Հովհաննես Չեքիջյան. Կյանքը ափի մեջ.

Հովհաննես Չեքիջյան. Կյանքը ափի մեջ.

5 տարեկանից նվագել է դաշնամուր: Սովորել է Մխիթարյան և ֆրանսիական Սեն Միշել վարժարաններում, 1951թ. ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, 1961թ.` ասպիրանտուրան, միաժամանակ կատարելագործվել է «Էկոլ նորմալ դը մյուզիք» կոնսերվատորիայում:

1944-51թթ ղեկավարել է Ստամբուլի հայկական եկեղեցու «Դուրյան» և բարեգործական հաստատությունների այլ երգչախմբեր: 1947թ եղել է Ստամբուլի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը, 1957-61թթ` իր ստեղծած «Չեքիջյան» երգչախմբի խմբավարը, 1958-61թթ` օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու պետական երգչախմբի գլխավոր դիրիժորը:

1961թ. տեղափոխվել է Երևան և նշանակվել Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: 1962թ. դիրիժորի ղեկավարությամբ Երևանում կատարվել է Մոցարտի «Ռեքվիեմը», որը համարվել է տարվա երաժշտական երևույթ: 1982-87թթ եղել է Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը:

1975թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1982թ-ից` պրոֆեսոր): Նրա ղեկավարությամբ Հայաստանի պետական երգչախումբը ստեղծել է բազմազան ու հարուստ երկացանկ` ավելի քան 800 ստեղծագործություն` հայ և օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործություններից, հանդես է եկել ավելի քան 4 հազար համերգներով: Ղեկավարել է աշխարհի շուրջ 56 նշանավոր սիմֆոնիկ նվագախմբեր (ԽՍՀՄ պետական հեռուստառադիո, Մոսկվայի Մեծ թատրոն, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական, Բուդապեշտի ֆիլհարմոնիայի, Մարսելի օպերային թատրոններ և այլն): Հեղինակ է մի շարք վոկալ-սիմֆոնիկ երկեր («Գարնանային անուրջներ», «Ազատության ղողանջներ», «Հանդիսավոր ձոն») և բազմաթիվ երգչախմբային մշակումներ:

1967թ. արժանացել է ՀԽՍՀ, 1978թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 1970թ. արժանացել է ՀԽՍՀ, 1975թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1980թ.` ԽՍՀՄ «Ժողովուրդների բարեկամություն», 1992թ.` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Մեսրոպ Մաշտոց», 1997թ.` ՀՀ «Մովսես Խորենացի», 1999թ.` Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-ՍուրբՄեսրոպ» մեդալների, 2009թ.` Համաշխարհային հայկական կոնգրեսի «Ոսկե խաչ» շքանշանի:

Էկոլոգիական (2001թ.), Մոնրեալի տեղեկատվական (2008թ.), Բնության և հասարակության (2009թ.) միջազգային ակադեմիաների անդամ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում