Եղիշե Չարենց․ Մարիոնետ

Եղիշե Չարենց․ Մարիոնետ

Կամաց, կամաց, կամաց, կամաց,
Ոտքերն հողին, հողին, հողին`
Եկավ-գնաց, եկավ-գնաց,
Գունատ, դեղին, գունատ, դեղին։

Ձեռքը շարժեց – մեկ վեր, մեկ վար,
Ոտքը խփեց – մեռե՛լ, մեռե՛լ, –
Առաջ եկավ դժվա՜ր, դժվա՜ր,
Ձեռքը շարժեց մեկ վար, մեկ վեր։

Ահա՛, ահա՛, – թեքվե՜ց, թեքվե՜ց,
Կընկնի՛, կընկնի՛․․․ բայց չէ՛, նայի՛,
Շուրթը շրթից դանդաղ ջոկվեց,
Մնաց մի պահ` աչքը մահի։

Ու սո՜ւր ճչաց` կարծես բռնի
Աչքերն, անշարժ, հեռուն գամած.-
Այդպես հոգի՛ս պիտի մեռնի –
Կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց․

Հետևեք մեզ նաև Telegram-ում