Գուրգեն Մահարի

Գուրգեն Մահարի

1920-ական թթ. հայ գրականություն մտավ մի երիտասարդ բանաստեղծ, որը գրում էր քնարական լավ բանաստեղծություններ և Չարենցի մտերիմն էր: Այդքանն արդեն բավական էր, որ նա շահեր ընթերցողների համակրանքը: Բայց շուտով նա հրապարակելու էր նաև իր արձակը և շատ պատվավոր տեղ էր գրավելու ժամանակի գրականության մեջ: Այդ երիտասարդ գրողը նա էր:

Նրա իսկական անունը Գուրգեն Աճեմյան էր: Ծնվել էր Վան քաղաքում 1903թ. և մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու հայոց Ցեղասպանությունը ապրել էր շատ թե քիչ անհոգ մանկություն: Բայց պատերազմը փոխեց ինչպես ամբողջ արևմտահայության, այնպես էլ վանեցիների ճակատագիրը: Երբ թարքերը հարձակվեցին Վանի վրա, նրանք քաջաբար պաշտպանվեցին մինչև ռուսական զորքերի և հայ կամավորների Վան հասնելը և փրկվեցին կոտորածից: Բայց հետո ռուսական զորքերը նահանջեցին, նրանց հետ ստիպված Վանից հեռացան և վանեցիները: Գուրգենը ճանապարհին կորցրեց իր հարազատներին և ուրիշ փախստականների հետ հասավ Արևելյան Հայաստան: Այստեղ նա ապրեց որբանոցներում, հետո գտավ կենդանի մնացած մորը և մյուս հարազատներին: Տատը, որին այնքան սիրում էր, մահացել էր գաղթի ճանապարհին:

Հետո Մահարին սիրով ու հումորով տատի մասին պատմում է իր «Մանկություն» վիպակում: Որբանոցում է ծանոթանում Եղիշե Չարենցի հետ: Այստեղ էլ սկսում է գրել առաջին բանաստեղծությունները: Որբանոցային կյանքի և հետագա թափառումների մասին Մահարին պատմում է «Պատանեկություն» վիպակում: Դրանք շատ դժվար տարիներ էին ինչպես Գուրգենի և նրա նման ամեն ինչ կորցրած հազարավոր հայ երեխաների, այնպես էլ ամբողջ հայ ժողովրդի համար: Արևմտահայության մի մասը սպանվել էր թուրքերի ձեռքով, մյուս մասը գաղթել էր զանազան երկրներ: Շատ-շատերը ապաստան էին գտել Արևելյան Հայաստանում, որը պատերազմի մեջ էր Թուրքիայի հետ: Աղքատություն, սով, համաճարակներ, սրանք այն տարիներին տարածված էին Հայաստանում: Այդ բոլորը Մահարին նկարագրում է «Պատանեկության» մեջ:

Այդ դժվար տարիներին հաջորդեցին խաղաղության և շինարարության տարիներ: Մահարին դարձավ գրական կյանքի եռանդուն մասնակիցներից մեկը. գրում էր բանաստեղծություններ, պատմվածքներ, վիպակներ, լույս ընծայեց մի շարք գրքեր: Նրան հռչակ բերեցին հատկապես «Մանկություն» և «Պատանեկություն» վիպակները, բանաստեղծությունների «Մրգահաս» ժողովածուն: Բայց նրա կյանքի և ստեղծագործության բնականոն ընթացքը ընդհատվեց աքսորով: 1936-ին շատ գրողների, մտավորականների և հասարակ մարդկանց հետ նրան էլ անհեթեթ մեղադրանքով ձերբակալեցին և աքսորեցին հյուսիս, հետո Սիբիր: Նրան ազատեցին միայն Ստալինի մահից հետո, 1953-ին: Մահարին վերադարձավ Երևան, գրեց բազմաթիվ նոր գործեր` «Ծաղկած փշալարեր» վիպակը աքսորի տարիների մասին, «Այրվող այգեստաններ» վեպը իր հայրենի Վանի, նրա կենցաղի և ճակատագրի մասին, պատմվածքներ, պիես, բանաստեղծություններ, հուշեր: Գուրգեն Մահարին մահացավ 1969 թվականին:

«Այրվող այգեստաններ»

«…ճանաչել այդ սխալները չկրկնելու համար, նորից եմ կրկնում, չկրկնելու համար, չկրկնելու համար… »

«Իսկ Վա՞նը, ու՞ր է Վանը, ինչու՞ չկա Վանը»

Գ. Մահարի

Հետևեք մեզ նաև Telegram-ում