայց ատամները չէին բռնում այս մանր սրիկաներին: Մեղուները խելագարի մարմնի ու դնչի վրա հարձակվելով` օդում պարս բռնեցին: Այդ ամբողջ իրարանցման մեջ Ծաղիկը փորձում էր համոզել Աղվեսին, որ նրանք մեղք չունեն, որ դա ուղղակի պետք էր… Ինչի՞ համար`ինքն էլ հաստատ չգիտեր: Տիկնանցից լսել էր, որ նեկտարը տանում են երկոտանիների համար… Աղվեսը, հոգնելով մահվան սպառնալիքի հասնող խայթոցներից ու նեղացած Ծաղիկի փիլիսոփայությունից, հեռացավ իր բույնը:

Մյուս առավոտ մռութը կախ հայտնվեց, առանց բառ ասելու թաթով կլոր շրջան գծեց Ծաղիկի շուրջն ու հպարտ կեցվածքով նստեց նրա դիմաց: Ծաղիկի զարմացած հարցին` ինչո՞ւ այդպես վարվեց, պատասխանեց.

- Որովհետև դու իմն ես միայն, քո բուրմունքը ցողված է հոգուս վրա, ու այնտեղից ամեն առավոտ դու ես արթնանում, բայց երբեք… լսո՜ւմ ես, թույլ չեմ տա ինչ-որ բան մտնի այս շրջանից ներս` դու իմն ես հավետ…

- Խենթացել ես, իմ սիրելի Աղվես: Իսկ եթե գաս ու տեսնես, որ եղել են հանդգնողներ ու էլ այստեղ չե՞մ…

- Սուր ատամներովս կկրծեմ, ճանկերովս կբացեմ նրա փորոտիքն ու կդարձնեմ իմ բարեկամ Արծիվներին կեր:

Ծաղիկն ընկավ մտորումների մեջ. իրոք, եթե հանկարծ գան ու տանեն իրեն, ինքն առանց Աղվեսի… դժվար` չեն նկատի, իսկ ծեր երկոտանին բացի փայտից ուրիշ բան չի տեսնում, չի էլ նայում իր վրա…

Աղվեսը, գուշակելով նրա մտքերը, հեգնանքով նկատեց.

- Լա՜վ հիշեցի, դու արդեն քանի անգամ ու երեկ էլ ասացիր ինչ-որ երկոտանի արարածների մասին և գլուխդ մտցրել ես, որ նրանց ես պատկանում, էդպիսի բան չկա, մտքիցդ հանիր…

Եվ շուռ գալով կողքի` վխտացող փշոտ բամբասանքներին ասաց.

- Իսկ դուք, որ բան ու գործ չունեք, բացի վախ ցանելուց, ասում եմ` ձեր պատկերացումները երկոտանիների մասին փուչ են ու սուտ…

Ծերուկը գյուղամեջ էր իջել տեսածը հավաքվածներին պատմելու, սակայն բոլորը դա վերագրեցին առաջացած տարիքին ու չհավատացին նրան: Անգամ հին ընկերները մեղմ ժպտացին ծերուկի խոսքերին ու մուշտուկի միջով քաշեցին հերթական հիշողությունների ծովը…

Փայտահատը զայրացած վերադարձավ տուն: Սպիտակ թղթին պառավի ձեռագիրն էր. «Թոռդ ընկերների հետ եկել է ցախն իջեցնելու, շատ էին շտապում, գյուղամեջն էիր, ես եմ տանում բացատ, թե կհասցնես` արի, բայց գիժ-միժ բաներ նրանց մոտ չխոսես, ամոթ է` կասեն բիձեն ցնդել է…»:

Ծերուկի թույլ սիրտը, վատ բան զգալով, տրոփեց անհանգիստ: Կանչեց իր հավատարիմ արարածին` Արաբին, ում հետ ժամերով զրուցել էր բնության արտասովոր սիրո մասին: Նրա աչքերի թախծոտ հեռավորության մեջ գտել էր հասկացող ընկերոջը…

Բացատին հասնելուն պես, առանց պատասխանելու զիլ ձայներին, աչքերով փնտրեց Ծաղիկին, բայց այնտեղ ոչինչ չկար, բացի ջրալի բարակ ցողունից: Ծեր հոգին դառնացավ ու, ձեռնափայտը խփելով գետնին, ատամների արանքից մռմռաց.

- Ո՞վ է պոկել էստեղի ծաղիկը…

Պառավը տղաների սառած դեմքերից առաջ ընկավ.

- Թոռդ է պոկել, սիրած աղջիկ ունի` տանելու է նվիրի, փոխանակ ուրախանաս` մտածում ես ինչ-որ ծաղիկի մասին` ամբողջ անտառը լիքն է…

Ծերունին թափառող աչքերով նայեց պառավին, բայց և շուտ գտավ ընկերոջը՝ Արաբին ու ձեռքը թափ տալով խեղդեց նրա մեջ անձայն տառապանքը. «Եթե իմանա խեղճը, ափսոս»…

…Աղվեսը վազում էր` հևոցի մեջ խեղդվելով ու նորից թափ վերցնելով: Կողքի տաք ծակոցը մի ակնթարթ միայն ուղղությունից շպրտեց մի կողմ, բայց նորից ոտքի վրա էր ու կյանքից էլ թանկ, բնազդից այն կողմ տենչում էր այնտեղ:

Հասնելով` աչքին ու սրտին զարկեց… ոչ թե գնդակի այրվածքը, այլ դատարկ շրջանակը: Ցավից ու տառապանքից գլորվեց մարաղ մտած որսորդի ոտքերի մոտ` կատաղությունից ատամները վերջին ուժով խրեց ոտքի մեջ: Ատամը ծակելով անցավ ճտքավոր կոշիկն ու արյան վրեժն առնելով` կարոտած սրտով հոգին ավանդեց. Թքել եմ ձեզ վրա` վերցրեք մորթիս, բայց ոչ սիրված հոգիս..

Այդ ընթացքում Ծաղիկը իր լսած ու մյուսների երազած ոսկեգահում ծաղկաթերթիկներն էր գետնին ցանում` Կարոտել եմ քեզ, Աղվես իմ բարի, էլ չեմ դիմանում…

Չօգնեցին անգամ աղջկա քնքուշ համբույրներն ու ընտանիքի հոգածու ուշադրությունը: Ծաղիկը սպասվածից շատ շուտ թառամեց, ու վերջին խոսքն էր` Բոլորը ձեզ՝ երկոտանի անաստվածներ…

Լևոն ՇԱՀՆՈՒՐ

Լրահոս
Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել «Սգո տունը» թատրոն կդառնա Պաղտասար Դպիր.Դարձեալ առ տաճարն երկնանման Էդ Շիրանի նոր ստեղծագործությունը 1 մլն-ից ավելի դիտում է ունեցել մի քանի ժամում Գնացքում Շուշանիկ Կուրղինյան. ․․․Եվ մենք քսան դար․․․ Սիպիլ․ Մենաստանին կույսը Բաղայ Ասորի. «Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն» Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment Գրիգոր Զոհրապ․ Ժամին բակը «Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակեր Հովհաննես Թումանյան․ Աղջկա սիրտը «ՌեԱնիմանիա»-ն կիրականացնի «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը Աշխարհի բանաստեղծական պատկերին հավատարիմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին Հովհաննես Հովհաննիսյան․ Արազն եկավ լափին տալով․․․ Սոնա Արշունեցի․ Արդար դատաստան Աղոթք ընտանիքի Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Արչի Կալենցը` Նիկողոսյանի մասին. «Պապիկս ասում էր` քանդակն իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհիս» Վալենտին Գաֆտին գլխուղեղի կաթվածով հիվանդանոց են տեղափոխե Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Տարանտինոն չի բացառում, որ իր 10-րդ ֆիլմը կդառնա վերջինը Բելգիացին 500 եվրոյով պատահաբար գնել է Ռեմբրանդտի՝ մոտ 30 մլն եվրո արժեցող կտավը Մայր տաճարի բուսածածկույթի մաքրման աշխատանքների ժամանակ պատահականորեն բացահայտվում է, որ տաճարը փլուզման վտանգի առջև է «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար» Disney-ը կվերանկարահանի «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերը Վիլյամ Սարոյան. Ծիծաղ Աղոթք առ Աստված Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին Ավարտվեցին Հաղբատավանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները Արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր Կյանքից հեռացել է ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը «Չնայած , ես ինձ գրող չեմ համարում, բայց...». Սամվել Սևադա Սիպիլ․ Ապրի՛լ Եղիշե Չարենց․ Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ Աղօթք ապաշխարութեան
website by Sargssyan