USD
EUR
RUB

Ռազմիկ Դավոյան. Ի հավելումն «Ռեքվիեմ»-ի. Մհեր

 

ՄՀԵՐ

Կանգնած օդի մեջ
Օդանավերը կանգնած են օդում,
կանգնած ջրերում կանգնած նավերը
Սուր-սուր քթերով ջուրն են հոտոտում.-
Տերեւներն՝ անշարժ,
Ժամացույցների թեւերն են անշարժ.-
Ծխում են շուրջս.
Սիգարեթների ծուխը անշարժ է,
Կրակներն՝ անշարժ.-

Մի մեղեդի է հնչում երկնառաք,
Ուզում եմ երգել՝
Անշարժ է ձայնս՝ կոկորդս խրված,
Ուզում եմ պարել,
Սակայն հոդերս խախտված են լրիվ,
Մեջքս՝ կոտրված.-
Իմ երգը, պարը, շունչըս ու հոգիս
Աչքերիս առջեւ սառած-անշարժ են՝
Դագաղում դրված:

Հյուլեն շարժվում է,
Միայն նա՝ Հյուլեն,

Թռչում-սուրում է բաց տիեզերքում
Եվ բաբախում է՝
Ներդաշնակվելով սրտիս զարկերին.-

Ո՛չ այն գիտությամբ, որ սովորեցի,
Այլ Քո՛ գիտությամբ Արարիչ-Աստված,
Համոզված եմ, որ նա պիտի պայթի՝
Երբ սիրտս պայթի.-

Եվ նրանք, ովքեր քեզ հետ միացան
Իրենց անուրախ երկրային կյանքի
Ծանր վախճանին,
Լոկ նրանք պիտի վկաներ լինեն
Արարումներիդ Երրորդ շրջանին:

...Չէ՞ որ Դու ինքդ ցանկացար, Տե՛ր իմ,
Որ հաղորդ լինեմ արարումներիդ
նախահիմքերին
Եվ պատգամներդ աղաղակելով
Շրջեմ մարդկության երամների մեջ.-
Սակայն ամենուր Քո պատգամները
Աննահանջ սփռող բանակներն անգամ
Անզոր են, Տե՛ր իմ.
Գերակայության տենդով բռնված
Ուղեղների մեջ
Մտքի չարության որոմն ավելի
Հախուռն է աճում՝
Քո Միակ Որդուն խաչողներն այսօր
Սուրբ անմեղությամբ ապրողներին են
Բռնում ու խաչում.-

Այն, որ ասում են, թե Դու ես, իրոք,
Ընտրելով մարդկանց ամբոխի միջից
Անհատներ վսեմ,
Ազգ ու ցեղերին կարգում առաջնորդ,
Ամբոխը նրանց չի էլ ճանաչում,
Ուր մնաց՝ լսեն.-

Կանգնում է մեկը
Կուռքեր տապալող ամբոխի գլխին
Եվ ազատություն տալով ամենքին
Բարեկեցության, առաքինության
Խոստումներ վիժող իր լայն երախին,
Մշտապես խաբվող հույսերին ի գին՝
Քշում է նրանց, հանելով հունից,
Ո՞վ կգուշակի՝ ի՞նչ է ծնվելու
Մտքի եւ խոսքի
Պոռնկաբարո ամուսնությունից:

...Կանգնած եմ անզոր
Ահա ընտրյալիդ աճյունի առջեւ՝
Աչքերով սառած,
Սակայն հայացքս
Անհունում շարժվող Հյուլեիդ հառած:

ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՔՈ ՊԱՐԳԵՎՆԵՐԻՆ

Դու անպարագիծ գեղեցկություններ
Լույսաշխարհ բերիր՝ աչքերիս ի տես,
Շոշափելիքս դարձրիր զգայուն,
Որի շնորհիվ
Փակ աչքերով էլ շոշափում եմ Քեզ՝
Ինչպես որ մաշկը քսվում է քամուն,
Կամ ինչպես խարկված,
տոչորված հոգին
Հպվում է սիրո ամոքիչ սյուքին
Եվ անմահանում.-
Այսինքն՝ ոչինչ մեզ չի բաժանում,
Եվ ամե՜ն-ամե՜ն-ամե՛ն Աստծո օր
Այդ մեծ բախտին եմ ես արժանանում:

Եվ սակայն սյուքը,
Սահելով այրվող կոպերի տակով,
Փորձում է ինչ-որ զովություն բերել
Արտասուքներից այրվող աչքերին
Այն դժբախտների՝
Ում աչքերը, որ դրսից սառած են,
Բայց, Տե՛ր իմ, նրանք ներսից են այրվում
Անամոք ցավի անտես քուրայում:

Անամոք ցավե՜ր...
Անկատար երա՜զ...

Ուրախության ու խինդի դռները
Փակվե՞լ են անդարձ, իսպառ խցանվե՞լ.-
Կարծես թե մարդիկ այդ դռների դեմ
Դժբախտության ու տառապանքների
Որոմ են ցանել.-
Որոմը, Տե՛ր իմ, չե՞ս կարող ջնջել
Երկրի երեսից.-
Ես հիացումի, փառաբանության
Խոսք եմ մրմնջում Քո ստեղծածին,
Իսկ նա գալիս ու անպատկառորեն
Մխրճվում է իմ սուրբ աղոթքի մեջ
Իմ խոսքի կեսից.-

Միշտ էլ տեսնում եմ մտքով թե աչոք
Գեղեցկություններն այն անպատմելի,
Որ արարեցիր Դու՝ Արարիչդ,
Ու չեմ վայելում.-
Դեպի ինձ հղված
Լույսիդ ամեն մի շողարձակումին
Նեռն իր չարաղետ սեւն է հավելում.-

Ապականվել են երկինքդ ու հողըդ.
Շնչում եմ օդըդ՝
Ու ոչ վայելք կա,
Ոչ էլ զովացում.-
Ամենքով մեկտեղ
Խցկըվել ենք մի սարդոստայնի մեջ,
Հայտնվել ենք մի աղետյալ ցանցում.-
Եվ դա՞ է մարդու հպարտությունը,
Դա՞ է պարգեւում ինքնահիացում...

Նայում եմ ինքս իմ արտացոլանքին,
Ու չեմ հավատում, որ այդ ե՛ս եմ, կա՛մ.-
Այսինքն՝ այն, ինչ տվիր իմ անձին,
Դա՞ է ամբողջը՝ պատկե՞րն այդ դժկամ.-
Բայց ո՞ւր են, Տե՛ր իմ,
Այն ղողանջների փայլն ու հրճվանքը,
Որ Քո անհունից
Եվ Քո անունից իմ ամբողջ կյանքում
Շողշողում էին իմ տիեզերքում...

ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ

Չեմ ուզում խաղս ավարտված լինի.
Ոչի՛նչ, թող հոգիս, միտքս ցավերով,
Դառն ապրումների դաժան խարտոցով
Թող խարտված լինի,
Սակայն չեմ ուզում Քո նախապարգեւ
Սուրբ պատգամներից ոչ մեկը, Տե՛ր իմ,
Մեր այս անառակ կյանքի քուրայում
Անզոր երեւա,
Կամ պարտված լինի.-

Այդու՝ գնում եմ ուրախանալու
Այլոց խնդությամբ,
Նրանց խնջույքին լինեմ մասնակից՝
Ըստ Քո ցանկության,
Բայց նրանց խինդը, Տե՛ր իմ, շատ արագ
Փոխակերպվում է սանձարձակության.-

Քո պատգամներից ո՞րն ասեմ, Տե՛ր իմ,
Դու պատվիրեցիր՝ «Սիրեցեք միմյանց,
Մերձեցեք իրար...»,
Կանայք միմյանց ու նաեւ այրերին,
Այրերը իրար ու նաեւ կանանց՝
Որպես մերձավոր,
Որպես սիրահար,
Ինչպես արեւն է մոտենում ձյանը,
Ինչպես խոտերն են դողում հաճույքից՝
Երբ որ լսում են
Իրենց մոտեցող հովերի ձայնը,
Ինչպես ոսկեփայլ խաղողի հյութին
Սպասում է տաք-պապակ հնձանը.-
Քո պատվիրանին համապատասխան՝
Որ ամեն մի սեր, ամեն մերձեցում
Պիտի կապի իր սիրո նարոտն ու
Իր ծիածանը...

Մռայլ ամպերը, սակայն, բախվում են
Սիրո երկնքում,
Եվ կայծակնահար սրտերը սիրո
Ողբ են որոտում,
Եվ արցունքների հեղեղ է հորդում
Ողջ երկրի վրա եւ տիեզերքում:

Ու այնուհետեւ,
Ու այնուհետեւ՝
Ինչպես կաղնին է հառաչում ահեղ
Կայծակի զարկից,
Այդպես ամեն մարդ ե՛ւ հառաչելով,
Ե՛վ հոգու խորքում մոխիր ամբարած
Սիրո կրակից,
Թե՛ այր եւ թե՛ կին,
Ապավինելով մարմնեղեն կրքին,
Գնում են ուրիշ հուր որոնելու,
Այլ մի տեսակի.
Այրվող հայացքով իրար են նայում՝
Ո՞ւմ կանչին գնան,
Ո՞վ է հմայում,
Եվ հայտնվում են
Մարմնամերձեցման քարայրում վառվող
Բորբոք քուրայում.-

...Օ՛, ներիր ինձ, Տե՛ր,
Ներիր, եւ մեղա՜...
Ես էլ նրանցից շատ տարբեր չեղա,
Ես նայում էի, թե ո՞վ է գալիս
Իր գայթակղիչ մատուցարանով,
Ո՞վ է հիմքերս իրարու տալիս
Իր տարաշխարհիկ, կախարդող ձայնով,
Ո՞վ է անտուն ու թափառականիս
Ջերմ ու ամոքիչ պահեր պարգեւում
Թեկուզ անցողիկ իր կացարանով:

Սերը աննկատ փոխակերպվում է
Արու եւ էգի
Մերձեցման կրքի,
Ո՛չ այպանելի մարմնամերձեցման.-

Եվ այդպես, ահա,
Սեր եղե՞լ էր,
Կա՞ր,
Բնավ չէ՞ր եղել...
Սիրո կարոտն էլ
Փոխակերպվելով դառը հեծեծման,
Դարեր վիժում է արցունքի հեղեղ:

Սրբապղծություն կլինի, Տե՛ր իմ,
Եթե ասեմ, որ բնավ սեր չկա,
Այլապես Դու մեզ՝ մեղավորներիս,
«Սիրեցեք միմյանց» սուրբ պատվիրանդ
Երբեք չէիր տա:

Սեր ունի նա, ով նախ Քեզ է սիրում՝
Մարդ արարածի ծնողդ առաջին,
Եվ հետո նա, ով արդեն Քո դերում
Եվ Քո շնորհիվ
Ծնկում՝ մանուկ է լույս աշխարհ բերում՝
Շունչ պարգեւելով անէ-անշնչին,
Սիրո բարուրով նրան բարուրում
Եվ դնում է իր անաղարտ, անբիծ
Սրտի եթերում:

Այդ սերը, Տե՛ր իմ, երբեք ու երբեք
Չի փոխակերպվում այլ զգացումի.-
Դա նման է մի այգաբացումի,
Որ կյանքի Հյուլեն դարձյալ գրգռում
Եվ հիացմունքի հեղեղ է սփռում:

Սերն ամենուր է, Տե՛ր իմ, եւ սակայն
Միայն այնտեղ է նա շնչում անքուն՝
Եթե դրված է ճիշտ իր բնական,
Միակ ու միակ անխաթարելի
Հարազատության ոսկե պսակում:

ԴԵՊԻ Ո՞ՒՐ, ՏԵ՛Ր ԻՄ...

Կանգնած եմ ահա
Երկրային գահիդ ոտքերի առջեւ՝
Արարատ լեռան նույն ստորոտում,
Որտեղ Քո ձեռքով
Նոյ Նահապետին Դու իջեցրիր.-
Ներսումս շանթեր ու տագնապներ են
Ահեղ որոտում.-
Տե՛ր, աղաչում եմ, մաքրիր երկինքս
Եվ տագնապներս Քո ձեռքով ցրիր.-

Սառած աչքերս հառել եմ դարձյալ
Բաց տիեզերքով թռչող Հյուլեին,
Որ բաբախում է՝
Ներդաշնակվելով սրտիս զարկերին.-
Այն տեսակ-տեսակ ծաղիկները, որ
Նրա ձեռքերում պիտի բուրեին,
Շարված են նրա աճյունի վրա,
Նրա՝ Ընտրյալիդ,
Որ հալածելով չարքեր ու դեւեր,
Ապրելու համար մերժեց հիմնովին
Նրանցից գոնե մեկին հետեւել.-

Ես իմ ողջ կյանքում անարդարության,
Նաեւ չարի դեմ երբեք չընկրկած,
Քո գահի առջեւ մնում եմ ծնկած.-

Եկել եմ մի թանկ հարցում հարցընեմ՝
Տե՛ր, ներիր սակայն,
Եթե Քեզնից էլ երես դարձընեմ,
Հայացքս դեպի ո՞ւր ուղղեմ, Տե՛ր իմ,
Ո՞ւմ ուղղեմ, Տե՛ր իմ.-
Ցույց տուր մի ուղի, նշիր մի անուն...

Դարձյալ նայելով թռչող Հյուլեիդ
Կապույտ եթերին,
Հարցում եմ անում՝
-Արդյոք որոնեմ այն Դրա՞խտը պերճ,
Որ Քո ձեռքերով ինքդ կերտեցիր,
Եվ կամ այն մարդո՞ւն, որ դրախտի մեջ
Ինքդ Քո ձեռքով Դու զետեղեցիր.-

Որտե՞ղ,
Որի՞ մեջ,
Ինչպե՞ս որոնեմ,
Ո՞ւմ պատկերի մեջ եւ կամ թե հոգում
Ես Քեզ որոնեմ.-

Արդյոք անձի մեջ իշխանավորի՞,
Որ պղծել հոգին եւ զեխության մեջ
Պանծացընում է իր տեսքը հոռի
Զանգվածի վրա անօրեն լքված
Կարիքավորի, խեղճ չքավորի.-

Դրախտըդ, Տե՛ր իմ, Քո սուրբ դրախտը
Իրենց շահամոլ եւ կամ միամիտ
Գիտունների հետ
Փոխակերպել են հոտած ճահիճի,
Ու Քո խնկաբույր անոթը խղճի
Փոխակերպել են որկոր-աղիճի.-

Արդարադատի՞ անձի մեջ փնտրեմ,
Որ արդարության կշեռքը ձեռին,
Քո արդարության համար ծանրախոհ
Իբր թե եռում,
Սակայն հայացքը կաշառատուի
Գրպանի ձեռքին, մեկ էլ նժարի
Ոսկու վրա է թաքուն սեւեռում.-

Դո՞ւ տվիր նրան այդ կշեռքը, Տե՛ր,
Այդ ինչպե՞ս է, որ նժարը նրա
Զայրույթ չի ապրում
Այդ անպատկառի գործերի վրա.
Նրա գործերից հարցում հարցընի,
Պատասխան ուզի
Եվ շրջվի թափով՝
Այդ անօրենի քիթ ու մռութին
Մի ծանր ու արդար հարված հասցընի։

ԵՏԱԴԱՐՁ

Որքան էլ դաժան խնդիրներ դնի
Կյանքը անողոք,
Ես չեմ ցանկանում, որ Քեզ հետ,
Տե՛ր իմ,
Իմ այս զրույցը համարես բողոք.-

Իմ հարցումներից ոչ մեկին ոչ մի
Պատասխան չեղավ,
Իսկ ագահ մարդու խելամտության
Իմ հույսը, ավա՜ղ, քշվեց հեղեղավ.-

Ո՛չ այն հեղեղով, որ Դու ես անում
Հիմա ամենուր-հյուսիս ու հարավ,
Այլ անմիտ մարդու անօրենության
Հեղեղը տարավ.-

Եվ ես ասում եմ՝ Աստված ի՞նչ անի,
Աստված ի՞նչ անի,
Ինչ պիտի աներ՝ արել է Աստված,
Մնում է, որ իր խոստումին պատշաճ
Ահեղ Դատաստանն իր անխիղճ անի,
Ու մեկ էլ՝ իր նոր արարումների
Երրորդ շրջանին
Մարդու մթագնած, մոլագար միտքը
Մի քիչ խոնարհ ու մի քիչ ջինջ անի։

Տեքստի աղբյուր՝ Haymedia.am:
Տեսանյութը Շողակաթ հեռուստաընկերության։

Լրահոս
Հովհաննես Երանյան. Խարխափումներ Նաիրի Զարյան․ Տիկին տխրություն Րաֆֆու մարմարե քանդակը՝ այսուհետ Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունում Գիշերային Գառնին Կոմիտաս և Թումանյան էր շնչում. համերգ նվիրված մեծերի 150- ամյակին «Իմ ու իմ միջև». երիտասարդ գրող Հաս Չախալյանն ընթերցողին կներկայացնի իր առաջին գիրքը Ովքեր հավատում են Հիսուսին, նրանք հավիտենական կյանք են մտնում Կարգալույծ է հռչակվել Տ. Նարեկ ավագ քահանա Իշխանյանը մենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած երիտասարդներին «Անուշը» հեքիաթ է մեծահասակների համար» Ապաշխարության խորհուրդ. Ներիր, որ ներվես Դերասան Յուրի Իգիթխանյանը երկրորդ անգամ կփորձի Պարույր Սևակ․ Հավատարմությունը Սրտի արատ չէ Նեղություններ Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Իսպանացի վարպետը կենդանիների չափազանց իրական տեսք ունեցող քանդակներ է ստեղծում գերաններից Հնագիտությունը ՀՀ-ում լուրջ զարգացում է ապրում. վկայում են օտարերկրացի հնագետները Խոցելի խմբերի երեխաների աշխատանքները կցուցադրվեն Խնկո Ապոր անվան գրադարանում Աղոթք ընդդեմ դեւերի Փնտրել ու սիրել երկնայինը և ոչ երկրայինը Նոր տնօրինություն Կոնստանտին Օրբելյան + Հասմիկ Գեղամի Գրիգորյան․ մի նոր գլուխգործոց, որ «պայթեցրեց» դահլիճը Համերգ՝ նվիրված կլարնետահար Աբգար Մուրադյանի հիշատակին Ռազմիկ Դավոյան․ Իմ ձայնը․․․ Նելլի Սահակյան․ Ես աղոթք եմ ասում խոտի ստվերին Կողմնակի անձանց մուտքը չի արգելվում. Չեռնոբիլը բաց է զբոսաշրջիկների համար Հալեպում սիրո և պատերազմի մասին ֆիլմ է նկարահանվել Թումանյանի հեքիաթների հոլանդերեն հրատարակության նախագիծը իրականացման փուլում է Ռեժիսոր Սոնա Սիմոնյանը «Մեծ սպասելիքներ»-ով բացահայտում է Գյումրու երիտասարդներին մտահոգող հարցեր Երանի՜ ողորմածներին Թալին Տեր-Մինասյանի գիրքը՝ «արեւային քաղաքի» մասին Իրանական վավերագրական կինոյի ինքնատիպ նմուշ «Սիրելին» ներկայացվեց Հայաստանի հանդիսատեսին Կարգալույծ է հռչակվել Տ. Խաչատուր աբեղա Կնյազյանը Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի Կբացվի ազգային նվագարանների ժամանակավոր ցուցադրություն Ապագա ճարտարապետների նվերը ուրախացրել և ոգևորել է ԴԱԱ հիվանդանոց-դպրոցի երեխաներին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանին Վահան Թեքեյան․ Լուսավորչի կանթեղը Ավետիք Իսահակյան․ Անպարտելի ոգին 10 տարվա ընդմիջումից հետո Սոֆի Լորենը վերադառնում է կինո «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում մեկնարկեց գերմանական ծրագիրը. ներկայացվելու է հինգ կինոնկար
website by Sargssyan