Մենք․․․

Մենք․․․

Եւ ի՞նչ էինք մենք
Ու երկիրը մեր,
Եթէ ծուռ նստենք, բայց խօսենք շիտակ.

Եթէ նաւ՝ ապա չոր ժայռի վրայ,
Եթէ գաւ՝ ապա արցունքով լեցուն,
Եթէ հող՝ապա քարացած ահից,
Եթէ քար՝ապա ճչացող ցաւից,
Հզօր մի ոգի, որ չունե՜ր մարմին,
Եզակի որակ՝առանց քանակի,
Քաջարի սպայ՝ առանց բանակի,
Պաշտամունք՝ հնի ու աւերակի…

Եւ ի՞նչ էինք մենք
Ու երկիրը մեր,
Թէ շիտակ նստած՝ ծու՜ւռ խօսենք անգամ,—
Զբոսաշրջի՜կ իր հայրենիքում,
Հիւր՝ իր սեփական օջախ ու յարկում.
Գետ, որի լոկ մի ափն ենք նայում,
Լեռ, որ հեռուի´ց է միայն երեւում,
Անժողովուրդ հո´ղ,
Անհող ժողովո´ւրդ
Եւ ցրուած յուլունք,
Որ չէր ժողովւում:

Մենք խո´ւլ ենք կիսով.
Ամէն մի նոր ձայն թեեւ շուտ լսում,
Բայց անկարո՜ղ ենք ետեւից գնալ.
Մեր ականջներում
Հայոց պատմութեան քաո՜սն է խշշում՝
Փնտրելով խօսքեր դառնալու հնար:

Մենք կա´ղ ենք կիսով,
Քանզի ո՜ւր էլ մեր մի ոտքը դնենք՝
Սուրիոյ աւազին,
Փարիզի մայթին,
Նեղոսի ափին…
Մեր միւս ոտքը
Խրուած է Մասիս լեռան ձիւնի մէջ,
Եւ մենք չե՜նք քայլում,
Մենք տեղ չե՜նք հասնում՝
Գծում ենք միայն
Մեր պանդխտութեան շրջագիծն անել՝
Մասիսի շո՜ւրջ ենք պտըտւում անվերջ…

Մենք կոյր ենք կիսով.
Միշտ թաց է եղել մեր աչքն արցունքից,
Եւ աղօ՜տ ենք մենք տեսնում,
Անկատա´ր.
Մի ձեռքո՜վ ենք մենք կառուցել միայն,
Ստիպել են զէնք բռնել միւսով՝
Պատերա՜զմ էր մեր հողում անդադար:

Մենք հա´մր ենք կիսով.
Քանի՜ անգամ են կտրել մեր լեզուն,
Մեր մտածածը չասելու համար,…

Որ չուրախանա´նք մեր ուրախութեամբ,
Չհպարտանանք մեր հպարտութեամբ
Ու… չսգանք մեր զոհերն անհամար:

Արայի պէս ենք մենք սիրահարւում.
Մեզ թւում է միշտ,
Թէ սիրով տարուած՝ մեր հողն ենք լքում
Եւ…վախենո՜ւմ ենք նոր Շամիրամից.

Կէս ուղեղո´վ ենք աշխարհն ընկալում՝
Մթագնե՜լ է կէսն
Անէծքի՜ց,
Ցաւի´ց…

Մենք կէս,
Կէս ենք մենք,
Չլինէինք կէս՝
Հայ կը լինէինք,
Եւ ոչ թուրքահայ,
Կամ ֆրանսահայ.
Կամ արաբահայ,
(Իսկ վաղն աստղահայ
Եւ կամ լուսնահայ…)

Կէս ենք,
Երկճեղքուած,
Կիսուած,
Երկգագաթ
Մեր խորհրդանիշ սո՜ւրբ լեռան նման…

Բայց վկայ ճեղքուած Մասիս լեռը մեր,
Վկայ մեր կէսը մորթուած Տէր Զօրում
Եւ այն կէսը,
Որ ես եմ,
Դո´ւ եւ նա´,
Մենք կը միանանք
Մենք կ’ամբողջանանք,
Կը գտնենք մի օր
Լրիւ դառնալու հնար´ն անհնար:

Մենք փո՜քր ենք, այո´,
Փո´քր,
Լեռների ծերպից սուրացող այն քարի´ նման,
Որ դաշտում ընկած ժայռի ո´ւժն ունի.
Փո´քր,
Լեռնային մեր գետերի պէս,
Որոնք վիթխարի ո´ւժ են ամբարել,
Անծանօ՜թ՝
Հովտի ծոյլ-ծոյլ գետերին:

Մենք փո՜քր ենք, այո,
Փո´քր ենք,
Բայց ինչպէս գնդակը՝ փողո´ւմ,
Ինչպէս կաղնու սերմն՝ արգաւանդ հողում

Ոսկու մի հատի´կ,
Որ վերեւի´ց է նայում
Կապարի ու թուջի քաշին.

Մենք փո՜քր ենք,
Սակայն համեմունք ենք մենք,…
Ա´ղն այն մի պտղունց,
Որ հա՜մ է տալիս մի ամբողջ ճաշի…

Մենք փո՜քր ենք, այո´,
Ձեզ ո՞վ էր ասում,
Մեզ սեղմէ´ք այնքան,
Որ մենք ստիպուած… ադամա՜նդ դառնանք.

Ո՞վ էր ստիպում՝
Մեզ աստղերի պէս ցիրուցա՜ն անէք,
Որ միշտ մե´զ տեսնէք՝
Ուր էլ որ գնաք…

Մենք փոքր ենք,
Սակայն մեր երկրի նման,
Որի սահմանը
Բիւրականից մինչ լուսի´ն է հասնում,
Եւ Լուսաւանից մինչեւ Ուրարտո´ւ…

Փո´քր,
Այն հրա՜շք ուրանի նման,
Որ դար ու դարեր
Փայլո՜ւմ է,
Շողո՜ւմ,
Սակայն չի՜ հատնում…

Գևորգ ԷՄԻՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում