USD
EUR
RUB

Անուն հանած երաժիշտները վերադառնում են հայրենիք

 

«Առավոտը» ուշադրության կենտրոնում է պահում, հնարավորության դեպքում՝ ներկայացնում արտասահմանում ապրող ու ստեղծագործող մեր հայրենակից, մանավանդ երիտասարդ արվեստագետների գործունեությունը: Նրանց մի մասը երբեմն հանդես է գալիս հայրենիքում, մի մասի հետ էլ զրույցներ ենք ունենում հեռահաղորդակցության միջոցներով, կան նաեւ երաժիշտներ, ճիշտ է՝ փոքրաթիվ, որոնք վերջին ամիսներին տեղափոխվել են Հայաստան ու այստեղ շարունակում են իրենց գործունեությունը: Վերջին շրջանում եվրոպական, մասնավորապես՝ շվեյցարական պարբերականներում հոլովվում են մեր հանդիսատեսին ու ընթերցողին ծանոթ կոմպոզիտորներ Դավիթ Հալաջյանի, Տիգրան Ստամբոլցյանի եւ Արամ Հովհաննիսյանի անունները:

«Առավոտի» առաջին հանդիպումը՝ Արամ Հովհաննիսյանի հետ, «հուշեց» Կամերային երաժշտության տանը նոյեմբերի 17-ին կայանալիք «Ասոնանս» կամերային անսամբլի համերգի հայտագիրը: Անսամբլի գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը: Կհնչեն հայ եւ արտասահմանցի կոմպոզիտորների երկեր, այդ թվում՝ Տիգրան Մանսուրյանի, ֆրանսաբնակ Միշել Պետրոսյանի, Ռուբեն Անտոնյանի, հունգարացի Դյորդ Կուրտագի, շվեյցարացի Հայնց Հոլիգերի:

Շվեյցարաբնակ Արամ Հովհաննիսյանին գիտենք դեռեւս 2000-ականների սկզբից, երբ ճանաչված երաժիշտ, դաշնակահար Արթուր Ավանեսովի հետ «Աուս-5» կամերային անսամբլի կազմում ներկայացան հայաստանցի ունկնդրին: Անսամբլը կարճ ժամանակ անց դադարեց գործել, որովհետեւ երեք երաժիշտներ մեկնեցին արտասահման, այդ թվում՝ դաշնակահար Արտյոմ Մանուկյանը, որն այսօր ճանաչված ջազմեն է ԱՄՆ-ում, դիրիժոր եւ ջութակահար Վլադիմիր Յասկովսկին, որն ապրում ու ստեղծագործում է Գերմանիայում եւ կլարնետահար Արմեն Ղազարյանը, որը կարիերայի համար ընտրեց Շվեյցարիան: Երկու անգամ էլ Արամ Հովհաննիսյանի ջանքերի շնորհիվ անցյալ տարվանից Երեւան, Գյումրի եւ Դիլիջան քաղաքներում մեկնարկեց «Խաչմերուկներ» փառատոնը, որի գեղարվեստական ղեկավարն է: Հենց կոմպոզիտորի շնորհիվ էր, որ Փարիզի կոնսերվատորիայից հրավիրվեցին երաժիշտներ եւ Բելգիայի թագավորական ակադեմիայի անդամներ:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ նրա այս այցի հետ կապված շրջանառվում է խոսակցություն, թե Ժնեւի երաժշտական բարձրագույն դպրոցում անվանի կոմպոզիտոր Միքայել Ժարելի ղեկավարությամբ ուսանելուց եւ ժամանակակից երաժշտության ոլորտում լուրջ հաջողության հասնելուց հետո եկել է Երեւան՝ չվերադառնալու պայմանով: «Նման մտադրություն ունեմ: Բայց կինս՝ լեզվաբան Հասմիկ Ջիվանյանը, պատրաստվում է դոկտորական թեզի պաշտպանությանը, սա է ձգձգման միակ պատճառը: Շվեյցարական կարիերայիցս իսկապես գոհ եմ, ստեղծագործություններս հնչել են այնպիսի կոլեկտիվների մեկնաբանմամբ, ինչպիսիք են Collegium novum Zurich, Aeguatuor եւ այլն: Ունեմ գործեր, որոնք տեղ են գտել տարբեր անսամբլների թողարկած CD-ներում,- հայտնեց կոմպոզիտորն ու հավելեց,- ոչ միայն ստեղծագործողներ, այլեւ ինչ-ինչ պատճառներով ժամանակին Եվրոպայում բնակություն հաստատած հայաստանցիներ այսօր ոգեւորություն են ապրում՝ կապված վերջին իրադարձությունների հետ: Նրանք մտածում են արդեն օր առաջ հայրենիք վերադառնալու մասին, ախր, եկեք չմեղադրենք Եվրոպայում հայտնված մեր համերկրացիներին: Եղել են տարիներ, երբ աշխատանք չունենալուց հուսալքված՝ մեկնել են…»: Ռեպլիկին՝ այնպես չէ, որ այսօր արդեն միլիոններ ենք ստանում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Եթե Շվեյցարիայում ստանում ենք իքս գումար, որից հանում ենք տան վարձը, կոմունալ վճարումները… ստացվում է նույն հայաստանյան պատկերը, պարզապես պետք է եվրոպացիներից սովորենք խնայողաբար ու խելացի տնօրինել ֆինանսը»:

Հետաքրքրությանը՝ ի՞նչն էր Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, ճանաչված կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանի դասարանում ուսումը կիսատ թողնելու պատճառը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Երեւանում ուսանել եմ նաեւ ֆլեյտայի դասարանում՝ պրոֆեսոր Եվգենի Նոնինյանի ղեկավարությամբ: Եթե չունենայի մեր կոնսերվատորիայում ստացած գիտելիքների բազան, հավատացեք, դժվար կլիներ Ժնեւի երաժշտական բարձրագույն դպրոց ընդունվելը նույնիսկ: Տեղափոխվեցի Շվեյցարիա, որովհետեւ իմ ոճը՝ իբրեւ ստեղծագործող, «ձգտում» էր արեւմտաեվրոպական արվեստ եւ անհրաժեշտ էր տեխնիկական վարպետությանը զուգահեռ ձեռք բերել մի միջավայր, որտեղ անընդհատ կհնչեր այդ ժամանակակից երաժշտություն կոչվածը»:

Անդրադառնալով «Ասոնանս» կամերային անսամբլի կայանալիք առաջին համերգին, կոմպոզիտորը փաստեց, որ անսամբլի 8 երաժշտից կան արտիստներ, ովքեր արդեն վերադարձել են հայրենիք, օրինակ՝ ֆլեյտահար Նարեկ Ավագյանը՝ Շվեյցարիայից, ջութակահար Անի Կարապետյանը՝ Մեծ Բրիտանիայից:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ Կաննում պարզ է դարձել, որ Քվենտին Տարանտինոն այսօր ապրող կարևորագույն ռեժիսորներից է Մհեր Արշակյան. Բանաստեղծություններ Ռաֆայել Նահապետյան. Փախուստ Մաքրիր ինձ խղճմտանքիցս, Տե՛ր Ազնավուրի 95-ամյակին ընդառաջ Փարիզում հուշատախտակ է բացվել մեծանուն շանսոնյեի պատվին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԱՄԷ-ում հանդես եկավ հանդուրժողականության մասին բանախոսությամբ Պրեմիերա՝ օպերայի և բալետի թատրոնում Ալեն Դելոնը ստացել է պատվավոր «Ոսկե արմավենի» Մեղավորի հոգին Պարույր Սևակ «Մարդ էլ կա, մարդ էլ» Հայերը պահպանել են աշխարհի ամենափոքր աղոթագիրքը Երաժիշտները նվագել են սառույցից պատրաստված գործիքներով «Մահն ու կյանքը լեզվի վրա են» Լատվիայում ՀՀ դեսպանը հաղորդում է բացառիկ միջոցառման մասին Հայ երիտասարդ ռեժիսորները՝ Քիշինևում «Զվարթնոց»-ում կբացվի «Ճանապարհ դեպի տաճար» ցուցահանդես«Զվարթնոց»-ում կբացվի «Ճանապարհ դեպի տաճար» ցուցահանդես Սերրգեյ Սարինյան Բրիտանացին 293 դոլարով կտավ է գնել ու պարզել, որ այն Պիկասոյի՝ 1 մլն դոլարանոց աշխատանքներից է Դանիէլ Վարուժան. Մայիսի մէկ Եղիշե Չարենց «Զարմանալի աշուն» Սրբազան Պարտաճանաչությունը Երևանի համայնքային թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ծրագրին Հայերենացրեք հայերենը Համո Սահյան, բանաստեղծություններ և ասույթներ «Արցախի նման կարգավիճակ ունեցող երկրներն աշխարհին ասելիք ունեն մշակույթով» Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց Շոպենի և Բորոդինի ստեղծագործություններից Արման Նավասարդյանը կմասնակցի Համազգային թատրոնի տնօրենի մրցույթին Մահացած որևէ մեկի հիշատակի համար ձեր մարմնի վրա դաջվածքներ մի արեք «Եթե հայ մարդուն մի քար և մի մուրճ տաս, անպայման մի խաչքար կտաշի, որովհետև հայի մեջ դարավոր մշակույթ է նստած» Էմին Թորոսյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Գուրգեն Մահարի․ Բալլադ Չալոյի և առաջին սիրո մասին
website by Sargssyan