Գթա՛, Տէր

Գթա՛, Տէր

Գթա՛, Տէր, ի հոգիս մեր ննջեցելոցն
Եւ յիշեա՛ ողորմութեամբ.
Քանզի գինք սուրբ արեան Քո են.
Ի յորժամ հրաշալի ձայնիւ փողոյն
Յառնեն մեռեալքն,
Եւ կան առաջի ահաւոր քո բեմին:
Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ:
Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն:
Զլուսաւորեալքս ծննդեամբ սուրբ աւազանին
Մի՛ բարկութեամբ խրատեր
Եւ մի՛ սրտմտութեամբդ Քո յանդիմաներ,
Ի յորժամ հրաշալի ձայնիւ փողոյն յառնեն
Մեռեալքն, եւ կան առաջի ահաւոր քո բեմին:

11-րդ դարի Հայոց կաթողիկոս Պետրոս Գետադարձի «Գթա, Տէր» շարականն է՝ Ալեքսանդր Հարությունյանի մշակմամբ: Կատարում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը: Խմբավար՝ Տիգրան Հեքեքյան: Հոլովակում օգտագործված են 13-րդ դարի հայ մանրանկարիչ Թորոս Ռոսլինի մանրանկարները ։

Շարականը սովորաբար կատարվում է Հոգեհանգստյան արարողությունների ժամանակ:

Շարականի սկզբում խնդրվում է Տիրոջից՝ գթալ մեր ննջեցյալների հոգիներին և հիշել ողորմությամբ, երբ փողերի հրաշալի ձայներից նրանք հառնեն ու կանգնեն նրա առաջ:

Ինչպես երևում է, այստեղ նկատի ունի Ահեղ դատաստանի օրը: Խնդրում է ողորմած լինել նրանց հանդեպ, քանզի դրանց գինը Քրիստոսի սուրբ արյունն էր, որ հեղվեց համայն մարդկության փրկության համար:

Ապա խնդրում է սուրբ ավազանից ծնվելով լուսավորվածներին բարկությամբ չխրատել և սրտմտությամբ չհանդիմանել, երբ փողերի հրաշալի ձայներից հառնելով, նրանք կանգնեն Իր առջև: « Սուրբ ավազանից ծնված » ասելով նկատի ունի մկրտության ավազանը, որի մեջ լվացվում են ադամական ու նախկին մեղքերը, և այնտեղից մարդը դուրս է գալիս՝ ինչպես մանուկ: Հիշենք Հիսուսի խոսքը Նիկոդեմոսին, որ ասում էր, թե ոչ ոք չի կարող Աստծո արքայությունը մտնել, մինչև ջրից ու հոգուց չծնվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում